Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գործիչներն ըստ իրենց աշխատաոճի եւ գործելաձեւի կարծես հետեւում են որոշակի խաղի կանոնների:

Հուլիս 14,2001 00:00

ԳԱՀԱՎԻԺՈՒՄ Քաղաքական գործիչներն ըստ իրենց աշխատաոճի եւ գործելաձեւի կարծես հետեւում են որոշակի խաղի կանոնների: Լեւոն Տեր-Պետրոսյանին նմանեցնում էին շախմատ խաղացողի հետ, Պ. Հայրիկյանը ավելի նման է նարդի խաղացողի (զառ է՝ մեկ էլ տեսար բերեց), Ա. Սադոյանին, անշուշտ, կնմանեցնեն «զոռոցի» խաղացողի հետ, Ռ. Քոչարյանը խաղի կանոն չի սիրում, նրա համար ավելի բնորոշ է՝ «բակլան իմն է՝ խաշած եմ ցանում» սկզբունքը: Վազգեն Մանուկյանի գործելաձեւն այս դեպքում, անշուշտ, թղթախաղ է հիշեցնում: Ինչպես դժվար չէ տեսնել՝ մի դեպքում խելք է պետք, մի դեպքում՝ բախտ, մի դեպքում՝ ուժ (կոկորդի)… Թղթախաղի համար, կարծեմ, մի քիչ խելք է պետք, մի քիչ բախտ, բայց ամենից առաջ, որպես նախապայման, պետք է ավանտյուրիզմ: Ի սկզբանէ էր համոզմունքը Վ. Մանուկյանն ի սկզբանե համոզված է եղել, որ ինքն առանձնաշնորհյալ է եւ երկրի ու ազգի ղեկավար դառնալու առաքելություն ունի: Ե՞րբ է ձեւավորվել այդ համոզմունքը, դժվար է ասել: Համենայնդեպս, մի առիթով նրա ասած խոսքից, թե՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանին ես բերեցի «Ղարաբաղ» կոմիտե ոչ թե նրա համար, որ նա հանրապետության նախագահ դառնա», կարելի է ենթադրել, որ 1988թ. մայիսին այդ համոզմունքն արդեն ուներ: Ունեցել է նաեւ մի այլ համոզմունք, որ՝ նպատակին հասնելու համար ընդունելի են բոլոր մեթոդները: Վազգեն Մանուկյանի համոզմունքներից է եղել նաեւ այն, որ խորհրդավոր լռությամբ կարող է բարձրացնել սեփական վարկանիշը: Խորհրդարանում նրա ներկայությունը փաստորեն չի զգացվել: Մինչդեռ շատ ակտիվ են եղել ԱԺՄ-ի մյուս անդամները: Բայց երբեմն-երբեմն «ներկա» է ասել որեւէ ելույթով: Կամ վախեցել է երկար լռությամբ մոռացության մատնվել, կամ «հաշվարկել» եւ որոշել է խոսելու կամ գործելու ճիշտ պահը: Վերջերս Վ. Մանուկյանը իր ներկայությունն արձանագրող երկու քայլ արեց. ստանձնեց «ԱրմենՏելի» հարցով ստեղծված խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարությունը եւ հանդես եկավ ընդարձակ մի հարցազրույցով («Առավոտ», 09. 06.01): Վ. Մանուկյանն իրեն միշտ մարզիչ է համարել եւ համոզված եղել, որ իր «բարձրորակ խաղացողների» սխալները եւ վրիպումները հասարակական գիտակցության մեջ իրեն չեն առնչվելու, այլ սխալը գործողին, բայց իր հաշվարկներում հաճախ է սխալվել: Այս կերպ վարվելով՝ նա ժամանակին սխալվեց՝ համոզված լինելով, թե «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ելույթներից ու գործունեությունից ստացված դրական վարկանիշն իրենն են՝ որպես, իր իսկ բնորոշմամբ, այդ կոմիտեի «կոորդինատոր եւ գաղափարախոս»: Սխալ էր հաշվարկել նաեւ, որ քաղաքական դաշտում իր կենտրոնական խաղացողներ Ա. Սադոյանի եւ Շ. Քոչարյանի բերած միավորներն իր հաշվին են գրանցվելու: Վերջիններս վերցրին իրենց միավորները եւ ԱԺՄ-ն նախ երկատեցին, ապա եռատեցին: Ունեցել է պահի ընտրության այլ կոպիտ սխալներ: Վերջիններից մեկը՝ ներքաղաքական զարգացումների միտումը գնահատելով՝ Ռ. Քոչարյանի հրաժարականի մասին սկսեց խոսել: Քիչ անց, «իրավիճակի փոփոխության» պատճառով, այդ մասին ընդհանրապես լռեց: «Համաշխարհային ազգ» խաղաթուղթը Վ. Մանուկյանը, անշուշտ, անակնկալի եկավ 1990-ին, երբ պարզվեց, որ ինքը որպես Շարժման կողմից Գերագույն խորհրդի նախագահի թեկնածու շատ հեռու է Լ. Տեր-Պետրոսյանին այլընտրանք լինելուց: Ստանձնեց վարչապետի պաշտոնը, բայց չհամակերպվեց կատարվածի հետ: Որպես մարտավարական քայլ նախ պահանջեց եւ խորհրդարանից ստացավ լրացուցիչ լիազորություններ՝ փորձելով որքան հնարավոր է մեծ իշխանություն ունենալ ձեռքում՝ հետագայում իր հիմնական խնդիրը լուծելու համար: Ավելի հատկանշական էր մյուս՝ ռազմավարական բնույթի քայլը՝ հենված ժողովրդի ավանդական հոգեբանության թույլ կողմերից մեկի շահարկման վրա: Դարեր շարունակ պետականությունից զուրկ եւ ուրիշի լծի տակ ապրած ժողովրդին հատուկ է լինում ինքնավստահության պակասի եւ անլիարժեքության կոմպլեքս: Միաժամանակ, դրան որպես հակակշիռ եւ դրա դեմ պայքարելու միջոց նրա հոգեբանության մեջ առաջանում է նաեւ բացառիկ լինելու երազանք: Երկուսն էլ նույնչափ վտանգավոր են եւ կործանարար ամեն մի ժողովրդի համար: Երկրորդը սակայն ինքնասիրություն է շոյում, եւ Վ. Մանուկյանը նույն 1990 թ. վերջին առաջ քաշեց «համաշխարհային ազգի» իր տեսությունը, որի վրա հետո կառուցեց ԱԺՄ-ն: Սա տրամագծորեն հակառակ էր ՀՀՇ-ի սկզբունքներին, ուստի առաջինը նրան ջերմորեն ողջունեց ՀՅԴ-ն: 1991-ին Վ. Մանուկյանը չդիմացավ գայթակղությանը եւ առաջադրեց իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, այն դեպքում, երբ իր կուսակցությունը (առայժմ նա ՀՀՇ-ի մեջ էր) ուներ իր անսակարկելի թեկնածուն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Անխուսափելի պարտությունից խույս տալու համար հանեց իր թեկնածությունը, հրաժարվեց նաեւ վարչապետի պաշտոնից: Իր կողմնակիցներով ձեռնարկեց ԱԺՄ-ի ստեղծմանը, իր շուրջը ընդդիմության համախմբմանը եւ հաջորդ ընտրություններին նախապատրաստվելուն: Քաղաքական կուլմինացիա եւ գահավիժում «Ես շատ մեծ քաղաքական կապիտալ ունեի Շարժման ժամանակ, երբ «Ղարաբաղ» կոմիտեի համակարգողն էի»,- ասում է Վ. Մանուկյանը: Քաղաքական կապիտալ նա իրոք ուներ, բայց այդ «շատ մեծ»-ով էլ նա որոշակիորեն հետ էր մնում Աշոտ Մանուչարյանից, Վանո Սիրադեղյանից, այդ ժամանակ՝ գուցե նույնիսկ Խ. Ստամբոլցյանից: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին նա զիջում էր ակնհայտորեն եւ էականորեն: Վերջինս անգամ իշխանության առաջին դժվարագույն տարուց հետո եւ առանց նախընտրական պայքարի մեջ մտնելու, 84% ձայն հավաքեց եւ դարձավ հանրապետության նախագահ: «Երբ հրաժարական տվեցի վարչապետի պաշտոնից՝ Վազգեն Սարգսյանը «Գարունի» խմբագրությունում ասաց, թե Վ. Մանուկյանը կորած է քաղաքականության համար: Մեկ տարի հետո ինքը հեռացավ, ես դարձա պաշտպանության նախարար: 1994թ. հանրահավաքների շրջանում նույնը հայտարարեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը»: Վ. Մանուկյանը կարծես թե կեղծում է: Վ. Սարգսյանը հազիվ թե 1991-ին նման բան ասեր: Համենայնդեպս, գեղեցիկ չէ նման վերագրումներ անել մահացած մարդուն՝ հղելով բանավոր ինչ172որ զրույց, ինչ172որ խմբագրությունում: Որքան հիշում եմ՝ 1996թ. սեպտեմբերի 25-ի հայտնի ավանտյուրայից հետո էր, որ ե՛ւ Վ. Սարգսյանը, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեցին, որ իր այդ քայլով Վ. Մանուկյանը քաղաքական դիակ դարձավ: Եվ նրանք չսխալվեցին: Նախագահական ընտրություններում 41% ձայն հավաքած թեկնածուն ընդամենը 1,5 տարի անց հավաքեց միայն 13%, իսկ եւս մեկ տարի հետո՝ նրա ղեկավարած կուսակցությունը՝ 4,5% (եւս 1% ԱԺՄ-ին նվիրեց նույն Վ. Սարգսյանը՝ 5% հաղթահարելու համար): Վերջին տարիներին քաղաքական գործիչների վարկանիշը պարզող վիճակագրական հարցախույզներում Վ. Մանուկյանի անունը բացակայում է ոչ միայն առաջին, այլեւ երկրորդ տասնյակում: Իսկ Ա. Սադոյանի եւ Շ. Քոչարյանի գլխավորությամբ յուրաքանչյուրն իր մասով ԱԺՄ-ից հեռանալը վկայում է, որ վերջիններս եւ կազմակերպության զգալի մի մասը ոչ միայն որեւէ հույս չեն կապում Վ. Մանուկյանի վերակենդանացման հետ, այլեւ համարում են, որ նրա քաղաքական դիակը սկսել է իրենց որոշակիորեն խանգարել: Այնպես որ՝ նույն հարցազրույցում (եւ ամեն առիթով) Վ. Մանուկյանի կրկնած այն միտքը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը 1996-ին իրեն պարտվել է, մնում է որպես … սրտի մխիթարանք: Վազգեն – (հանձնաժողովի) նախագահ Ինչպե՞ս պատահեց, որ տասը տարուց ի վեր առնվազն հանրապետության նախագահի, իսկ ընդհանրապես՝ համաշխարհային ազգ կերտողի եւ դրա առաջնորդը լինելու հավակնություն ունեցող Վ. Մանուկյանը հանկարծ ցանկություն հայտնեց գլխավորել խորհրդարանական մի շարքային ժամանակավոր հանձնաժողով: Կամ՝ ինչո՞ւ նա այդ ցանկությունը չհայտնեց շատ ավելի մեծ հնչեղություն ունեցող էներգետիկ կամ հոկտեմբերի 27-ի հանձնաժողովների դեպքում: Գուցե նրա ամբիցիաները տեղի՞ տվեցին կապված այն բանի հետ, որ այդպես էլ գաճաճ մնացած ԱԺՄ-ն բաժան-բաժան եղավ, եւ այժմ ինքն առնվազն երեք անգամ ավելի փոքր քաղաքական ուժի ղեկավար է, ուստիեւ գիտակցեց իր տեղը: Բայց այդ դեպքում Վ. Մանուկյանը նման չէր լինի ինքն իրեն: Նրան լավ իմացողները չպետք է կասկածեն, որ հանձնաժողովի նախագահ դառնալը առնվազն ծրագրված բազմաքայլ կոմբինացիայի առաջին քայլ կարող է լինել: Ակնհայտ է նաեւ, որ այդ կոմբինացիան նախընտրական է, նախապատրաստություն է առաջիկա ընտրաշրջանին (մնացել է մոտ 1,5 տարի): Վերոհիշյալ հարցազրույցում արտահայտած կարեւոր մի միտք օգնում է բացահայտել կատարված քայլի իմաստը: Իշխանության հասնելու պայքարի ձեւերի եւ մեթոդների հարցում Վ. Մանուկյանը նոր եզրակացությունների է հանգել. «ԱԺՄ-ն իսկապես շատ սուր ընդդիմություն էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ», սակայն՝ «երկու անգամ նույն ճանապարհով գնալը, երբ առաջին անգամ այն շոշափելի արդյունք չի տվել՝ հիմարություն կլինի», – արձանագրում է նա: Իսկ «սուր ընդդիմություն» լինելը եւ այն ժամանակվա պայքարի մեթոդները հայտնի է, թե որոնք էին. – Իշխանության անողոք քննադատություն՝ զանգվածային լրատվության միջոցների, այդ թվում նաեւ պետական, ազատ եւ փաստորեն անսահմանափակ օգտագործումով: Ցանկացած ժամանակ եւ ցանկացած տեղում հանրահավաքներ, երթեր, ցույցեր: Այդպիսի հնարավորություն նրան այսօր ոչ մեկը չի տա: – «Սուր ընդդիմություն» նշանակում էր իշխանության ցանկացած քայլի անպատիժ խոչընդոտում, զրպարտություններ, հայհոյանքներ, հերյուրանքներ, սպառնալիքներ, արկածախնդրական քաղաքական պահանջներ (ինչպես օրինակ՝ Ղարաբաղի անկախության ճանաչում, ազատագրական պատերազմի հռչակում եւ այլն), անիրականանալի խոստումներ, մասսայական փսիխոզի հրահրում: Այսօրվա վարչախումբը դա չի հանդուրժի, իսկ որեւէ մեկն էլ Վ. Մանուկյանին չի հավատա: – 1996-ի նախընտրական շրջանում դրածո թեկնածուների շնորհիվ նա կարողացավ իր հիմնական հակառակորդի նկատմամբ ապահովել նախընտրական քարոզչության 4-5 անգամ ավելի մեծ ծավալ: Այսօր ոչ մեկը չի համաձայնի եւ չի համարձակվի նրա համար դառնալ դրածո թեկնածու: – 1996-ին նրան հաջողվեց իր շուրջը համախմբել փաստորեն ողջ քաղաքական ընդդիմությունը: Այսօր դա հնարավոր չէ, թեկուզ այն պատճառով, որ քաղաքական ընդդիմությունը փաստորեն ոչնչացված է կամ վաղուց արդեն գնված: – Այն ժամանակ Վ. Մանուկյանը դաշնակցեց օրենքով կասեցված ՀՅԴ-ի հետ՝ իր նախընտրական արշավի համար լայնորեն օգտագործելով վերջինիս ֆինանսական եւ մարդկային ռեսուրսները: Երկրորդ անգամ նույն անձի համար ՀՅԴ-ն այլեւս նման մեծ ծախս չի անի, մանավանդ հիմա փաստական իշխանություն ունի, եւ նրա ոչ թե փող ծախսելու, այլ փող աշխատելու շրջանն է: – 1996-ի սեպտեմբերի 21-ին պտտեցին այն հարյուրավոր ընտրական կարուսելները, որոնցից ամեն մեկը նրան մի քանի հարյուր ձայն էր խոստանում: Ինչո՞ւ նա քվեարկության ավարտից ընդամենը 2 ժամ անց վստահ հայտարարեց, թե ինքը ընտրվել է: Մինչ ընտրական հանձնաժողովները կհաշվեին ձայները, վճարովի կարուսելների «օպերատորների» համար 2 ժամը լրիվ բավարար էր հայտնելու իրենց արդյունքները: Շատերն ըստ երեւույթին խաբել եւ կեղծ թվեր էին հաղորդել (փողի հարց էր): Այս միջոցն էլ այժմ չի աշխատի թեկուզ ֆինանսական եւ «կադրային» պակասի պատճառով: – Պարտության մասին իմանալուց հետո Վ. Մանուկյանը կարող էր մտածել, եւ մտածեց, իշխանությունը բռնի ուժով վերցնելու մասին: Սեպտեմբերի 25-ին նրա նախաձեռնությամբ Ազգային ժողովի շենքը գրոհի ենթարկվեց, քարուքանդ արվեց, օրենսդիր մարմնի ղեկավարները բռնությունների եւ կտտանքների ենթարկվեցին, առեւանգվեցին: Դրանով նա բացեց հոկտեմբերի 27-ի արյունոտ ճանապարհը: Այսօր նրա համար անհասանելի է նաեւ այս ուղին: Ոչ «ժողովուրդ» կգնա նրա հետեւից, իրավապահներն էլ այլլեւս օդ չեն կրակի, իսկ նման մի քայլից հետո էլ ինքն անպատիժ չի ֆռֆռա: Տրամաբանական ավարտ Ահա այս ամենը նկատի ունենալով է, որ Վ. Մանուկյանը իրատեսական որոշում է ընդունել. «Նախկին մեթոդները ոչ ուզում ենք ամբողջությամբ կրկնել, ոչ էլ, ինձ թվում է, այժմ հնարավոր է»: Նկատի ունենալով, թե հատկապես որ խաղի կանոններն են Վ. Մանուկյանին հոգեհարազատ, կարելի է բավականին ստույգ ենթադրել նաեւ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ դառնալու նրա որոշման իմաստը եւ նպատակը: Այն, որպես նախընտրական պայքարի նոր մեթոդի որդեգրմանն ուղղված քայլ, նպատակ ունի ուժեղ խաղաթուղթ ձեռք բերել: «Կռիվն» առաջիկա պայքարում ակնհայտորեն լինելու է ոչ թե «նախկինների», այլ ներկա վարչախմբի հետ: Իսկ վերջինիս հետ պետք է խոսել իր «լեզվով» կամ կռվել իր «զենքով»: Ո՞րն էր այն հզոր զենքը, հրաշք միջոցը, որով, խորհրդարանում նախապես ոչ մի պատգամավոր չունենալով, կարճ ժամանակում այն կարելի էր դարձնել հլու կամակատար, կարելի էր զսպել առաջին հայացքից անզսպելի թվացող ուժերին եւ մարդկանց, արմատապես փոխել նրանց քաղաքական (եւ ոչ միայն քաղաքական) համոզմունքները, օրենսդիր մարմնում որպես երեւույթ վերացնել քաղաքական ընդդիմության հետքն անգամ, կամ այն դարձնել ձեռնասուն, դուրս գալ ամենաանհավատալի ծանր եւ անհուսալի վիճակներից: Եթե այդ միջոցը հեռվից էլ է երեւում, փորձառու Վ. Մանուկյանը չէր կարող դա չնկատել: Անշուշտ, դրանք այն թղթապանակներ են, որոնցում խնամքով հատուկ տեղեկություններ են հավաքվում անհրաժեշտ մարդկանց եւ նրանց գործերի մասին: Նման թղթապանակները սովորաբար գին ունեն (Օստապ Բենդերը, օրինակ, այն վաճառում էր մեկ միլիոնով): Բայց դրանք կարող են նաեւ չվաճառվել, դրանցով կարելի է խաղալ, ճիշտ այնպես, ինչպես թղթախաղում: «ԱրմենՏելի» հարցն այս դեպքում կարծես թե խոստումնալից է: Նախ՝ գործարքի եւ պայմանագրում կատարված անթույլատրելի փոփոխությունների համար ամբողջ պատասխանատվությունը ընկած է Ռ. Քոչարյանի վրա: Երկրորդ՝ նախորդ ստուգումներն այս բնագավառում, որպես նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, իրականացրել է Դ. Վարդանյանը, եւ դրա իրական արդյունքներն առայժմ ԱԺՄ-ի սեփականությունն են (արդյոք դա չօգնե՞ց Դ. Վարդանյանին նախարար դառնալ): Իսկ թե ինչու Վ. Մանուկյանը որոշեց ինքն անձամբ գլխավորել սույն հանձնաժողովը, դա էլ հասկանալի է՝ Ա. Սադոյանից եւ Շ. Քոչարյանից ստացած դասից հետո: ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել