Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրին տիպիկ ահաբեկիչ է, ոչ թե վրիժառու

Հուլիս 14,2001 00:00

«27»-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԻՐՈՂ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԷՐ Նաիրին տիպիկ ահաբեկիչ է, ոչ թե վրիժառու Դեռ 1997թ. հրապարակված ռուս փորձագետ Մարկովի «Ահաբեկչությունը՝ իբրեւ գլոբալ վտանգ եւ համաշխարհային քաղաքականության գործիք» աշխատության մեջ ընդգծված է. «Ահաբեկչությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ հասարակությունը խորը ճգնաժամ է ապրում։ Սպանությունների բարոյական արդարացման համար ընդգծվում են տեռորի նպատակների «խիստ կարեւորությունն» ու «ազնիվ մղումները»։ Ահաբեկչության համար պարարտ հող ստեղծած այդ պայմանները, որպես կանոն, հնարավոր են դարձնում ահաբեկչության իրական շարժառիթների նենգափոխումը, նպաստում ահաբեկչության անհրաժեշտության ու արդարացված լինելու հասարակության լիակատար ըմբռնմանը։ Խոստովանենք՝ այդ արդարացումները ծանոթ են բոլորիս եւ հիշեցնում են 99-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործությունից հետո ժողովրդին ուղղված Հունանյանի կոչերը։ Ու քանի որ ահաբեկչությունն ինտերնացիոնալ երեւույթ է, ուստի պետք չէ զարմանալ, որ ռուս փորձագետը դեռ 97-ին այդքան տիպիկ է բնորոշել հայ ահաբեկիչ Հունանյանի վարքագիծը։ Անշուշտ, թարմ են նախաքննության ու դատաքննության ընթացքում գլխավոր ահաբեկչի այն արդարացումները, թե՝ «Ես մտածում էի, որ հանուն իմ ժողովրդի զարգացման եւ իմ հայրենիքի բարգավաճման կարող եմ, վտանգի ենթարկելով սեփական կյանքս, զենք վերցնել եւ ճնշման միջոցով պահանջել, որ վարչապետը հեռանա քաղաքական ասպարեզից, որպեսզի ազատ մթնոլորտ տիրի երկրում։ Ահա այս միտքը ես ոչ մի կերպ տեռորիստական անվանել չեմ կարող, քանի որ հստակ է, որ առկա է քաղաքական մեծ նպատակ՝ նպաստել քաղաքական ու բարոյահոգեբանական մթնոլորտի լիցքաթափմանն ու քաղաքակիրթ, ժողովրդավար ու ոչ կոռումպացված կառավարության ստեղծմանը»։ Թե ինչ հրաշքներ տեղի ունեցան Հայաստանի տնտեսական, ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտներում, թե ինչպես Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի սպանությունից հետո մեր երկրում արմատախիլ արվեց կոռուպցիան ու այդ ամենը՝ Հունանյանի «ազգափրկիչ» տեռորի արդյունքում՝ բոլորն են ականատես։ Ասել է թե, «27»-ի ոճրագործության իրական պատճառներն այլ էին։ Դա զուտ ներիշխանական պայքարի հետեւանք էր եւ 98-ի պալատական հեղաշրջման տրամաբանական շարունակությունը։ Ահաբեկչությունը գործիք է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ «Ահաբեկչությունն այսօր հզոր զենք է, գործիք, տեխնոլոգիա, որն օգտագործվում է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ դեմ պայքարում, բայց հաճախ հենց ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ կողմից՝ իր նպատակներին հասնելու համար»,- պնդել է Մ.Մարկովը։ Այդ միտքն, ի դեպ, շատ հեշտ կարելի է հիմնավորել հենց «27»-ի օրինակով։ 98-ի նախագահական ընտրություններից առ ժամանակ հետո արդեն հստակ էր, որ ներիշխանական կուլիսներում լուռ, բայց համառ պայքար է գնում մի կողմից Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, մյուս կողմից՝ Վազգեն Սարգսյանի միջեւ։ Այդ պայքարին քաղաքական տեսք տալու համար էր, որ վերջինս հարկ էր համարել ոտք դնել հրապարակային քաղաքականության ոլորտ եւ լինել Հանրապետական կուսակցության եւ ԵԿՄ քաղաքական թեւի միաձուլման կնքահայրը։ Այդ հակասություններն էին պատճառը, որ 99-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վ.Սարգսյանը բանակցություններ սկսեց Կարեն Դեմիրճյանի հետ՝ ընտրություններում միասնական դաշինքով հանդես գալու համար։ «Միասնություն» դաշինքի համոզիչ հաղթանակն այդ ընտրություններում որոշիչ եղավ «27»-ի իրագործման համար։ Դաշինքն ամբողջովին իր ձեռքն էր վերցրել իշխանությունը եւ Քոչարյանին դա, անշուշտ, ձեռնտու չէր։ Նա չէր կարող իր իշխանությունը կիսել հզոր Սարգսյանի եւ ժողովրդականություն վայելող Դեմիրճյանի հետ կամ լինել, այսպես ասած, «կաստիլով նախագահ»։ Քոչարյանի համար, թերեւս, ապտակ էր Սարգսյան-Դեմիրճյան միավորումը։ Ի վերջո, Քոչարյանի նման քինախնդիր մարդը չէր կարող ասեղների վրա չլինել, երբ պետության երկրորդ դեմքը 98-ի իր մրցակիցն էր, որի կասկած չհարուցող հաղթանակն այդ ընտրություններում կեղծվեց հանուն Քոչարյանի եւ Հայաստանում ղարաբաղյան կլանի գոյության ու բարգավաճման։ Ժողովրդի կատարյալ վստահության պայմաններում եւ Սարգսյան-Դեմիրճյան ներդաշնակ ու հստակ տարվող քաղաքականության արդյունքում, Քոչարյանի ոտքերի տակից հողը փախչում էր։ «Միասնությունը» հայտարարել էր ոչ միայն տնտեսական ոլորտում պետության կառավարման դերի բարձրացման, այլեւ բիզնեսի առանձին ոլորտների նկատմամբ՝ մասնավորապես, վառելիքի ներկրման, ապամենաշնորհային քաղաքականություն վարելու անհրաժեշտության, հավասար մրցակցային դաշտ ապահովելու եւ կառավարությանը կից պետական գնումների նոր օղակի ստեղծման մասին։ Այն կոչված էր վերջ դնելու կոնկրետ ոլորտում ղարաբաղյան կլանի մենիշխանությանը։ Բացի այդ, Վ.Սարգսյանը սրընթաց ընթանում էր դեպի 2003-ի նախագահական ընտրությունները։ Պետք էր, թերեւս, անհապաղ կասեցնել այդ վերելքը։ Դա հնարավոր էր անել միայն վարչապետ Սարգսյանին ֆիզիկապես ոչնչացնելու ճանապարհով, բայց, որպեսզի դրանից հետո «Միասնությունը» որեւէ շանս չունենա դիմակայել Քոչարյանին եւ Սարգսյանին, հավանաբար, պետք էր նաեւ, որ չլինի այդ դաշինքը համախմբող միակ մարդը՝ Դեմիրճյանը։ Նման դեպքերում «ժողովրդին», իսկ իրականում՝ Քոչարյան-Սարգսյան տանդեմին Վ.Սարգսյանի «լծից» կարող էր փրկել «ռոմանտիկ» երիտասարդ ու գաղափարական դաշնակ Նաիրին։ Նա ուներ բոլոր հնարավորություններն իր «ազգափրկիչ» գործը հասարակությանը ներկայացնելու եւ կատարված սպանությունները հնարավորինս համոզիչ կերպով արդարացնելու համար։ Հունանյանի այդ ճիգերի ականատեսն ենք նաեւ այսօր՝ դատաքննության փուլում։ Ահաբեկիչը ոչ թե փրկագին, այլ լրագրող է պահանջում «Ահաբեկչությանը մասնակցելն ահաբեկչից պահանջում է ներքին ինքնարդարացում՝ թեկուզ սկզբնական շրջանում։ Խնդիրը՝ ներառել հնարավորին չափ մարդկանց մեծ զանգված, որոնց համար ահաբեկչության նպատակն իբր այնքան բարձր է, որ արդարացնում է ցանկացած միջոց, կամ նրանց, ովքեր միջոցների մեջ ընտրություն չեն կատարում»,- նշել է Մարկովը։ Հիշենք 99-ի «Հոկտեմբերի 27»-ին ԱԺ դահլիճում տեղի ունեցած սպանդից հետո ծավալված իրադարձությունները։ Հունանյանը՝ որպես տիպիկ ահաբեկիչ, նախ հայտարարեց, թե սպանվածները ժողովրդի թալանչիներ են, թե ինքը հասարակությանը փրկել է դրանցից, ու կոչ արեց ժողովրդին՝ գալ ԱԺ։ Միաժամանակ նա նիստերի դահլիճից զանգեց, թերեւս, նրանց, ովքեր «միջոցների մեջ ընտրություն չեն կատարում»։ Իսկ ավելի կոնկրետ՝ ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանին, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին, ինչը կարելի է միանգամայն օրինաչափ համարել։ Հիշեցնենք, որ Հ.Մարգարյանն արդեն մեկ անգամ դատապարտվել էր ահաբեկչության փորձ կատարելու համար։ Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանին, ապա անցանկալի իշխանությունների դեմ պայքարի նույնօրինակ մարտավարություն նա ընտրել էր դեռեւս 96-ին, երբ գաղտնի համարվող փաստաթղթերում սեփական ձեռքով արձանագրում էր՝ «Նկատի ունենալով, որ ժողովրդի մոտ ընկած է հեղափոխական ու մարտական ոգին, հարկավոր է այն բարձրացնել արհեստականորեն, այն է՝ մահափորձեր, պայթեցումներ այս ու այն ուժային հիմնարկությունների վարչատներում աննկատ մտնելով։ Դա դժվարին, բայց հնարավոր եւ արդյունավետ կլինի թատերական հրապարակում մեծ բազմություն հավաքելու առումով։ Կատարվի այնպիսի վարպետությամբ, որ նրանց ներսում կասկածներ առաջացնի միմյանց վրա»։ Կասկած չի հարուցում այն փաստը, որ Նաիրին հենց այդօրինակ գաղափարախոսության ծնունդ է ու, պատահական չէ, որ նա օգնություն է հայցել հենց իր գաղափարական հայրերից։ Հիշենք «27»-ից հետո որոշ քաղաքական գործիչների պահվածքը, որոնք մինչեւ այսօր էլ փորձում են հասարակությանը համոզել, որ Հունանյանի խմբի թիկունքում ոչ ոք չկա, որ սպանությունները ընդամենը «ռոմանտիկ» երիտասարդների խորտակված անուրջների արդյունքն է։ Այդ փաստարկներն, իհարկե, համոզիչ չեն, առավել եւս, եթե հիշենք այդ գործիչների՝ կատարված ահաբեկչությունից իրենց գոհունակությունը թաքցնելու անհաջող փորձերը։ Ահաբեկչությունը նաեւ սպասարկող ԶԼՄ-ներ ունի Արդի ահաբեկչությունն էլի մեկ յուրահատկություն ունի։ Դա ԶԼՄ-ների դիրքորոշումն է։ Ահաբեկչությունը շատ հեշտ ընկալելի կարելի է դարձնել հենց զանգվածային լրատվամիջոցների օժանդակությամբ։ Մարկովը նկատել է, թե ահաբեկչական ակտից հետո ահաբեկչի «ազնիվ մղումները» ժողովրդին հասցնելու հարցում աննկարագրելի մեծ դեր ունեն հատկապես լրատվամիջոցները։ «Ահաբեկչության գլխավոր պայմանը նրանց բուռն արձագանքն է։ Ժամանակակից ահաբեկչությունը ճակատամարտի դաշտ է ընտրում հեռուստաէկրանը, եւ պատահական չէ, որ ահաբեկչական ակտից հետո ահաբեկիչներն առաջին հերթին պահանջում են ոչ թե փրկագին, այլ՝ լրագրողների՝ հասարակությանը դիմելու համար։ Դրա նպատակը հասարակության վրա ազդելն է»։ Այդպես էր 27-ի սպանդից հետո, երբ Հունանյանը ԱԺ դահլիճից ազատ արձակված լրագրողների հանդեպ «անափ գթասրտություն» ցուցաբերելուց հետո նրանց հրավիրեց նիստերի դահլիճ, հետո հեռախոսով հարցազրույցներ տվեց ու վերջապես ուղիղ եթերով ժողովրդին դիմելու պահանջ ներկայացրեց։ Շոկի մեջ գտնվող հասարակության աչքի առաջ նախագահ Քոչարյանը «զինաթափվեց» «ամենակարող» ահաբեկչի առաջ։ Նա հարգեց իր հետ հանդիպելու ահաբեկչի խնդրանքը, հետո իր աշխատակազմի ղեկավար Ալ.Հարությունյանի հետ օգնեց, որ Հունանյանի՝ ժողովրդին ուղղված կոչը պատշաճ ձեւով ներկայացվի հանրությանը։ Դա պետք էր ահաբեկչի կերպարն՝ իբրեւ «ժողովրդական վրիժառու» ամբողջացնելու համար։ Մարկովը վստահեցնում է, որ՝ «Ահաբեկչությանը սպասարկող ԶԼՄ-ները՝ ահաբեկչությանն առնչվող իրենց նյութերի ու ռեպորտաժների համար «գործող դեմքերի» մանրակրկիտ ու նպատակաուղղված ընտրություն են կատարում՝ ելնելով ահաբեկչի շահերից»։ Վստահ ենք, որ «27»-ից հետո մեզնից յուրաքանչյուրն անմիջապես կթվարկի Հայաստանում ահաբեկչությանը սպասարկող կուսակցական եւ իշխանական այն քարոզչամիջոցները, որոնք փորձում են շատ նրբորեն արդարացնել «27»-ի ոճրագործությունը։ Նրանք, ահաբեկչի փաստաբանի դեր ստանձնած, ջանում են բացատրել ոչ միայն կատարված ահաբեկչության «ժողովրդասիրաց» նպատակը, այլեւ այն հոգեվիճակը, որում եղել է ահաբեկիչը մինչեւ ահաբեկչությունը, դրա իրագործման ընթացքում։ Ավելին, հստակ է, որ նրանք ջանադրաբար փորձում են Նաիրիի համար հերոսի իմիջ կերտել։ Դա իր արտահայտությունն է գտնում շատ կոնկրետ դեպքերում, երբ վերջիններս «27»-ի ահաբեկչությունը բացատրում են ոչ թե երկրում տիրող ահաբեկչության մթնոլորտի, նախորդ սպանությունների չբացահայտման, սպանությունները ինքնասպանության անվան տակ «բացահայտելու» արատավոր գործելաոճով, այլ՝ նախկիններին չդատապարտելու հանգամանքով, համոզելով, թե իբր նման պայմաններում օրինաչափ էր Նաիրիի հայտնությունը։ Ընդ որում, այդ ամենը զուգորդվում է զոհվածների հետեւողական վարկաբեկմամբ։ Նման մարտավարությունը որոշակի բացատրություն ունի։ Բանն այն է, որ ահաբեկչությանը սպասարկող ուժերը վստահ են, որ ժողովուրդը, «նախկինների» անունը լսելով, անպայման տեղի է տալու, ըստ էության, ահաբեկչությունն արդարացնող քարոզարշավին։ Զոմբիացում՝ կոնսպիրատիվ պայմաններում «Ամենաբարձր նպատակների» անվան տակ ահաբեկչություն կատարելու համար հավաքագրվում են երիտասարդներ, ովքեր՝ մտավոր կամ բարոյապես հասուն չլինելու պատճառով, հեշտությամբ կուլ են տալիս ահաբեկչության գաղափարախոսների արմատական ազգային, սոցիալական կամ կրոնական գաղափարների ու դրանց կրող սեկտաների խայծը»։ Արդյո՞ք իբրեւ գաղափարական ահաբեկիչ Հունանյանն իր մկրտությունը չէր ստացել ՀՅԴ-ում եւ Սկաուտական շարժման անդամ եղած ժամանակ։ Եվ արդյո՞ք իրականում զազրախոսություն են ՀՅԴ-ի, կամ Սկաուտների անվան տակ ահաբեկչական խմբավորումների գոյության մասին պնդումները։ Մարկովն, օրինակ, պնդում է, որ՝ «Կոնսպիրատիվ պայմաններում եւ ահաբեկչական գործողությունների ինտենսիվ վարժանքների պայմաններում երկար մնալը ահաբեկչին ենթարկում է նաեւ հատուկ տեխնոլոգիաների հոգեբանական մշակման (զոմբիացման), որը հատուկ մթնոլորտ ու միջավայր է ծնում։ Դա շատ նման է կրիմինալ միջավայրին, ուր հավաքված են առանձնահատուկ տիպի գիտակցությամբ մարդիկ»։ Իսկ ինչպիսի՞ն էին այն պայմանները, որտեղ շարժման տարիներին կոփվում էր Հունանյանը՝ իբրեւ գաղափարական մարտիկ՝ ՀՅԴ-ում եւ Սկաուտական շարժման ակունքներում, հետո՝ ԱԱՆ ուշադրության կենտրոնում։ Նկատենք, որ հիշյալ կազմակերպություններն իրենց փակ համակարգով ու բնույթով արդեն «կոնսպիրատիվ» են։ Չի կարելի բացառել, որ Հունանյանը որպես գաղափարական-զոմբի ահաբեկիչ հենց այդ համակարգերի ծնունդն է։ Ի վերջո, հիշենք, որ գաղափարական դաշնակ Նաիրին մտածում է ճիշտ այնպես, ինչպես գրեթե բոլոր դաշնակներն ու մասնավորապես Էդվարդ Հովհաննիսյանը. «Եթե ամեն մի ահաբեկչություն համարենք սխալ, ես էլ կասեի՝ Թեհլերյանը սպանեց Թալեաթին։ Դա լա՞վ էր, թե՞ վատ։ Գերմանիայում Ֆոն Շտրոֆենբերգը Հիտլերի տակ ռումբ դրեց, հիմա ազգային հերոս է։ Ուրեմն եթե քաղաքական գնահատականը չտրվի («27»-ի մասին է), չենք կարող ասել՝ լա՞վ եղավ, թե՞ վատ»։ Սա այն գաղափարախոսությունն է, ինչ քողարկված, բայցեւ հետեւողականորեն քարոզում են իշխանությունները։ Ահաբեկչության թիկունքին իշխանությունն է «Ահաբեկչությունն ամենեւին էլ ահաբեկչություն ծնող եւ սերմանող կազմակերպությունների նպատակը չէ։ Դա ընդամենը գործիք է, որն օգտագործվում է «անհրաժեշտության պահին»։ Դրա կիրառողները նրանք են, ովքեր կանգնած են այդ ամենի՝ ահաբեկչության թիկունքում՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»։ Ցավոք, այսօր իշխանություններն ու նրանց սպասարկող օղակները՝ իրենց գաղափարախոսությամբ պարարտ հող են ստեղծել ահաբեկչության ծավալման համար։ Խոստովանենք, որ այն, դժբախտաբար, մեր հասարակության ներսում նաեւ որոշակի պահանջարկ ունի։ Բայց վա՛յ այն հասարակությանը, որը հանդուրժելու է Հայաստանում ահաբեկչական մթնոլորտի ձեւավորումը՝ ինքն իրեն դատապարտելով չգոյության։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել