Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական ծառայողի մասին օրինագծի հետ կապված վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ շարունակվ

Հուլիս 14,2001 00:00

Վերջ կլինի՞, արդյոք, այս ողբերգական դիմակահանդեսին Քաղաքացիական ծառայողի մասին օրինագծի հետ կապված վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ շարունակվում է ՀԺԿ-ին հասցվող ռազմավարական հարվածների «գործընթացը»։ Այս անգամ արդեն հարվածը հասցվեց կուսակցության սեփական «հնգյակի» միջոցով։ Նորից ու նորից նույն հարցն է մտատանջում բարի կամքի մարդկանց՝ ո՞ւմ է ձեռնտու եւ ո՞վ է հորդորում այս ամենը իր անտեսանելի ու կախարդական չարամտությամբ։ Եթե առաջին «հնգյակի» ոճրագործության հետ կապված քրեական գործ էր հարուցվել եւ դատավարություն է գնում, անկախ նրանից, թե կբացահայտվե՞ն, արդյոք, հանցագործության գաղափարակիրները, ապա այս նոր «հնգյակի» վարքագիծը պարզաբանելու համար նման դատավարություն, անշուշտ, տեղի չի ունենա, արարքը քրեականի սահմաններում չի տեղավորվում։ Այս դեպքում, բնականաբար, հարցերի պատասխանները կարող են նշմարվել անշահախնդիր վերլուծումների հիման վրա, որոնք, չնայած ապահովագրված չեն լինի սուբյեկտիվության ազդեցությունից, բայց, այնուամենայնիվ, առիթ կտան մտորումների։ Եվ այսպես՝ ինչպե՞ս կարելի է բացատրել եւ գնահատել, մասնավորապես, ՀԺԿ-ի երկրորդ դեմք հանդիսացող Գագիկ Ասլանյանի վարքագիծը, երբ վերջինս, հակառակ իր իսկ կուսակցության ղեկավարության որոշման, ոչ միայն կողմ քվեարկեց օրինագծին, այլ ի տարբերություն «հնգյակի» մյուս անդամների, այդ քայլը նաեւ «հիմնավորեց» ելույթով, դրանով իսկ, փաստորեն, ուղղություն տալով այլոց՝ հետեւել իր օրինակին։ Իսկ երբ պատգամավորներից ոմանք տեղերից բարձրաձայն առարկեցին, պատասխանեց, թե իր «անձնական կարծիքից» է ելնում։ Հարց է ծագում՝ որքանո՞վ է իրավական, իսկ կուսակցության անդամի համար՝ կանոնադրական՝ նման վարքագիծը մի անձի համար, որը կուսակցության ցուցակով, այլ ոչ սեփական ընտրակազմի (էլեկտորատի) շնորհիվ է հայտնվել խորհրդարանում հենց այն նպատակով ու պայմանով, որ միշտ պաշտպանի ու հավատարիմ մնա իր կուսակցության կողմից տարվող գաղափարական գծին՝ այս կամ այն հարցերի խորհրդարանական քննարկումների ժամանակ։ Պարզ չէ՞, որ նման ճանապարհով խորհրդարանում հայտնվածը իրավունք չունի կուսակցության ղեկավարության կողմից ընդունված գծին դեմ կանգնել՝ արդարացնելով նման հակագործունեությունը, իբր «սեփական կարծիքից» ելնելով։ Նման կարգավիճակում «սեփական կարծիքը» կարելի կլիներ արտահայտել, ծայրահեղ դեպքում, տանը կամ նեղ ընկերական շրջապատում, բայց ոչ խորհրդարանում որոշում ընդունելիս, այն էլ այն դեպքում, երբ, կրկնում եմ, այդ որոշման վերաբերյալ նախօրոք քննարկումներ են եղել կուսակցության ղեկավարությունում եւ ընդունվել է կուսակցության գիծը։ Չափազանցություն չի լինի, եթե նման վարքագիծը առկա հարաբերակցությունների պայմաններում բնութագրել կուսակցության նկատմամբ կատարած դավաճանության համարժեք։ Մյուս կողմից, որքանո՞վ է բարոյական Գագիկ Ասլանյանի նման վարքագիծը, երբ հանրահայտ է, որ վերջինս հայտնվեց ՀԺԿ-ի կողմից առաջադրված պատգամավորների թեկնածուների ցուցակում՝ ի շնորհիվ երջանկահիշատակ Միքայել Քոթանյանի հովանավորության, որը մի անգամ չէ, որ սատարել է նրան բարեգործություններով իր կենդանության ժամանակ։ Առաջին «հնգյակի» եւ նրանց գաղափարակիրների կողմից կատարված ոճրագործության նահատակ դարձած այս առաքինի մարդու, ՀԺԿ-ի հիմնադիրներից գոնե մեկի, այն էլ սեփական անձի հովանավորի արյան հիշատակը պիտի որ արգելք հանդիսանար Գագիկ Ասլանյանի համար՝ կուսակցության ղեկավարության, նրա գաղափարների շահերի դեմ քայլ կատարելիս։ Բայց, ավաղ, «սեփական կարծիքը» գերիշխեց։ Եկեք անկեղծ լինենք, գերիշխեց ոչ թե «սեփական կարծիքը», այլ, ավելի ճիշտ, սեփական կաշին։ Պետք չէ փարիսեցիությամբ զբաղվել, ժամանակն է ազատվել դիմակներից եւ մեկընդմիշտ հասկանալ, որ շրջապատը ավելի հիմար չէ, քան սեփական անձդ։ Միամտություն կլիներ կարծել, թե Գագիկ Ասլանյանը հեռու գնացող եւ խոր արմատավորված ծրագրեր չի ունեցել դիմելով այս՝ առաջին հայացքից պատահական, «սեփական կարծիքով» թելադրված քայլին։ Այս քայլի ծրագրային արդյունքները հավանաբար հանդես կգան մոտ ապագայում, արդեն սկսված խաղի «էնդշպիլում», իհարկե, եթե քայլերի հետագա փոխհաջորդականությունների մեջ իր համար չկանխագուշակված իրադրություններ չստեղծվեն։ Կապրենք՝ կտեսնենք։ Ցավալի է, որ ժամանակը հուսախաբության նորանոր առիթներ է ի հայտ բերում։ ՍԵՎԱԿ ԱՅՎԱԶՅԱՆ Տնտ. գիտ. թեկնածու, թոշակառու Հ. Գ. «Չկա չարիք՝ առանց բարիքի»։ Ժամանակը, չնայած դաժանորեն, բայց արդարացի կերպով ի հայտ է բերում Կարեն Դեմիրճյանի խարեիզմատիկ անձի շնորհիվ խորհրդարան ներխուժած նրա որոշ «համախոհներին», որոնցից օր առաջ մաքրվելը միայն նոր լիցք կհաղորդի ՀԺԿ-ին եւ նրա հեղինակության ամրապնդմանը։ Ի դեպ, չի բացառված, որ օրենքի, այնուամենայնիվ, ընդունման դեպքում, վարչապետը ներկայացնի նախագահին Գ. Ասլանյանի թեկնածությունը, որպես կադրային հանձնաժողովի անդամ կամ, ինչու չէ, որպես նախագահ։ Ինչպես ասում են՝ «սատանան ի՞նչ կատակ ասես, որ չի անի»…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել