Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբ

Հուլիս 14,2001 00:00

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԱՌԱՍՊԵԼ ԴԱՐՁԱՎ Երբ տարիներ առաջ Գեւորիկը կանգնում էր ՀՀՇ-ի դռան դիմաց եւ ապառնի նախարարները ժլատ չէին, նա տակավին ոչ խոստումնալից պատանի էր, սակայն իր նոր կառուցվող երկրի նման՝ մեծ ապագայով… Բնության անկատարությունը տեխնիկայի տան պատերի շուրջ, թերեւս, ավարտեր իր տխուր պատմությունը, եթե չպարզվեր, որ աննշան պատմություններն ունակ են առասպել դառնալու, եւ որ երկիրը համակերպված է Աստծո անկատարությունը երկրային հնարավոր կատարելության հասցնելուն, եւ տարաբախտ պատանին բոլորովին միայնակ չի մնալու: Տարիներ անց, 80-ականների «գանգրահեր պատանու» էքսպերիմենտն ամենայն հաջողությամբ տեղափոխվեց շատ ավելի լուրջ ոլորտներ, քան տեխնիկայի տան քառակուսին, որի պարագիծն անհամեմատ փոքր է: Թերատի կերպարանք ընդունած՝ խելամիտ տղան դասավորում էր իր կեցությունը. սնունդ՝ մի անեկդոտի դիմաց, գումար՝ մի ծամածռության փոխարեն, ապաստան՝ ի հատուցումն մեկ այլ պարոդիայի: Եվ բացարձակ անհույս ու անխոստումնալից բնությամբ տղան հարթեց գոյության իր արահետը: Ծիծաղելի լինելը երեւի սարսափելի չէ, երբ դրանով հաղթում ես կյանքի կռիվը: Էքսպերիմենտը հաջողված էր… Ու կյանքի կռիվը շարունակեցին վարչապետները, նախարարները, մաքսային վարչության պետերը, թաղապետերը, մարզպետներն ու նախագահները, բազում պատգամավորներ: Ինչ փույթ, թե արտասանած տեքստն անհոդաբաշխ է եւ տեսքը՝ ինտելեկտազուրկ՝ որպես սալմոնելոզի ժամանակ ջրազրկված օրգանիզմ. չէ՞ որ հաջողվում է նախարարներ գլխավորել եւ այսպիսով ստեղծել ունեցվածքի նվազագույնը: Եվ եթե Գեւորիկին մի տուփ ծխախոտի փող ու հաջորդ տուփի երաշխիք էր պետք, ապա երկրի ղեկավարներին անհրաժեշտ էր մեքենայի, մեծ, շատ մեծ, ավելի մեծ տան, հողատարածքի, օբյեկտի հնարավորության ու էլի մի տան, մի մեքենայի երաշխիք: Ու այդպես անսահման, բայց՝ ոչ ավելին: Ղեկավարները չամաչեցին դպրոցում բաց թողած բազմաթիվ պարագրաֆներից, եւ այն, որ չեն ասում «հարցնում եմ ձեր ներողամտությունը», այլ ասում են՝ «հայցում եմ», մի անմեղ անգրագիտություն է: Որովհետեւ կա ավելի հեռուն նայող, մտածված անգրագիտություն՝ «ցուցադրական թերատության սինդրոմ»: Ակնկալիքը մեկն է՝ ծիծաղեցնել լսարանը: Պատգամավորական խոսքից մի հատված. «կներեք, ինչպես ժողովուրդն է ասում, դաբիվատ չանենք դաբիտի կառավարությանը»: Միտք չկա, բայց լսարանը քրքջում է: Խնդիրը սա է: Գեւորիկի ընտրած ոճը: Խնդացնենք, դուր գանք՝ փող պիտի աշխատենք: Հոգեբուժության թարմ գրքերում տվյալ համախտանիշի ստույգ ձեւակերպումը չկա՝ կան մոտ հիվանդություններ: Եթե պետական, քաղաքական գործիչը լուրջ սրիկա է, նա անպայման ատելություն է առաջացնում: Եթե նույն դեմքը ծիծաղելի է ու կիսագրագետ, նրան մի տեսակ ներվում է պետբյուջեն ճեղքելու գործունեությունը, որովհետեւ ընթացքում նրա ստեղծած ֆոլկլորը կոտրում է չարությունը: Թերատությունն այսպիսով դառնում է բյուջեն ճեղքելու հաղթաքարտ: «Իմ գլխի կաշին հաստ է, ես չեմ հասկանում այս իշխանության վարած քաղաքականությունը»,- ասում է պատգամավորը: «Վախենո՞ւմ եք պատռել ձեր տգիտության կուսաթաղանթը». խոսքի հեղինակը ժամանակին հանրապետության գլխավոր դատախազն էր: Իր հաղթարշավը վերջացնելուց առաջ Երրորդ հանրապետության առաջին նախագահի լավագույն ասույթն անկեղծ ծիծաղեցրեց լսարանը. «Լավ չես ապրելու, Սերգեյ ջան, մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի»: Սերգեյը վատ չի ապրում, երեւի, իսկ Ղարաբաղի հարցն անցավ մյուս նախագահին, որն իր նախընտրական արշավը սկսեց հոգնայի եւ հովվի մասին մի գողտրիկ պատմությամբ: Լսարանն անթերի ծիծաղում էր: Սրան հաջորդեցին բազում անեկդոտներ, ասույթներ ու պովիդլոն կոնֆետի մեջ տեղավորելու առեղծվածի բացահայտումը: Պաշտպանության նախարարը, հրամցնելով նոր ինֆորմացիան, թուլացնում է լսարանի պրկվածությունը. «Աստված չանի, եթե թազա բան լինի՝ տեսնենք…» /Միրբաշիրն էլ կգրավենք – Լ.Հ./: Հիմա ծիծաղներս էլ չի գալիս, ծիծաղ չի առաջացնում խաղարկված խեւությունը, անբարդույթ խեղկատակությունն ու անհարթ ժեստիկուլյացիան: Պատմում են, որ Գեւորիկը, նորանշանակ դեսպանից մի րոպեով բջջային հեռախոսը խնդրելով, հերթով սկսել է զանգել նախկին ղեկավարներին ու պահանջել, որ չուշացնեն իրեն հասանելիք գումարը: Գեւորիկին ցմահ թոշակ է նշանակված՝ «ջՈ ՏՑՉՈչց»: Նորանշանակ դեսպանն ապշահար է եղել՝ իր բջջայինի վրա գրանցված հեռախոսահամարները տեսնելով… Ծիծաղը չի եկել: Վերջապես, պառլամենտական ընտրություններում Գեւորիկը դրել էր իր թեկնածությունը: Վանո Սիրադեղյանի անհետանալուց հետո Գեւորիկը «Առագաստ» սրճարանում սկսել էր վաճառել Վանոյի նոր հրատարակված գիրքը: Իրացումը, բնականաբար, լիարժեք էր: Ներկայիս ԱԺ նախագահը տարիներ առաջ ամերիկյան ինչ-որ ակադեմիայի անդամ դարձավ: Պարզվեց՝ ակադեմիկոսության համար անհրաժեշտ էր վճարել որոշակի գումար, եւ նոր կարգավիճակը գիտական ներդրումների արդյունք չէր: ՀՀՇ թեւը կատակ արեց՝ ներկայացրեց Գեւորիկի թեկնածությունը: Ծիծաղելի է. թերեւս: Վերջերս պառլամենտում հնչած մի ուրիշ սրախոսություն՝ պրոֆեսոր Պրեոբրաժենսկու ստեղծած Պոլիգրաֆ Պոլիգրաֆիչ Շարիկովի եւ ԱԺ պատգամավորի համեմատական բնութագրի առնչությամբ, թեեւ դիպուկ էր, բայց մի տեսակ էլ ծիծաղելի չէր: Համեմատության օբյեկտի պատասխանը նույնպես ծիծաղեցնելու մի ապաշնորհ փորձ էր, որ նորից հիշեցնում էր Երրորդ հանրապետության տխուր խորհրդանիշը: Այսպիսով, պետություն-հասարակություն հանդիպումներում միշտ գրանցվում է քրքիջ առաջացնելու տքնաջան փորձ: Հոկտեմբերի 27-ի շուրջ ոչ մի անլրջություն չի հանդուրժվում, իբր: Բանաստեղծական երկու տողը որակվում է իբրեւ անհանդուրժելի լկտիություն, լրագրական որեւէ դատողություն՝ քաղաքական ստոր պատվեր: Բայց անգամ տաբուներով շրջափակված 27-ի նյութի շուրջ գործի քննությունը ստանձնած ռազմական դատախազին հաջողվում է հումոր անել: Լսարանն ու սգացող հասարակությունը համերաշխ քրքջում են նրբաճաշակ հումորի վրա: Այս անգամ ոչ ոք չի վիրավորվում: Եվ, վերջապես, հոկտեմբերի 27-ի գլխավոր դեմքը սահուն շարունակում է Գեւորիկի ոճը, բայց այս անգամ ծիծաղել չի թույլատրվում: Այս անգամ սրբապղծություն է: Գեւորիկից մինչեւ Նաիրի Հունանյան ճանապարհը զզվեցնող էր: Երբ տարիներ առաջ Գեւորիկը կանգնում էր ՀՀՇ-ի դռան առաջ, եւ ապագա նախարարները ժլատ չէին, Գեւորիկն ինչ իմանար, թե ինքը խորհրդանիշն է լինելու իր նոր կառուցվող երկրի, իսկ Գեւորիկի առասպելը՝ նորագույն հայրենիքի պաճուճապատ պատմություններից մեկը, եւ այն հազվագյուտ պատմություններից մեկը, ուր չի լինելու պաթոս, հերոսություն ու ձգած բերկրանք: ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել