Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոդվածն

Հուլիս 14,2001 00:00

ՀՅԴ-Ն՝ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ Հոդվածն արձագանք է «Առավոտի» 109-րդ համարում տպագրված թիվ 55 գաղտնի շրջաբերականի Հասկանալու համար, թե ինչու է այն գաղտնի, պետք է համեմատել, թե ինչ է ասում նույն հարցերի առիթով այս կուսակցությունը բարձրաձայն՝ ի վայելումն համայն հայ ժողովրդի, եւ ինչ է ասում գաղտնի՝ իր «մարմինների» ականջին։ Ահա այդ համեմատության մեջ երեւան եկած տարբերություններն էլ տալիս են սույն հարցի պատասխանը։ Մի կեղծիք Այստեղ մատուցվում է բացարձակ կեղծիք. «Ունեցած տեղեկությունները» (քիուեսթյան հանդիպման արդյունքների մասին) գնահատելով գտնում են, որ «Ղարաբաղյան հարցի լուծման մինչեւ այժմ հրապարակված երեք՝ փաթեթային, փուլային, ընդհանուր պետություն տարբերակների ի տարբերություն, այս տարբերակն ունի աչքառու առավելություն» եւ «աննախընթաց պատմական հաջողություն» է։ Այդ առավելությունը եւ հաջողությունը համարվում է այն, որ իբր՝ «Ադրբեջանական կողմը համաձայնելու է, որ Արցախը Լաչինի միջանցքով մաս կազմի Հայաստանին»։ Սա, անշուշտ, բացարձակ սուտ է։ Այս սուտը «խորհրդապահական» շրջաբերականով կարելի է հաղորդել «մարմիններին» ցույց տալու համար, որ այն իշխանությունը, որն առաջնորդվում է իր գաղափարախոսությամբ եւ ինքը՝ ՀՅԴ-ն, որն այդ իշխանության կարեւոր մասն է կազմում, «նախկինների» համեմատությամբ, ահա, «աչքառու հաջողության» է հասել։ Հետո, երբ դա անհրաժեշտ կլինի, մեկ այլ «խորհրդապահական» շրջաբերականով կարելի է բացատրել (գտնելով որեւէ քավության նոխազ), թե ուր կորավ այդ հաջողությունը։ Հրապարակավ ժողովրդին այդ ասել չի կարելի, քանի որ վերջինս, ի տարբերություն կարգապահ եւ հավատավոր «մարմինների», հետո կարող է պատասխան պահանջել եւ չբավարարվել որեւէ բացատրությամբ։ Մի իրողություն Բացահայտ խոստովանություն, որ Մեղրիով Ադրբեջանը ստանալու է «ազատ եւ մասնավոր ճանապարհ դեպի Նախիջեւան», ճանապարհ, որի վրա «հսկողության հարցը տակավին հստակ չէ» (այսինքն՝ հստակ է, որ Հայաստանը չէ, հստակ չէ, թե ով է իրականացնելու հսկողությունը)։ Չնայած՝ Վ. Օսկանյանը այս մասին հստակ ասել է, որ Լաչինն ու Մեղրին կունենան նույն կարգավիճակը։ ՀՅԴ-ն իր մարմինների համար արձանագրում է իրողությունը, իսկ «ժողովրդի» համար ասել եւ ասում է, որ նման հարց գոյություն չունի եւ չի կարող գոյություն ունենալ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ հակառակ դեպքում ստիպված պետք է լինի նաեւ իր պաշտոնական վերաբերմունքն արտահայտել այն իշխանության դեմ, որի օրոք նման հարց ծագեց (1997թ. փաթեթային եւ փուլային տարբերակներում այս մասին խոսք չկար)։ Ստիպված կլինի խոստովանել, որ դա Ղարաբաղի հարցը պահանջատիրական հարթության վրա տեղափոխելու արդյունք է։ Մի ռեբուս Իսկ այժմ պայմանականորեն ընդունենք, թե ամեն ինչ ճիշտ այնպես է, ինչպես մատուցում է շրջաբերականը։ Ավելին՝ պատկերացնենք, թե շրջաբերականում ներկայացված քիուեսթյան արդյունքները նույնությամբ էլ դառնալու են խաղաղության պայմանագրի հիմք եւ նորմ։ Կողմնապահության մեջ չմեղադրվելու համար մենք չգնահատենք, այլ բերենք նույն շրջաբերականից՝ քիչ հետո արձանագրված մի գնահատական։ Այդ դեպքում (եթե պայմանագիրը հենվի «աչքառու առավելություն» ունեցող այս տարբերակի վրա-հեղ.) «Ադրբեջանը լուծում է իր լինելիության հարցը, ճամփա է բացում Թուրքիա-Նախիջեւան-Ադրբեջան-Միջին Ասիա պանթուրանական ծրագրի առջեւ, իսկ մյուս կողմից՝ նվազում, չասելու համար ոչնչացնում է Հայաստանի ռազմավարական կարեւորություն-առավելությունը»։ Էլ ո՞ւր մնաց այդ ծրագրի մեզ համար ունեցած «աչքառու առավելությունը»։ Էլ ո՞ւր մնաց «աննախընթաց պատմական հաջողությունը»։ «Աննախընթաց պատմական հաջողություն» գնահատված տարբերակը ջրող մի այլ միտք էլ կա շրջաբերականում, շատ ավելի խայտառակ։ Ըստ այդմ՝ նոր պատերազմի արդյունքը «լավագույն դեպքում լինելու է այն՝ ինչ լինելու է այս նոր տարբերակում նշվածը, բայց արդեն իսկ որպես ներկա պատերազմում պարտված կողմին պարտադրված պայմաններ»։ Այսինքն՝ ՀՅԴ Բյուրոն պատերազմը հավանական է համարում, դրանում մեր պարտվելը անխուսափելի, իսկ այսօր մեզ առաջարկված կարգավորման ծրագիրը (Քի-Ուեսթ)՝ հավասար պարտված կողմին պարտադրված պայմանների։ Ստացվում է, որ այդ նոր տարբերակը պանթուրանական ծրագրի իրականացման ճանապարհ է, Հայաստանի ռազմավարական կարեւորություն-առավելությունը ոչնչացնող միջոց, հավասար է պատերազմում պարտված կողմին պարտադրված պայմանների եւ, այդուամենայնիվ՝ «աննախընթաց պատմական հաջողությո՞ւն» է։ Մի՞թե ՀՅԴ Բյուրոն այդքան համոզված է, որ իր «մարմինները» շրջաբերականի տեքստը կարդալիս 10 տող հետո մոռանում են, թե ինչ է գրված եղել 10 տող առաջ, զուրկ են մի քանի էջանոց նույն փաստաթղթում եղած տրամագծորեն իրարամերժ մտքերը համեմատելու եւ տրամաբանելու տարրական ունակությունից։ Եվ ուզում ենք, որ այս ամենը ասվի հրապարակա՞վ։ Չէ՞ որ արդեն երեքուկես տարի այսօրվա վարչախմբի արտաքին քաղաքականության հիմքում դրված է ՀՅԴ գաղափարախոսությունը, եւ այս ամենը դրա արդյունքն է, եւ դա խոստովանում է Դաշնակցությունը։ Իսկ բարձրաձայն նա, իհարկե, բոլորովին այլ բան է ասում։ Շրջաբերականը կրկնում է… Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնական մտքերը Շրջաբերականում կան մտքեր, որոնց դեմ ժամանակին «հայրենասիրական» դիրքերից կռվել է ՀՅԴ-ն, դրանք համարել պարտվողական, դավաճանական, բարձրաձայն այսօր էլ նույնն է ասում, իսկ գաղտնի փաստաթղթո՞ւմ… «…բանակցությունների փոխզիջումային տրամաբանական մթնոլորտում եթե միայն ձգտում ենք հարցի ձգձգմանը, ապա ո՞րն է երաշխիքը, որ ապագան ավելի վտանգավոր ու անբարենպաստ չի լինելու ազգի համար»։ «Մարմիններին» նման բան կարելի է ասել՝ վստահ նրանց կարճ հիշողության վրա։ Բացահայտ ասել բոլորին, իհա՛րկե, չի կարելի։ Կարող է, չէ՞, գտնվեն մարդիկ, որոնք իսկույն հիշեն, որ նման մի միտք կարծես թե մի անգամ էլ են կարդացել, փնտրեն ու գտնեն… Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածում. «Ստատուս-քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ… Փոխզիջման մերժումը… Ղարաբաղի իսպառ կործանման եւ Հայաստանի վիճակի վատթարացման ամենակարճ ճանապարհն է»։ Լեւոն Տեր-Պետրոսյանից կարեւոր այլ մտքեր էլ կան, որոնց շուրջ ժամանակին մեծ վայնասուն բարձրացրին եւ ամենաբարձրը գոռում ու մեղադրում էր ՀՅԴ-ն, բայց ահա այստեղ գաղտնի շրջաբերականը կրկնում է որպես իրական մտահոգություն։ Համեմատենք. «Թող չփորձեն ժողովրդին մոլորեցնել ասելով, թե փոխզիջումն այլընտրանք ունի. փոխզիջման այլընտրանքը պատերազմն է»,- ասում էր առաջին նախագահը՝ բոլորի համար։ Իսկ հրաժարականի իր հայտարարության մեջ շեշտում, որ «խաղաղության եւ արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն կրեց», որից էլ ենթադրում էին, թե իշխանության եկող ուժը համարվում է «պատերազմի կուսակցությունը»։ Ահա, շրջաբերականը ոչ բոլորին, այլ միայն ՀՅԴ մարմինների ականջին փսփսում է նույնը. «Իսկ համաձայնության ձախողության… պարագային հնարավոր չե՞ք դարձնելու արվեստական պատերազմի հավանականությունը»։ Իսկ ո՞վ «արվեստական պատերազմը» դարձրեց հավանական. այն ուժերը, որոնք իրականացրին հեղաշրջումը, որոնց գաղափարապես սնում էր ՀՅԴ-ն եւ որոնք ՀՅԴ-ի ակտիվ դերակատարությամբ այսօրվա իշխանությունն են։ Այսպիսով՝ շրջաբերականում արձանագրվում է, որ համաձայնության ձգձգումը կհանգեցնի պատերազմի, պատերազմը կհանգեցնի պարտության, պարտությունից հետո մեզ ոչ թե կառաջարկվեն, այլ կթելադրվեն պայմաններ։ Իսկ թե ի՞նչ է ասում ՀՅԴ-ն հրապարակավ, բոլորին է հայտնի. ասում է ճիշտ հակառակը։ Բայց պատերազմը միայն ՀՅԴ «մարմիններին» չի վերաբերում, այլ ողջ ժողովրդին, ինչո՞ւ է դա նրանից գաղտնի պահվում, եւ միայն յուրայիններին է այդ վտանգի դեմ նախապես կողմնորոշվելու հնարավորություն տրվում։ «Գնացքից թռչելու ժամանա՞կն է» «Պահը ճակատագրական է եւ խիստ կարեւոր»,- այսպես է ավարտվում շրջաբերականի առաջին մասը։ Թվում է, թե խոսքը վերաբերում է երկրի ու ժողովրդի ճակատագրին, եւ պահը այդ առումով է խիստ կարեւոր։ Զգաստացնող այս կոչին հետեւում է մտահոգությունների ընդարձակ ցանկ, որը բացահայտում է, թե ինչու է պահը կարեւոր եւ ճակատագրական. ա) «Հարցի կարգավորման նկատմամբ դրական դիրքորոշում ցուցաբերելու պարագային», բ) «Հարցի կարգավորման նկատմամբ բացասական դիրքորոշում ցուցաբերելու պարագային»։ Դրական կամ բացասական դիրքորոշում ցուցաբերելը չի վերաբերում Հայաստանի եւ Ղարաբաղի պաշտոնական դիրքորոշումներին, այլ այստեղ՝ երկրի ներսում, փոխզիջումներով համաձայնության հասնելու հարցի նկատմամբ ՀՅԴ-ի դիրքորոշմանը։ Եվ դրա հետ կապված մտահոգություններում էլ, բնականաբար, խոսքը ոչ թե պետության, երկրի, նրա ժողովրդի, Ղարաբաղի ճակատագրի մասին է, այլ՝ դրանցից առաջ եւ դրանցից վեր գտնվող գերագույն արժեքի՝ ՀՅԴ-ի։ Իսկ եթե մեկ-երկու տեղ խոսվում է նաեւ Հայաստանի, Ղարաբաղի, «մեր սերունդների» մասին, ապա՝ որպես այդ գերագույն արժեքի սպասարկումների, նրա կենսագործության դաշտի։ Բերենք այդ հիմնական մտահոգությունները։ – «Եթե հրաժարվում ենք ազատագրված տարածքներից, կարող ենք հրաժարվել Հայ դատի պայքարից», այսինքն՝ վտանգվում է ՀՅԴ գաղափարախոսության հիմքը. – Եթե դրական կողմնորոշման հետեւանքով երկիրը հայտնվի աղետների առջեւ, դրա դեմ չընդվզած ուժերը «չե՞ն հայտնվելու լուրջ անբարենպաստ պայմաններում»։ Այսինքն՝ մտահոգիչը ոչ թե երկրին սպասվող հնարավոր աղետներն են, այլ՝ որ կուսակցությունը չհայտնվի անբարենպաստ վիճակում։ – «Ինչքա՞ն է լինելու համակիրների, ընկերների եւ վերջապես մեր ժողովրդի՝ մեզանից ապրած հուսախաբության չափը»։ – «Չի՞ ծավալվելու մի համընդհանուր հակաքարոզչություն, որ Դաշնակցության կենտրոնը ՀՀ տեղափոխվելով, ՀՅԴ օրվա ղեկավարությունը իշխանական տաքուկ աթոռներին տիրանալով, իշխանության կերակրասեղանին մոտ գտնվելով…»։ – Ե՛վ «արի սկզբունքային», ե՛ւ համաձայնողական կեցվածքները կարող են «կեղծ հնչել»։ – «Մերժման պարագային… հալածանքը մեր նկատմամբ անխուսափելի է լինելու, հար եւ նման, գուցե ավելի խիստ, քան եղավ նախորդ իշխանությունների օրոք»։ – «Հոգնած… մի ժողովուրդ քայլելո՞ւ է մեր հետեւից»։ – «… մեզ չե՞ն մատնացույց անելու դարձյալ իբրեւ «պատերազմի, ազգայնամոլ, ծայրահեղական մի ուժ»։ – «Ի՞նչ ենք անելու, եթե մեր «ոչ»-ը արձագանք չգտնի Արցախում»։ – «Նման դիրքորոշմամբ մենք նորից շրջանառության մեջ չե՞նք դնելու կուսակցության մասին դեռ առկա տեռորիստական, ծայրահեղական իմիջը, յաչս միջազգային հանրության, եւ դրանով չե՞նք վայելելու նրանց համընդհանուր եւ համատարած հալածանքը»։ – «… հարցականի տակ չե՞նք դնելու կազմակերպության լինելիության հարցը»։ – Կուսակցության մեջ «շատ հնարավոր է նորանոր «վերականգնումի շարժում»-ների ծնունդը, դասալքությունը՝ առանձին անձանց, որոնք կամ թուլամորթության եւ կամ էլ պետական համակարգում իրենց զբաղեցրած տեղը կորցնելու վախից… նորեն ստեղծեն «բազեներ-աղավնիներ» տխրահռչակ բաժանումները»։ – Առաջվա նման էլ չեն կարող ընդդիմության գլխավոր ուժը լինել, քանի որ՝ «ավելի քան երեք տարի է, ինչ քիչ թե շատ իշխանությունների հետ ենք», կտրուկ շրջադարձը արդեն դժվար է, դրա համար երկար ժամանակ է պետք։ Ինչպես դժվար չէ տեսնել, բոլոր մտահոգություններն ունեն մեկ ընդհանուր հայտարար. ինչպես երկրի համար դժվարին պահին հեղափոխականի ճարպկությամբ ծլկել պատասխանատվությունից, չոր դուրս պրծնել իրավիճակից, չխայտառակվել, չկորցնել ունեցած համարումը, չկորցնել իշխանությունից ունեցած մասը, չպառակտվել եւ այլն։ Յուրօրինակ այս կուսակցության «մարմիններին» նման մոտեցումն ու փաստը, անշուշտ, չի զարմացնի։ Որովհետեւ խիստ յուրօրինակ այս կուսակցության անդամների պատկերացումների հիմքում դրված է անբեկանելի եւ անսակարկելի մի կանխադրույթ. ՀՅԴ-ն է բարձրագույն արժեքը, մնացած ամեն ինչ՝ ազգ, ժողովուրդ, հայրենիք, պետություն, ստեղծված են նրան սպասարկելու, նրան գործունեության դաշտ ապահովելու, նրա «ծրագրերին» հումք լինելու համար։ Ուրեմն՝ դժվարին պահին նախ պետք է մտածել այդ արժեքը փրկելու մասին։ Ոչ հյդականները դա լավ չեն հասկանում, նրանցից դա, իհարկե, պետք է գաղտնի պահել։ Իսկ Հայաստա՞նը, Ղարաբա՞ղը, ժողովո՞ւրդը, ա՞զգը, հայրենի՞քը… Դրանց մասին հյդականների հույժ հայրենասիրական եւ տպավորիչ խանդավառ հոխորտանքները կարդացեք թերթերում, լսեք ռադիոհեռուստաելույթներում, հանրահավաքներում, բաց ժողովներում։ Լսեք եւ շարունակեք հավատալ… ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Հ.Գ.-1 Թիվ 55 գաղտնի շրջաբերականը, իմիջիայլոց, վկայում է նաեւ. ա) ՀՅԴ-ն ամենեւին էլ այն կուռ կազմակերպությունը չէ, ինչպես ներկայանում եւ թվում է, բ) ղեկավարությունը լավ գիտի իր կադրերին եւ պետական պաշտոններում առաջ քաշված իր անդամների նկատմամբ ոչ մի վստահություն չունի, գ) այժմ, երբ Ժնեւյան հանդիպումը անորոշ ժամանակով հետաձգվել է, եւ ժամանակը չի խեղդում, ՀՅԴ-ն կաշխատի իշխանամետից թռնել ընդդիմադիր դաշտ։ Հ.Գ.2 Պետք է զգույշ լինել. «նախկինների» լիակատար ռեաբիլիտացիայի համար բավարար կլինի այսպիսի եւս 1-2 գաղտնի փաստաթղթի ի հայտ գալը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել