Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԱԴՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 14,2001 00:00

ՍԱԴՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Արշակ Սադոյանը երեկ ասուլիս հրավիրեց եւ կարդաց իր հայտարարությունը, որը չէր հասցրել կարդալ նախորդ օրը «ԱրմենՏելի» պարտավորությունների կատարումն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նիստի ժամանակ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Գործարքը կնքելուց կարճ ժամանակ հետո, ներքին բարդությունների պատճառով OTE-ն կտրուկ փոխում է իր քաղաքականությունն «ԱրմենՏելի» եւ ՀՀ-ի նկատմամբ։ Ներդրումային ծրագրով նախատեսված 100 միլիոն դոլարի ներդրումների փոխարեն 1998, 1999 թթ. նրա կողմից ներդրվում է ընդամենը մոտ 30 մլն դոլար։ Հետագայում՝ փոխանակ սահմանված ժամկետներում ներդրումային ձախողումները վերացնելու, OTE-ն փորձում է, ազդելով ՀՀ կառավարության ներկայացուցչի վրա (2000 թ. օգոստոսի 2-ին OTE-ի նախագահ Ն. Մանասիսի եւ ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանի կողմից ստորագրվում է փոխըմբռնման հուշագիր)՝ ստիպել ՀՀ կառավարությանը՝ ի վնաս ՀՀ-ի եւ ընկերության շահերի, ընդունելով նոր ներդրումային ծրագիր, նոր բիզնես-պլան, արմատապես կրճատել ներդրումների ծավալը, համակարգի արդիականացման, զարգացման կոնկրետ պահանջները հանել, միաժամանակ պահպանել մենաշնորհային իր կարգավիճակը։ OTE-ի կողմից տարվող այս նոր քաղաքականության պատճառով աստիճանաբար կրճատվում են ընկերության եկամուտները, հեռահաղորդակցման համակարգը ոչ միայն չի արդիականացվում, այլ ավելի ու ավելի է հետ ընկնում, գործը հասել է նրան, որ հանրապետության շատ ու շատ գյուղեր արդեն զրկվել են հեռախոսակապից։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, ելնելով վերը նշվածից, ղեկավարվելով Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումով, ՀՀ կառավարությանն առաջարկվում է՝ 1. Մինչեւ ս/թ օգոստոսի 1-ը տեղյակ պահել «ԱրմենՏելին», որ ՀՀ հեռահաղորդակցման օրենքի պահանջներից ելնելով չի կարող համաձայնվել սեպտեմբերի 1-ից րոպեավճար մտցնելուն։ 2. Ամառային արձակուրդների ավարտին ԱԺ ներկայացնել ՍԴ-ի որոշումից բխող օրենքի փոփոխության առաջարկություններ եւ նախապատրաստել լիցենզիայի համապատասխան կետերի փոփոխություններ։ 3. Հաշվարկել եւ հանրությանը ներկայացնել մենաշնորհային դիրքի չարաշահման եւ ներդրումային ծրագրի չկատարման պատճառով ՀՀ-ին հասցված վնասների չափը եւ OTE-ից համապատասխան փոխհատուցում ստանալու ուղիները։ 4. Եռամսյա ժամկետում մշակել հեռահաղորդակցման ոլորտում իրավիճակի շտկման, համակարգի զարգացման գործուն ծրագիր եւ օրենքի տեսքով ներկայացնել ԱԺ-ի ընդունմանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել