Լրահոս
Օրվա լրահոսը

99-ի հոկտեմբերի 27-ից հետո մինչեւ 2000-ի հերթական իշխանափոխությունը, քոչարյանական ռեժիմի՝ «27»-ի հան

Հուլիս 14,2001 00:00

Չհրապարակված հայտարարություններ 99-ի հոկտեմբերի 27-ից հետո մինչեւ 2000-ի հերթական իշխանափոխությունը, քոչարյանական ռեժիմի՝ «27»-ի հանդեպ ոչ համարժեք վերաբերմունքը եւ ահաբեկիչների նկատմամբ հատուկ ու հովանավորչական դրսեւորումները ԵԿՄ առնվազն երկու հայտարարության շարժառիթ էին դարձել։ Բայց դրանցից ոչ մեկին այդպես էլ վիճակված չէր հրապարակվել միեւնույն պատճառաբանությամբ. ԵԿՄ եւ միաժամանակ երկրի ղեկավար պաշտոններում տեղ զբաղեցրած մարդիկ, թերեւս, չէին ուզում զրկվել իշխանության կերակրամանից օգտվելու հնարավորությունից եւ Ռ.Քոչարյանի խիստ կասկած հարուցող բարեհաճությունից։ Այդ հայտարարությունների չհրապարակման եւ այսօր՝ Վազգեն Սարգսյանի վարկաբեկման քաղաքականությանը չարձագանքելու պատճառները, թերեւս, նույնն են։ Ժամանակին ԵԿՄ-ն հանդգնել էր հայտարարել՝ «Վերջին օրերի Ազգային հեռուստատեսության ղեկավարության, նրա գործողություններին սատարող որոշ հասարակական-քաղաքական գործիչների եւ լրատվամիջոցների ղեկավարների ելույթները՝ «Հայլուր» տեղեկատվական եւ ՀԱՀ այլ ծրագրերով, ակնհայտորեն նպատակ ունեն խոչընդոտել հոկտեմբերի 27-ի նենգ դավադրության նախաքննության ընթացքը, կասկածի մթնոլորտ ստեղծել այն իրականացնող մարմնի հանդեպ։ … Այդ քարոզչական արշավի նպատակներից է նաեւ Նաիրի Հունանյանի հանցախմբի ետեւում կանգնած ուժերի եւ կառույցների ապահովագրումը եւ հոկտեմբերի 27-ի դեպքերի ներկայացումը՝ որպես մի քանի մարդու կողմից իրականացված, քաղաքական նպատակներ չհետապնդած շարքային հանցագործություն։ … Խորը մտահոգություն է առաջացնում նաեւ այն հանգամանքը, որ ահաբեկչական գործողության մասնակիցներից եւ օժանդակության մեղադրանքով ձերբակալվածներից մի քանիսը աշխատել են ԱՀ-ում, կամ առնչություն են ունեցել այդ լրատվամիջոցին։ Հաշվի առնելով վերը շարադրվածը, ինչպես նաեւ՝ այն հանգամանքը, որ ԱՀ վերջին օրերի քարոզչական արշավն ու կամայական մոտեցումները խոչընդոտում են նախաքննության ընթացքին եւ լուրջ հարվածի տակ դնում երկրի տեղեկատվական անվտանգությունը՝ ՀՀ նախագահից, ՀՀ վարչապետից պահանջում ենք նախաքննության ընթացքում կասեցնել ՀԱՀ գործադիր տնօրենի լիազորությունները…»։ ԵԿՄ հաջորդ չհայտարարված հայտարարությունը պատրաստվել էր 2000-ի մայիսին. «Այսօր մենք ականատես ենք դարձել այն տխուր իրողությանը, թե ինչպես է ՀՀ նախագահը ուղղակի եւ անուղղակի ճնշումներ գործադրում դատական իշխանության վրա, խոչընդոտում գործադիր եւ օրենսդիր մարմինների բնականոն գործունեությանը եւ նրանց սահմանադրական լիազորությունների իրականացմանը։ Գագաթնակետը դարձավ ծանրագույն հանցագործությունների մեջ մեղադրված կալանավորներին կալանքից ազատ արձակելու արդարացումը, անհասկանալի հակասահմանադրական կարգադրություններով քննչական խումբը ղեկավարող զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի վրա ճնշումները։ Այլեւս անհանդուրժելի համարելով ՀՀ նախագահի կողմից իշխանության ճյուղերի նկատմամբ մարտահրավերը, երկիրը եւ ժողովրդին վերահաս ու անխուսափելի կործանումից փրկելու համար ԵԿՄ-ն պահանջում է ՀՀ նախագահի հրաժարականը»։ Փորձը ցույց է տալիս, որ երկրապահների հանդգնությունը հերիքում է միայն հայտարարության տեքստեր ձեւակերպելուն, բայց հրապարակելուն՝ երբեք։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել