Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում զինծառայող Միշա Հարությունյանի խոշտանգման վերաբերյալ փաստեր

Հուլիս 14,2001 00:00

ԵՐԵՎԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԻՆ ԽՈՇՏԱՆԳԵԼ ԷԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում զինծառայող Միշա Հարությունյանի խոշտանգման վերաբերյալ փաստերն իսկապես սահմռկեցուցիչ էին։ Բայց, այնուամենայնիվ, արժեր որոշումներ կայացնելուց առաջ լսել նաեւ ոչ միայն նրա պաշտպանին։ Որեւէ հավակնություն չունենք ծանրացուցիչ հանգամանքներում խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանություն կատարելու համար Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից 13 տարվա ազատազրկման դատապարտված Միշա Հարությունյանի գործի վերաբերյալ վերջնական հետեւություններ եւ եզրակացություններ ներկայացնել։ Մանավանդ որ, լրացուցիչ նախաքննությունից հետո կազմված մեղադրական եզրակացության ընթերցումից մի տպավորություն մնաց՝ խառը գործ է։ Ե՛վ մեղադրյալը, ե՛ւ վկաները անընդհատ փոփոխել են ցուցմունքները։ Միշա Հարությունյանը մեկ խոստովանել է, թե ինքն է վեճից հետո սպանել Սերգեյ Հարությունյանին, մեկ էլ հրաժարվել է եւ նշել, որ խոստովանական ցուցմունքներն իր նկատմամբ կիրառված բռնությունների հետեւանք էին։ Վկաներից, ասենք, Գուրգեն Տավարածյանը նախ հայտնել է, թե տեսել է ինչպես է Միշա Հարությունյանը սպանել, հետո վկայել, որ այդ ցուցմունքը գրել էր վախի եւ ծեծի ազդեցության տակ։ Իսկ հետո էլ, լրացուցիչ նախաքննության ընթացքում, այդ Տավարածյանն իր ձեռքով գրված ցուցմունքում հայտնել է, թե քննիչներն իրեն չեն ծեծել կամ վախեցրել, չեն ասել, որ տա Միշա Հարությունյանի անունը, միայն սպառնացել են, որ եթե ճիշտը չասի՝ «իրեն կնստացնեն»։ Այսքանն էլ, կարծում ենք, բավարար է համոզվելու համար, թե խոհեմ չէր լինի որեւէ գնահատական տալը։ Մանավանդ՝ դատավճիռը բեկանվել է եւ նոր դատավարության ընթացքում կպարզվի՝ անմե՞ղ է Միշա Հարությունյանը, թե՞… Իսկ մինչ այդ՝ զինդատախազության ՀԿԳ քննիչ Սամվել Հովհաննիսյանի հետ, որի վարույթում է եղել այս գործը, զրույցում անդրադարձանք այն պնդումներին, որոնք այս գործի առնչությամբ ներկայացրել էր Միշա Հարությունյանի շահերի պաշտպան, նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Հայկ Ալումյանը։ Հանցագործությունը կատարվել էր 1998-ի դեկտեմբերի 12-ին եւ ԼՂՀ Մարտակերտի կայազորի զինվորական դատախազությունը նույն օրն եւեթ քրեական գործ էր հարուցել։ Հայաստանի զինվորական դատախազության վարույթում այս գործն ընդունվել էր միայն 1999 թ. ապրիլի 4-ին։ (Վկաներից մեկը՝ Կարեն Անտոնյանը, դիմում էր գրել, նշելով, թե Ղարաբաղում իրեն կաշկանդված է զգում եւ չի կարողանում ճիշտ ցուցմունք տալ եւ խնդրել էր իրեն տեղափոխել Հայաստան ու այնտեղ հարցաքննել)։ 4 ամիս Միշա Հարությունյանը պահվել էր ԼՂՀ ՆԳՆ քննչական մեկուսարանում։ «Եթե նրա նկատմամբ բռնություններ կիրառվել են, ուրեմն, կիրառվել են Ղարաբաղում»,- ասաց Սամվել Հովհաննիսյանը։ Հայկ Ալումյանը Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում ասում էր, որ բռնարարքների փաստերը հաստատված են դատաբժշկական փորձաքննությամբ։ Սամվել Հովհաննիսյանն այդ պնդումը հաստատեց. «Փորձաքննությունները ես եմ իմ նախաքննությամբ նշանակել։ Միշա Հարությունյանից եւ այն վկաներից, որոնց նկատմամբ, իրենց ասելով՝ բռնություն էր գործադրվել, ես ցուցմունքներ եմ վերցրել եւ դրանց հիման վրա նշանակել դատաբժշկական փորձաքննություններ։ Փորձագետները եզրակացություն են տվել, որ նրանց մոտ առկա են թեթեւ մարմնական վնասվածքներ։ Այս առնչությամբ իմ կողմից 1999 թ. օգոստոսի 23-ին հարուցվել է քրեական գործ՝ ԼՂՀ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու կապակցությամբ։ Եվ սպանության գործից մաս է անջատվել, որն ուղարկվել է Ասկերանի կայազորի զինվորական դատախազություն՝ քրեական գործի նախաքննությունը շարունակելու համար»։ Մեր հարցին, թե փորձաքննությամբ հաստատվե՞լ է, որ այդ զինվորների ձեռքերի մատերը սեղմել են աքցանով, քննիչը պատասխանեց. «Դատաբժշկական փորձագետի եզրակացություններով հիմնավորվել է, որ նրանց որոշ մատների վրա ճնշման հետքեր կան»։ Սակայն Հայկ Ալումյանը պնդում էր, որ ե՛ւ Միշա Հարությունյանը, ե՛ւ վկաները բռնության են ենթարկվել Հայաստանի զինվորական ոստիկանության մեկուսարանում։ «Պաշտպանի այդ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում։ Այս գործով որեւէ մեկի նկատմամբ Հայաստանում որեւէ բռնություն չի գործադրվել»,- ասաց պրն Հովհաննիսյանը։ Իսկ զինդատախազության ՀԿԳ քննիչ Արսեն Բաբայանը, որն այս գործը վարել էր լրացուցիչ նախաքննության ընթացքում, հայտնեց. «Նրանցից որեւէ մեկն «ընդունիչ-բաշխիչում» չի էլ պահվել։ Վկա Գուրգեն Տավարածյանը տեղափոխվել եւ գտնվել է ավիացիայի վարչության զորամասում։ Միշա Հարությունյանը 1999-ի ապրիլից պահվել է թիվ 1 քննչական մեկուսարանում»։ … Հուսով ենք, Մարդու իրավունքների հանձնաժողովը կշարունակի նույն ուժգնությամբ բողոքել այս փաստերի առնչությամբ նաեւ այնժամ, երբ կպարզվի, որ զինվորներին խոշտանգել են ոչ թե Հայաստանի զինդատախազությունում, այլ Ղարաբաղում։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել