Լրահոս
Օրվա լրահոսը

«Շվեդական

Հուլիս 13,2001 00:00

ՇՎԵԴԱԿԱՆ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ «Շվեդական սեղան», «սոցիալիզմի շվեդական մոդել» եւ «շվեդական ընտանիք»՝ ահա, թերեւս, Շվեդիայի մասին ունեցած պատկերացումներիս ողջ «ջենթլմենական» հավաքածուն, որով զինված մեկնեցի այդ երկիր։ Ակամա ստիպված եմ սուր զգացողությունների սիրահարներին հիասթափեցնել. այնտեղ արդեն վաղուց «շվեդական» հայտնի ընտանիքների (որտեղ միանգամից մի քանի զույգ ակտիվորեն զբաղվում են խմբակային սեքսով) հետքն անգամ չկա։ Դեռ ավելին՝ «շվեդական սեքսի» միայն աղոտ հիշատակման դեպքում շվեդները պատրաստ են կատաղությունից «օդ թռնել»։ 60-ականների սեռական հեղափոխության բուռն ու կրակոտ շրջանը ողջ Եվրոպայի հետ միասին հաղթահարելով, վիկինգների հետնորդներն այսօր նույնիսկ ավելի պահպանողական են, քան նախկին ԽՍՀՄ-ի շատ ժողովուրդներ, որոնք բավական ուշացումով վայելում են տարիներ շարունակ իրենցից «երկաթե վարագույրով» թաքցրած քաղաքակրթության պտուղները, այդ թվում՝ սեքսուալ։ Այնպես որ, շվեդական ընտանիքները միանգամայն նորմալ են՝ մի հայր, մի մայր եւ, ըստ վիճակագրական տվյալների՝ միջին հաշվով 1,7 երեխա՝ մեկ ընտանիքին։ Ընդ որում, շվեդ հայրիկները ցանկացած հայ կնոջ երազանքների մարմնավորումն են՝ եփում են, թափում, լվանում, մաքրում, փոխում զավակների տակդիրները եւ անգամ… մանկիկի ծնունդից հետո վերցնում են մեկամսյա «դեկրետային» արձակուրդ, որը հատուկ տրամադրվում է հայրերին՝ ընտանիքի նոր անդամի հետ ավելի մտերմիկ շփման հնարավորություն ընձեռելու նպատակով։ Իսկ մայրիկներն այդ ընթացքում կարող են հանգիստ զբաղվել իրենց աշխատանքային կարիերայով. սեռերի իրավահավասարությունը Շվեդիայում վաղուց կայացած եւ անշրջելի իրողություն է։ Չեմ կարող ժխտել, որ Շվեդիայում կան միասեռ ընտանիքներ։ Երկնագույն շվեդներին ու վարդագույն շվեդուհիներին երկիրը վերաբերվում է միանգամայն չեզոք եւ գրեթե օրինականացրել է միասեռ ամուսնությունները։ Ճիշտ է, դրանք առայժմ գրանցվում են որպես քաղաքացիական համատեղ կյանքի թույլտվություն։ Բայց դա ավելի շուտ վկայում է Շվեդիայում պաշտամունքային դարձած ազատ ընտրության իրավունքի մասին։ Եվ ոչ թե՝ շվեդների սեքսուալ սանձարձակության։ Սոցիալիզմի շվեդական հայտնի մոդելի առումով ամեն ինչ մի քիչ ուրիշ է, քան ի չիք դարձած «շվեդական ընտանիքի», բայց այստեղ էլ վիճակն այնքան փայլուն չէ, որքան կարծում էինք։ Այո, սկանդինավյան այդ երկրում դեռ տիրում է շվեդական սոցիալիզմը՝ իր բոլոր բաղկացուցիչներով՝ անվճար կրթություն, գրեթե անվճար դեղորայք եւ բժշկական օգնություն, ապահովագրում գործազրկությունից եւ շռայլ կենսաթոշակային ապահովում։ Բայց այս բոլոր սոցիալական բարիքների համար հարկ է վճարել, այդ պատճառով Շվեդիայի հարկային քաղաքականությունն ամենախիստն է աշխարհում. 2000թ. վիճակագրական տվյալներով, հարկերը կազմում են ազգային համախառն եկամտի 53%-ը։ Որպես հետեւանք՝ Շվեդիայում գները շատ բարձր են՝ Եվրամիության երկրներում գործող գների միջին մակարդակից 21%-ով ավելի։ Ու քանի որ «սոցիալական արդարության» համար «վճարում» են ավելի ու ավելի շատ հարուստ շվեդներ, վերջիններս կամաց-կամաց սկսել են իրենց բիզնեսը տեղափոխել ավելի ցածր հարկահանությամբ եւ պակաս հզոր հասարակական սեկտոր ունեցող երկրներ։ Արդյունքում՝ Շվեդիայում աճել է գործազրկությունը, եւ կտրուկ անկում է ապրել բնակչության 1 շնչին ընկնող եկամտի մակարդակը։ Եվ եթե 1970թ. Շվեդիան բնակչության եկամուտների հաշվարկով աշխարհում գրավում էր 3-րդ տեղը, ապա 1998-ին արդեն հայտնվեց 18-րդ տեղում։ Բազմաքանակ սոցիալական ծրագրերը ֆինանսավորման հետ կապված լուրջ խնդիրներ ունեցան։ Վերջնահարվածը եղավ 1995թ., երբ Շվեդիան մտավ Եվրամիություն. եվրոպական ինտեգրացիան թելադրում էր իր պայմանները՝ կասկածի տակ դնելով շվեդական սոցիալիզմի մոդելի հետագա գոյությունը։ Ըստ էության, իրենք՝ շվեդները, մտնելով ԵՄ, համաձայնել են սոցիալական կայունության եւ տնտեսական էֆեկտիվության միջեւ նոր բալանս գտնելու անհրաժեշտության հետ։ Ավաղ, ստիպված ենք ընդունել, որ առանձին վերցրած մի երկրում «համընդհանուր բարեկեցության պետության» կառուցման գաղափարը ընդամենը առասպել էր, ավազե ամրոց, որ փլվում է հիմա՝ աչքներիս առաջ։ Այսօր շվեդները ստիպված են կրճատել բյուրոկրատական ապարատի պահպանման ծախսերը, սոցիալական նպաստների չափերը, քչացնել արտոնությունները եւ նույնիսկ՝ իջեցնել հարկերը։ Հայտնվում են մասնավոր դպրոցներ եւ հիվանդանոցներ, աճել է աշխատանքի վարձատրության տարբերությունը եւ անգամ սկսվել է մասնավորեցման գործընթաց։ Չեմ ասի, թե շվեդները, որոնք արդեն սովորել են սոցիալական կայունությանը, հիացած են այս իրողությամբ, բայց իրենք էլ են գիտակցում, որ շվեդական մոդելը տեղի է տալիս եւ երկրին ստիպում է հետընթաց ապրել։ Վատ չէր լինի, որ սա հասկանային նաեւ մեր չտես սոցիալիստները, որոնք սովոր են առիթ-անառիթ մատնացույց անել Շվեդիան։ Ի դեպ, հեռու-հեռավոր ժամանակներում՝ 19-20-րդ դարերի սահմանագծին Շվեդիայում տեղի էր ունենում գրեթե նույնը, ինչ հիմա Հայաստանում։ Այն ժամանակ աղքատ գյուղատնտեսական երկիր Շվեդիայի բնակչության գրեթե մեկ քառորդը արտագաղթեց ԱՄՆ։ Իսկ մի քանի տասնյակ տարի հետո գործարարության զարգացումը խթանող ազատական տնտեսական ռեֆորմների արդյունքում Շվեդիան դարձավ զարգացած արդյունաբերական պետություն։ Ինչ խոսք, դրան նպաստեցին ինչպես Շվեդիայի պատմության մեջ տեւական խաղաղ ժամանակահատվածը, այնպես էլ երկու ավերիչ պատերազմներ վերապրած համաշխարհային շուկայում շահավետ կոնյունկտուրան։ «Շվեդական սոցիալիզմի մոդելը» ծնվեց հենց այդ ժամանակ, երբ երկիրը հարստացել էր այնքան, որ ցանկացավ գնալ մի երրորդ ուղիով՝ համատեղելով կապիտալի շուկան համընդհանուր բարեկեցության ձեռքբերման գաղափարի հետ։ Երկար ժամանակ այդ մոդելն իրոք գործեց, բայց այժմ «ոսկե դարին» անվերադարձ ավարտ է սպառնում։ Թեեւ շվեդները, իր կյանքն ապրած մոդելի փոխարեն, ամենայն հավանականությամբ կմոգոնեն ինչ-որ նոր, արժեքավոր բան, ամեն դեպքում, մենք չէ, որ նրանց պիտի կարեկցենք։ Առավել եւս, որ նրանց «շվեդական սեղանը» (որը ոչ մի տեղ չի կորել ու չի էլ պատրաստվում կորչել) նախկինի պես հարուստ է եւ շռայլ՝ հյուրասիրության համար։ Իսկ դա արդեն ցուցանիշ է։ Ազգը, որ հանգեց այն հանճարեղ մտքին, թե ոչ ոք ի վիճակի չէ ուտել ավելի, քան թույլ են տալիս սեփական ստամոքսի չափսերը, դժվար թե կորչի։ Թեեւ, եթե նկատել եք, հայերը շվեդական սեղանն ինչ-որ չսիրեցին։ Տեսնես ինչո՞ւ։ ԳԵՆՈՖԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՍՏՈԿՀՈԼՄ-ԵՐԵՎԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել