Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի երեկվա հանդիպումը լրագրողների հետ կապված էր հուլիսի 6-ի Եվրախորհրդի

Հուլիս 13,2001 00:00

Վենետիկը չդարձավ քաղաքական քննարկումների ամբիոն ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի երեկվա հանդիպումը լրագրողների հետ կապված էր հուլիսի 6-ի Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի լիագումար նիստին, որի օրակարգում դրվել էր ՀՀ սահմանադրական բարեփոխումների փաթեթի քննարկման հարցը։ Հանձնաժողովն արդեն տվել է իր պաշտոնական եզրակացությունը, որը, Գ. Հարությունյանի տեղեկատվության համաձայն, ամփոփված է 78 կետով։ «Միայն 4 կետերի շուրջ է,- շարունակեց ՍԴ նախագահը,- որ մոտեցումների հարցում կար տարաձայնություն»։ Տեղեկացանք նաեւ, որ Ադրբեջանի ներկայացուցչի կողմից եղել է փորձ՝ «նախապես նախապատրաստված ելույթ», որի բովանդակությունն այն էր, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը (որում հղում կա ՀՀ անկախության հռչակագրին եւ դեկտեմբերի 1-ի Արցախի վերամիավորման որոշմանը) չի բխում իր ստանձնած պարտավորություններից։ Ադրբեջանի առաջարկությունը եղել է այն, որ Արցախը անբաժանելի մաս համարող Հայաստանի հարցը նույնպես դրվի Վենետիկի հանձնաժողովում։ Հայկական կողմը, որը ՍԴ նախագահից բացի ներկայացնում էր ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, գրավոր պատասխանել է, հայտնել, որ առաջաբանի վերաբերյալ որեւէ փոփոխություն չի ներկայացրել եւ, որ «սահմանադրական բարեփոխումները նպատակ չունեն քննության առարկա դարձնելու, ռեւիզիայի ենթարկելու Անկախության հռչակագիրը»։ Պարզ ասած, մերոնք հասկացրել են՝ բարձրացված հարցը կապ չունի քննարկվելիք հարցի հետ, իսկ Վենետիկի հանձնաժողովն էլ չի կարող դառնալ քաղաքական քննարկումների ամբիոն։ Ըստ ՍԴ նախագահի, վերոնշյալ 4 հարցերը, որոնցում տարակարծություններ են եղել, վերաբերել են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներին, արտակարգ իրավիճակներում նախագահի կողմից ձեռնարկվող միջոցառումներին եւ Երեւանի կարգավիճակին։ Սահմանադրության փոփոխություններում նախատեսվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, իր վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությանը եւ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք ունի եւ կարող է պահանջել դրանց ճշգրտումը կամ վերացումը, եթե դրանք հավաստի չեն կամ ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով։ «Առավոտի» հարցին ի պատասխան, թե սպասվելիք սահմանադրական փոփոխություններում նախագահի լիազորությունների սահմանափակում ենթադրվո՞ւմ է եւ խոսակցություն գնացել է միայն արտակարգ իրավիճակներո՞ւմ հանրապետության նախագահի կողմից հնարավոր քայլերի մասին, ՍԴ նախագահը տեղեկացրեց, որ որոշ գործառնական լիազորություններ կսահմանափակվեն։ «Առաջին լիազորությունը վերաբերում էր պառլամենտը ցրելու նախագահի լիազորություններին, որը երկար քննարկումների առարկա դարձավ, որը մեր սահմանադրության թերի կողմն է»։ Գ. Հարությունյանը նշեց, որ նախատեսվելիք փոփոխություններով վերացել են նախագահի կողմից ԱԺ-ն վաղաժամկետ դադարեցնելու լիազորությունները (միայն փակուղային իրավիճակում այն կլինի՝ պայմանավորված կառավարության ձեւավորման եւ ԱԺ հնարավոր անգործունակության հետ), եւ, որ նախագահը իրավունք չի ունենա կառավարության բոլոր նիստերը վարել, վավերացնել կառավարության որոշումները, դադարեցնել դատավորների լիազորությունները, սահմանել կառավարության կառուցվածքը, հանդես գալ դատական իշխանության անկախության երաշխավոր։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել