ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ Քանի ՀՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանն է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի շենքում հավաքված գյումրեցիները բուռն ծափերով էին ընդունում «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի այս եւ ՀՀ նախագահի հրաժարականի անհրաժեշտության մասին մյուս բոլոր պնդումները։ Ա. Գեղամյանը շատ լավ գիտի, թե իշխանություններից դժգոհ մարդկանց ինչպիսի խոսքերով կարելի է գոհացնել։ Սակայն խոսքերը վաղուց բավարար չեն ու գյումրեցիներից մեկը դահլիճից բողոքեց՝ «Միշտ էսպես գալիս ասում ու գնում եք, դե պատժեք նրանց»։ «Հիմնավոր փաստարկներով ՀՀ նախագահին, իշխանություններին քննադատող» Արտաշես Գեղամյանի բոլոր ելույթները անտեսվում են։ «Հատուկ նախարարին ուղարկեց՝ գնա՛ Գեղամյանին ջախջախի։ Փոխանակ բերածս վերլուծությունը ջախջախի, անցյալս սկսեց փորփրել»,- գյումրեցիներին պատմեց նա։ Ու վստահեցնելու համար, որ իր վերլուծությունը փաստարկված էր, ավելին՝ հենց պաշտոնական վիճակագրական տվյալների վրա հիմնված, այն նաեւ գյումրեցիներին ներկայացրեց։ Դժվար է ասել՝ իշխանությունների ապաշնորհ աշխատանքի մասին վկայող վերլուծությունը եւ տնտեսության զարգացման մասին խիստ գիտական ելույթը հետաքրքիր ու մատչելի՞ էր գյումրեցիներին, բայց ուշադիր լսեցին։ «Ամենուր ապօրինություններ ու օրինազանցություններ են,- վստահեցրեց Արտաշես Գեղամյանը եւ ավելացրեց,- ինչպես կարող է երկրում օրենքի գերիշխանություն լինի, երբ բացահայտ ԱԺ-ի ամբիոնից ասում են, որ ձեր նախարարները ստախոս են, որ ձեր նախարարները խախտում են օրենքը, բացարձակապես ոչ մի ռեակցիա։ Եթե նախարարը խախտում է օրենքը ու անպատիժ է մնում, դե պարզ չէ՞, որ իր ենթական կխախտի ու կխախտի օրենքը»։ Նախարարների անպատժելիության գաղտնիքն էլ ասաց. «Է, ո՞նց պատժեն նախարարին, որին պատժում են, ինչքա՜ն բան են նրանց վրա ասում, դրա տակի՞ց ոնց դուրս գան. ամբողջ հարցը դրանում է»։ Ըստ Արտաշես Գեղամյանի, «պետական քաղաքականությունը իջեցրել են բամբասանքի մակարդակի։ Եթե մարդ ոչ մի բնագավառում ֆունդամենտալ, պրոֆեսիոնալ գիտելիքներ չունի, բնականաբար, նա պետք է լինի բամբասանքների թիրախ։ Գյոզալական Հայաստանն են ուզում իջացնել իրանց մակարդակին, այ սա՛ ողբերգություն է արդեն»։ Արտաշես Գեղամյանին մեղադրում են, որ սեւ ակնոցներով է նայում իրականությանը։ «Ա՛յ մարդ, ես սեւ ակնոցներով չե՛մ նայում, ինքս էությամբ շատ օպտիմիստ մարդ եմ, բայց ես չեմ կարող չբղավել, մեջիցս եմ վառվում, որովհետեւ Հայաստան ենք կորցնում»,- բղավեց Ա. Գեղամյանը։ ՀՀ նախագահը, ըստ Գեղամյանի, Արցախի հարցը չի լուծի, «որովհետեւ նա գիտի, այդ հարցի լուծումը ինչքան ձգձգվի, այնքան պատրվակ ու պատճառ կունենա մարդկանց համոզելու, որ խելոք մնացեք, մի քիչ էլ դիմացեք, ոչինչ, որը սոված մեռնում է, թո՛ղ մեռնի։ Որովհետեւ հենց այդ հարցը օրակարգից դուրս եկավ, զորքին կանգնեցնել չի լինի, արդեն իսկ հնարավոր չէ»։ Գյումրեցիներից մեկի այն դիտարկմանը, որ մեր պետության իրական ղեկավարները միշտ պաշտպանության նախարարներն են եւ բանակն է հարցերը լուծում՝ «տհաս գեներալների» գլխավորությամբ, Արտաշես Գեղամյանն ասաց. «Շատ ծանր ու լուրջ հարց է։ Թող այդ բոլոր գեներալները իմանան, միեւնույն է, այս չարագործությունները վաղ թե ուշ վերջանում են եւ եթե օր առաջ կանգնեն ժողովրդի կողմը, փրկած կլինեն իրենց տերերին»։ Իշխանություններին անխնա քննադատելուց հետո, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավարը նաեւ ելքը առաջարկեց։ ԱԺ-ն սպառել է իրեն, մեծամասնության ձեւավորած կառավարությունը խեղկատակ է, հետեւաբար ԱԺ-ն պետք է լուծարվի եւ ձեւավորվի ազգային համաձայնության կառավարություն։ Եվ այս բոլորից հետո «անշուշտ ՀՀ նախագահը պետք է հրաժարական տա. նա այլեւս սպառել է իրեն եւ սա բացահայտ ճշմարտություն է»։ Նաեւ դիմեց Ռոբերտ Քոչարյանին. «Թող ՀՀ նախագահը պարզորոշ իմանա՝ իր ընդդիմությունը Արտաշես Գեղամյանը չի, համայն հայությունը, ամբողջ հայ ժողովուրդն է»։ Հայ ժողովրդի դահլիճում հավաքված մասը այս պնդումը ծափերով ողջունեց։ Գյումրեցիներից մեկն էլ հարցրեց՝ «իշխանությունները կամավոր, առանց արյունահեղության կհեռանա՞ն»։ Պատասխանն էր. «Արյունահեղությունների լիմիտը վաղուց սպառել են ու ոչ մեկին հանկարծ ահաբեկչությամբ չվախեցնեն, բոլորիս վախը վաղուց բռնված է։ Հայ ժողովրդի համբերատարության վրա ոչ ոք հույս չդնի, համբերության բաժակը լցվել, թափվում է։ Ինչպե՞ս կարելի է նստել մի աթոռի վրա, որ անիծված է ազգաբնակչության 95%-ի կողմից»։ Համաներման ու մահապատժի կիրառման թեմաներին հասնելով՝ եզրակացրեց. «համաներման որոշումը կամայականություն է, որը հովանավորվել է ամենաբարձր իշխանությունների կողմից ու հանկարծ թող չփորձեն մեզ էշի տեղ դնեն կամ բերաններս փակեն, չի՛ ստացվի։ Մահապատիժը, որ չի կիրառվի, դա էլ Նաիրի Հունանյանին է հասկացնում, հա՞։ Իսկ հետեւություններ բոլորս ազգովի անենք, այստեղ խունջիկ-մունջիկ գալու, խորամանկելու ժամանակը չէ։ Բոլորիս չե՛ն կարող վերացնել»։ Այս ԱԺ-ն ՀՀ նախագահը երբեք չի լուծարի, քանի որ «ավելի հարմար ԱԺ երբեք չի լինի, ԱԺ, որտեղ հարցերը լուծում են ոչ թե ազգի մեծերը, նկատի ունեմ մտավորականները, այլ հարկային տեսուչների մակարդակով, որովհետեւ բոլորի պոչը նրանց ոտի տակ է»։ Ուժեղ հսկողությամբ շրջող պաշտոնյաների մասին ասաց. «Սեփական հողիդ վրա ումի՞ց ես վախենում։ Էդ ի՞նչ սխալ բան ես արել, որ ժողովրդի մեջ մտնել չես կարողանում»։ Սրան դահլիճից արձագանքեցին՝ «Դեմիրճյանն էլ չէր վախնա, բայց խփեցին, չէ՞»։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ