Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ խմբագրություն այցելեց մի մայր՝ իր փոքրիկի հետ եւ արցունքն աչքերին պատմեց ԱՄՆ դեսպանատան հյուպատ

Հուլիս 13,2001 00:00

Խիստ՝ օրենքո՞վ, թե՞ չափից ավելի Երեկ խմբագրություն այցելեց մի մայր՝ իր փոքրիկի հետ եւ արցունքն աչքերին պատմեց ԱՄՆ դեսպանատան հյուպատոսի անբացատրելի արարքի մասին։ Ադա Մորոզովան, երկու տարեկան է եղել, երբ նրա ծնողներն ամուսնալուծվել են։ Հայրը մեկնել է ԱՄՆ՝ մշտական բնակության (13 տարի է՝ ԱՄՆ քաղաքացի է), իսկ անչափահաս Ադան մնացել է մոր մոտ։ Մայրը միտումնավոր փոխել է բնակավայրը, որպեսզի հայրը չգտնի իր դստերը։ Սակայն ե՛ւ հայրը, ե՛ւ Ադան անընդհատ որոնել են միմյանց։ Երեք ամիս առաջ հայր եւ դուստր գտել են միմյանց եւ որոշել հանդիպել։ Քանի որ հայրը վատառողջ է եւ ֆինանսական ծանր վիճակում, Ադան ինքն է որոշում մեկնել ԱՄՆ։ Սակայն Հայաստանում ԱՄՆ հյուպատոսը նրան մերժում է։ Ադան գրավոր դիմում է ԱՄՆ դեսպանատանը գործող բողոքարկման բաժին, որի փաստաբանը դիմումը ներկայացնում է հյուպատոսին։ Ադան իր դիմումում (որի պատճենը խմբագրությունում է) գրել էր. «Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա, ես եւ ամուսինս աշխատում ենք, ունենք ամառանոց, տուն, մեքենա, հարցազրույցի ժամանակ կարող եմ ներկայացնել նաեւ իմ ֆինանսական տվյալները»։ Նման բացատրագիր ստանալուց հետո հյուպատոսը դեռեւս ոչ մի պատասխան չի տվել, մինչդեռ պարտավոր է որեւէ պատասխան տալ մեկ ամսից ոչ ուշ։ Ինչ վերաբերում է ԱՄՆ մուտքի թույլտվություն ստանալու առաջին դիմումին, ապա դեսպանատան լրատվական ծառայությունից տվեցին հետեւյալ պարզաբանումը։ Ըստ ԱՄՆ ներգաղթային եւ հպատակագրման օրենքի, «ցանկացած տեսակի վիզայի համար դիմող յուրաքանչյուր քաղաքացի ենթադրվում է, որ ներգաղթելու հնարավոր միտումներ ունեցող անձ է, քանի դեռ վերջինս չի ապացուցել հյուպատոսին, որ նա իր երկրում ունի մշտական բնակավայր, որը թողնելու մտադրություն չունի եւ, որ իր երկիր է վերադառնալու ԱՄՆ ժամանակավոր այցից հետո։ Հիմնական բնակավայրը ապացուցվում է աշխատանքային, գործարար կամ ընտանեկան կապերով, անշարժ գույքի եւ նման այլ փաստերի առկայությամբ, որոնք պահանջում են անձի ուշադրությունը եւ ներկայությունը իր երկրում։ Օրենքն արգելում է դեսպանատանը վիզա տալ այն անձանց, ովքեր չեն կարողացել հաղթահարել վերը նշված ենթադրությունը առ այն, որ դիմողն ունի ներգաղթելու նպատակ։ Օրենքը կիրառելիս, ինչպես նշվում է Կոնգրեսի կողմից, հյուպատոսները պարտավոր են մերժել եւ շարունակել մերժել վիզան այն բոլոր դեպքերում, եթե նրանց կարծիքով ապացույցները համոզիչ չեն»։ Քանի որ տվյալ դեպքի ապացույցները ակնհայտորեն համոզիչ էին, որոշեցինք զրուցել հյուպատոսի հետ։ ԱՄՆ դեսպանատան լրատվականի միջոցով հյուպատոս Լիլի Քոժերին ուղղեցինք մեր հարցերը։ Նա ասաց, որ նման դեպքեր շատ են լինում եւ չի կարող տվյալ պահին մտաբերել, թե խոսքն ում մասին է։ Բայց իրենց չի հետաքրքրում այն խնդիրը, թե անձը ի՞նչ նպատակով է ԱՄՆ մեկնում. հիվանդ հարազատին տեսությա՞ն, թե՞ զբոսաշրջության։ Սակայն, վերը նշված օրենքի համաձայն, եթե տվյալ անձի փաստարկները բավարարում են վերոհիշյալ օրենքի պահանջները, ապա, հնարավոր է՝ կամ թյուրիմացության, կամ տվյալ անձի մտքի ոչ ճիշտ ձեւակերպումն է մերժման պատճառ հանդիսացել։ Ադա Մորոզովայի վիզայի խնդիրը վերանայման փուլում է։ Գուցե ա՞յս անգամ հյուպատոսին կհետաքրքրի Ադայի կյանքի պատմությունը եւ գուցե այս անգամ նա ուշադրությունը կսեւեռի ոչ թե երիտասարդ կնոջ հուզմունքից ձեւակերպված բանավոր խոսքին, այլ նրա ներկայացրած գրավոր հիմնավորված փաստարկներին, որոնք ակնհայտորեն լիովին բավարարում են ԱՄՆ ներգաղթային օրենքի պահանջները։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել