Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իմ պետությունը սրանք չեն, իմ պետությունը դեռ կայանալու է» Ասում է Անահիտ Բախշյանը

Հուլիս 13,2001 00:00

«Իմ պետությունը սրանք չեն, իմ պետությունը դեռ կայանալու է» Ասում է Անահիտ Բախշյանը Հոկտեմբերի 27-ին զոհված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի կինը՝ մանկավարժ Անահիտ Բախշյանը, գտնում է, որ այն, ինչ կատարվեց հոկտեմբերի 27-ին, պետք է դիտվի որպես սարսափելի դաս, որը պետք է արժանի հակահարված ստանա։ Հակառակ դեպքում, ոչ ոք ապահովագրված չի կարող լինել նոր «Հոկտեմբերի 27»-ից. «Իսկ եթե իրենց հետ եւս այդպես վարվեն… չեմ ուզում ոչ մեկի հետ կրկնվի դա։ Բայց, եթե չհարցնենք՝ ինչո՞ւ եղավ, ո՞վ իր պաշտոնում, իր տեղում, իր դերում չէր, ապա ամեն ինչ կարող է կրկնվել։ Աստված մի՛ արասցե, եթե Նաիրի Հունանյանը չդատապարտվի մեր Սահմանադրությունից բխող օրենքով, նրա բնութագիրը ճիշտ չներկայացվի հասարակությանը, ոչ մի երաշխիք, որ չեն կրկնվի նման դեպքեր։ Օրինակ, այս վերջին սահմռկեցուցիչ դեպքը, որ տեղի ունեցավ Հարավ-Արեւմտյան թաղամասում, մեր նախկին շենքի հարեւանների հետ։ Մի՞թե սա չի խոսում մեր երկրում անպատժելիության ահավոր վտանգավոր մթնոլորտի մասին։ Ո՞նց չեն մտածում այս մասին։ Հիմա առավել քան պետք է մտածեն, քանի որ այն «պատճառը», որը դրդել է Նաիրի Հունանյանին կատարել այդ ոճրագործությունը, այսօր ավելի է խորացել։ Իրենց թվում է, թե թիկնապահներով կարող են պաշտպանվել, բայց թող հիշեն «Հոկտեմբերի 27»-ը։ Ապահովությունն այն է, որ պաշտոնյան սիրվի ժողովրդի կողմից, թիկնապահի կարիք չունենա, թիկնապահները կարծես չինական պարիսպ լինեն ժողովրդի եւ պաշտոնյայի միջեւ։ Իսկ կսիրվի, եթե դիմի ժողովրդին, անկեղծորեն կիսվի նրա հետ նաեւ դժվարությունների մասին, եւ ժողովուրդը սատար կկանգնի նրան»։ Անահիտ Բախշյանը երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի գնահատականը տալիս ասաց՝ ի՞նչ բարոյահոգեբանական մթնոլորտի մասին է խոսքը, երբ մարդիկ կան, ովքեր ոչ թե ցավում են, որ տեղի է ունեցել նման ոճրագործություն, այլ օգտվել են դրանից եւ շարունակում են օգտվել. «Բարոյականության մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող։ Ինչ հսկայական ջանքեր են պահանջվում ինձանից որպես մանկավարժ, որպես դպրոցի տնօրեն, որ երեխաներից թաքցնելով իմ զգացումները, ամեն օր ժպտալով բարեւ ասեմ եւ իրենց հետ հիմնը երգեմ աջ ձեռքը սրտիս դրած։ Դպրոցը մաքուր, բարոյականության, արդարության, մարդկային ջերմ վերաբերմունքի եւ հոգատարության օազիս պիտի լինի, որ երեխաները հնարավորինս զերծ լինեն այն ամենից, ինչ կատարվում է այս պետության մեջ, որպեսզի չհիասթափվեն եւ չհուսահատվեն, որքան հնարավոր է։ Չտեսնեն, թե ինչպես են արժեքները ոտնակոխ արվում։ Այս ամենի հետ մեկտեղ ես անչափ լավատես եմ, որովհետեւ իմ պետությունը դեռ կայանալու է, որովհետեւ ես ունեմ հրաշալի աշակերտներ, որոնք սիրում են իրենց երկիրը, սովորում են ճիշտ ընտրություն կատարել, դառնալու են լավ քաղաքացիներ եւ թույլ չեն տալու նման ոտնձգություններ մարդու նկատմամբ։ Ես հավատում եմ Աստծուն եւ իմ աշակերտներին»։ Պատ.՝ Մ. ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել