Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես պաշտպանել հայ սպառողի իրավունքը

Հուլիս 13,2001 00:00

Ինչպես պաշտպանել հայ սպառողի իրավունքը «ԱրմենՏել»-ի պայմանագրային պարտավորություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստին երեկ մասնակցում էին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, «Արմինկո»-ի տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը եւ Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Վահե Յակուբյանը։ Վերջինս էլ հանձնաժողովի բուռն եւ աշխատանքային դառնալու հավակնություն ունեցող քննարկումների գլխին կարծես թե փորձեց սառը ջուր լցնել իր փաստաբանական կոնկրետ հաշվարկներով։ Նախ նա ասաց, որ Հայաստանն իր ուզածը կստանա միայն այն դեպքում, եթե կարողանա ապացուցել, որ «ԱրմենՏել»-ի կողմից տեղի են ունեցել խախտումներ։ Իսկ դա հեշտ չի կարող լինել, քանի որ «իրենք կատարել են իրենց խոստումները՝ ըստ իրենց ներկայացրած թղթերի։ Իրենց հայտարարություններով եւ հաշվապահական թղթերով ասում են, որ 127 միլիոն դոլար ներմուծում են կատարել, մեր հայտատերը, թե՝ սուտ է, ոչ մի արժեք չունի։ Արժեք կունենա, եթե մենք լուրջ մասնագիտական եզրակացությունների հիման վրա ստուգում կատարենք եւ ապացուցենք։ Հիմա զգացում ունենք, որ ներդրում չի արվել, թերեւս, որոշ շոշափելի փաստեր էլ ունենք», բայց մասնագիտական ուսումնասիրություն չի արված։ Պրն Յակուբյանը առաջարկեց նաեւ չկենտրոնանալ կատարված ներդրումների ծավալների վրա, այլ՝ թե ի՞նչ որակի ծառայություն է մատուցում «ԱրմենՏել»-ը։ Ըստ փաստաբանի, հակառակ կողմին ձեռնտու է, որ հայկական կողմը ուշադրություն դարձնի ներդրումներին եւ մոռանա ծառայության որակի մասին, որն է ամենահիմնական հարցը, քանի որ, երբ Հայաստանը սեփականաշնորհեց իր կապը, երեք խնդիր ուներ։ Նախ՝ ունենալ ամուր համակարգ, հետո՝ որակը լինի միջազգային չափանիշներով ընդունելի, եւ երրորդ՝ գինը լինի տվյալ իրավիճակի համար ամենահարմարը։ Ի՞նչ ունենք այսօր՝ ճիշտ հակառակը։ Հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանին հետաքրքիր էր իմանալ, թե ինչպես պետք է ստուգվեն կատարված ներդրումների իսկական ծավալները։ Փաստաբան Յակուբյանը խիստ մատչելի փորձեց բացատրել՝ քանի որ մենք բավականաչափ փող չունենք եւ չենք կարող վարձել ֆինանսական եւ տեխնիկական աուդիտ ընկերություն, ապա, մնում է բավարարվել այստեղից-այնտեղից ստացված տեղեկություններով. «Նախարարության միջով, նախարարության դրսով, սեփական ընկերություններով, մասնագետների միջոցով փորձել այդ տեղեկությունները հավաքել եւ պահանջատեր ներկայանալ»։ Իսկ եթե կարողանանք, նույնիսկ այդպիսի պայմաններում, ապացույցներ հավաքել, ապա «ԱրմենՏել»-ը շատ վատ վիճակում կհայտնվի՝ կամ վնասի հատուցում կտա, կամ՝ դրան համապատասխան զիջումներ։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել