Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի

Հուլիս 13,2001 00:00

ԱՋ ՁԵՌՔԻ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՁԱԽԻՑ «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի անդամների փոխհակասող հայտարարությունները եւ անտեղյակությունը միմյանց գործունեությունից՝ լրացուցիչ հիմք են հոռետեսաբար վերաբերվելու այս հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությանը։ Միայն հանձնաժողովի երեկվա աշխատանքային խորհրդակցությունը մի քանի հակասություններ երեւան հանեց։ Այսպես, հանձնաժողովի փոխնախագահ Գագիկ Կոստանդյանը երեկ եւս մեկ անգամ բողոքեց, որ երկու ամիս է, ինչ իրենց չեն տրամադրում խցիկային քարտերը. «Ի՜նչ թուղթ, մակուլատուրա ասես տալիս են՝ բացի դրանից»։ Քանի որ այդ քարտերը կարեւոր են պարզելու համար, թե կալանավորները խցում ինչ «շրջապատ» են ունեցել, հանձնաժողովի նախագահ Վահագն Գրիգորյանին խնդրեցինք մեկնաբանել այն փաստը, որ փաստաթղթեր տրամադրելու իրենց պահանջը չի բավարարվում։ «Այդպիսի դեպքեր չկան»,- անակնկալ պատասխան տվեց պրն Գրիգորյանը եւ պարզաբանեց, որ իրենք նշված փաստաթղթերը դեռ գրավոր չեն պահանջել եւ նոր են միայն պատրաստվում դա անել։ Հանձնաժողովի նախագահի եւ փոխնախագահի խոսքերի մեջ հակասություններ արձանագրեցինք նաեւ, երբ Վահագն Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե ինչ քայլեր հետեւեցին հանձնաժողովի անդամների դժգոհությանը, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը պատշաճ հարգանքով եւ ուշադրությամբ չի վերաբերվել իրենց գրությանը Նաիրի Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից տեղափոխելու մասին։ «Որեւէ մեկը չի ասել, որ դատավորը նման անհարգալից վերաբերմունք է դրսեւորել,- պատասխանեց պրն Գրիգորյանը։ Բայց երբ հիշեցրինք, որ նման որակումներ արել էր իր տեղակալը, նշեց,- պրն Կոստանդյանը դատարանում չի եղել»։ Վերջինս տեղում նույնը կրկնեց. «Մի ամիս է անցել, բայց մենք դեռ պատասխան էլ չենք ստացել Սամվել Ուզունյանից։ Կարգ գոյություն ունի եւ արհամարհական վերաբերմունք չի կարելի ցույց տալ ո՛չ ԱԺ պատգամավորներին, ո՛չ էլ այս հանձնաժողովին»։ Ի դեպ, Գագիկ Կոստանդյանն ինքն իրեն էլ է հակասում։ Օրինակ, նա կողմ էր քվեարկել, որ հանձնաժողովը դիմի դատավորին՝ մեկուսարանը փոխելու խնդրանքով, բայց հետո շաբաթներ շարունակ բոլոր լրատվամիջոցներով ազդարարում էր, թե ինքը նպատակահարմար է գտնում, որ Հունանյանին պահեն ԱԱՆ մեկուսարանում։ Երբ երեկ էլ այդ մասին ասաց, հիշեցրինք իր քվեարկությունը։ «Ես կողմ էի քվեարկել, որ գրությունն ուղարկենք դատավորին՝ ինքը որոշի, քանի որ դա նրա իրավասության հարցն է»,- պրն Կոստանդյանի այս պարզաբանումներից կարելի է ենթադրել, թե հանձնաժողովի այլ անդամները վստահ էին, որ հենց իրե՛նք են որոշելու մեկուսարանի փոփոխության հարցը։ Սակայն սրանք մանրուքներ են առավել կարեւոր մի խնդրի համեմատ։ Կիմ Բալայանը նշել էր, թե արձագանքներ են եղել «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ տեղեկություններ հայտնելու իրենց հայտարարությանը եւ երեկ եւս մեկ անգամ հաստատեց. «Եղել են ե՛ւ հեռախոսազանգեր, ե՛ւ այցելություններ»։ Մինչդեռ հանձնաժողովի նախագահը նույն հայտարարության առնչությամբ ասաց. «Արձագանքներ չենք ստացել։ Ես էլ եմ զարմանում, որ որեւէ տեղեկություն, փաստարկ կամ հեռախոսազանգ չենք ստացել»։ Հանձնաժողովի փոխնախագահն էլ վկայեց, թե որեւէ արձագանք չեն ստացել ու տեղեկատվություն են հավաքում զուտ «ինչպես ասում են՝ անձնական հետախուզության արդյունքում»։ Եվ երբ հայտնեցինք պրն Բալայանի ստացած արձագանքների մասին՝ Վահագն Գրիգորյանը նախ զարմացավ. «Եթե իրեն դիմել են՝ պարտավոր էր տեղյակ պահել»։ Հետո Կիմ Բալայանից հետաքրքրվեց, թե արդյոք իրո՞ք հեռախոսազանգեր են եղել եւ հաստատական պատասխանին հետեւեց խիստ ուշագրավ մի հարց. «Բա այդ ինչո՞ւ տեղյակ չենք»։ «Իսկ ինչո՞ւ պիտի տեղյակ լինեիք,- պատասխանեց պրն Բալայանը։- Ստացված ահազանգը ներկայացնեմ՝ որ ի՞նչ անենք։ Մեր ընդունած կանոնակարգի մեջ հստակ գրված է՝ ստուգում կատարելուց հետո եզրակացությունը ներկայացնել հանձնաժողողովին»։ Մի քանի անգամ ուշադիր ընթերցեցինք այս հանձնաժողովի կանոնակարգը, բայց նման դրույթ չհայտնաբերեցինք։ «Դուք հակասություն եք փնտրում այնտեղ, որտեղ հակասություն չկա»,- սակայն ասում էր Կիմ Բալայանը, շարունակելով պնդել, թե, ըստ կանոնակարգի, պարտավորություն չունեն հանձնաժողովին ներկայացնել այն տեղեկատվությունը, որը դեռ չի ուսումնասիրվել. «Ես ահազանգեր ստացել եմ եւ ոչ մեկը։ Սակայն դրանք ընթացիկ լուծման մեջ գտնվող հարցեր են։ Մինչեւ չավարտեմ իմ ուսումնասիրությունները՝ չեմ ներկայացնի ահազանգերը եւ ոչ էլ կմիջնորդեմ, որ տվյալ անձը գա հանձնաժողովում այդ մասին տեղեկատվություն տա»։ Այսինքն, կարելի է եզրակացնել, որ հանձնաժողովում ով հասցրեց առաջինը վերցնել հեռախոսի ընկալուչը՝ նա էլ դրության տերն է։ Կուզենա՝ մնացածներին կփոխանցի ստացած տեղեկատվությունը, չի ուզենա կամ նպատակահարմար չի գտնի՝ կասի, թե ստուգեց ու պարզեց, որ անհիմն պնդումներ էին։ Այս հանձնաժողովում աշխատանքների կազմակերպման լուրջ թերությունների մասին է վկայում նաեւ այն, որ անդամներից մեկը (որն, ի դեպ, իշխանամետ մամուլի սիրելին է եւ գրեթե չի իջնում նախագահական մամուլի էջերից եւ էկրանից), իր գործունեության ոլորտը ինքնասահմանել է մամուլի տեսությունը։ Եվ ամեն անգամ նա ընդդիմադիր թերթերի որեւէ հրապարակում դարձնում է հանձնաժողովի քննարկման նյութ։ Այդպես եղավ նաեւ երեկ, երբ աշխատանքային խորհրդակցության մեխը դարձավ այն քննարկումը, թե հանձնաժողովի ո՞ր անդամն է՝ գերազանցելով իր լիազորությունները, արդեն իսկ եզրակացություն ներկայացրել «Հայկական ժամանակին», թե Նորայր Եղիազարյանն իրականում սպանվել է։ Սակայն հաշվի առնելով, որ հանձնաժողովում մեկը մյուսից տեղյակ չէ, թե ով ինչ ուսումնասիրություններ է անում՝ գուցե մեկն արդեն հեռախոսով ստացված տեղեկության շնորհիվ պարզե՞լ է, որ Նորայր Եղիազարյանն իրոք բռնության զոհ էր։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել