Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մինչ

Հուլիս 13,2001 00:00

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱ՞ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ Մինչ Ժնեւում հայտարարվում է բարձր մակարդակի Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի ստեղծման մասին, Հայաստանի պաշտոնական աղբյուրները շարունակում են լռություն պահպանել։ Մի շարք երկրներ, մասնավորապես՝ Միացյալ Նահանգները, անմիջապես արձագանքեցին՝ ողջունելով այս քայլը։ Թուրքիան եւս արձագանքեց, որը կարելի է ինչ-որ տեղ երկիմաստ համարել։ Թուրքական որոշ շրջանակներ ողջունեցին հանձնաժողովի ստեղծումը, իսկ ուրիշները պարզապես կրկնեցին, որ Հայաստանի հետ համաձայն են հաստատել հարաբերություններ, բայց որոշակի պայմանների բավարարումից հետո։ Վերադառնանք, սակայն, հայաստանյան արձագանքներին։ Ինչո՞ւ եւ ինչպե՞ս է ստեղծվել Հաշտեցման հանձնաժողովը։ Դեռեւս Քլինթոնի ժամանակներում առաջարկ եղավ՝ հայ- թուրքական երկկողմ հարաբերություններ սկսել, նստել երկխոսությունների սեղանին։ Հարցը բավականին հասունացել էր, այնքան, որ վերջին շրջանում արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման։ Որոշ շեշտադրմամբ այդ մասին խոսեց նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նույնիսկ որոշ երանգ նկատվեց, թե՝ մենք ուզում ենք հարաբերություններ հաստատել, թուրքական կողմը՝ ոչ։ Ամերիկյան Պետդեպարտամենտի նախաձեռնությունը, սակայն չուշացավ։ Արդյունքում՝ արդեն մի քանի ամիս, կարելի է ասել՝ գաղտնի, տեղի են ունենում Հաշտեցման հանձնաժողովի անդամների հանդիպումներ։ Հայկական կողմը ներկայացնում են չորս հայեր՝ Վան Գրիգորյանը (Նյու Յորք), Անդրանիկ Միհրանյանը (Մոսկվա), Դավիթ Հովհաննիսյանը (Երեւան), Ալեքսանդր Արզումանյանը (Երեւան)։ Թուրքական կողմից մասնակցում է վեց հոգի, ոչ պատահական մարդիկ՝ նախկին արտգործնախարար, երկու նախկին դեսպաններ, գլխավոր շտաբի նախկին հրամանատարի տեղակալ։ Ընդ որում, հանձնաժողովի բոլոր թուրք անդամները կապված են իրենց պետության հետ եւ, ըստ ամենայնի, հստակ ծրագիր են իրականացնում։ Որքան էլ մեր պետությունը չուզենա խոստովանել իր մասնակցությունն այս հանձնաժողովի աշխատանքներին, ակնհայտ էր, որ Դավիթ Հովհաննիսյանի մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին չի կարող պատահական լինել։ Մեր տեղեկություններով, պրն Հովհաննիսյանն ԱԳ նախարարի խորհրդականն է եւ պատասխանատու է հայ-թուրքական հարաբերությունների համար, արտակարգ եւ լիազոր դեսպան է, նաեւ՝ պրոֆեսոր։ Ստացվում է, որ պետությունը մի կողմից դեմ չէ, ընդհակառակը՝ ցանկություն ունի եւ մասնակցում է Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքներին, մյուս կողմից՝ մտադիր չէ հրապարակավ հայտարարել իր մասնակցության մասին։ Ի՞նչը կարող է նման պահվածքի պատճառ լինել։ Հնարավոր է, որ պետությունը վախենում է, որ այս պարագայում կմեղադրվի Հայ Դատին հետամուտ չլինելու մեջ։ Ուրիշ ի՞նչ կերպ բացատրել այն, որ ԱԳ նախարարությունը երեկ ոչ մի կերպ չարձագանքեց «Առավոտի» հարցին՝ ո՞րն է պետության դերակատարությունը հանձնաժողովի աշխատանքներին։ Ինքը՝ Դավիթ Հովհաննիսյանը մեր հեռախոսային զրույցի ժամանակ կտրուկ հերքեց իր՝ պետությունը ներկայացնելու հանգամանքը։ Պրն Հովհաննիսյանն ասաց, թե ինքն արդեն մեկ տարի չի աշխատում ԱԳ նախարարությունում եւ, որ հանձնաժողովում ինքը միայն իրեն է ներկայացնում եւ, որ ինքը հրավիրվել է հանձնաժողովի աշխատանքներին անձնական նախաձեռնությամբ։ Իր մասնակցությունը պրն Հովհաննիսյանը բացատրեց այսպես՝ «որոշեցի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, որովհետեւ դա որոշակի շանս է տալիս առանց տաբուների խոսել թուրքերի հետ»։ Մինչ այդ հանձնաժողովը հրապարակել է իր գործունեության հիմնական սկզբունքները։ Ըստ այդ սկզբունքների, հանձնաժողովը հաշվի է առնում, որ հայերի եւ թուրքերի միջեւ առկա են լուրջ տարաձայնություններ, ինչպես նաեւ՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նորմալ հարաբերությունների հաստատման խոչընդոտներ։ Այսուամենայնիվ, Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը հուսով է խթանել հաշտության աճող պատրաստականությունը թուրքական եւ հայկական քաղաքացիական հասարակության շրջանակներում, ներառյալ՝ Սփյուռքի համայնքների անդամներին։ Ի դեպ, հանձնաժողովի անդամ Դավիթ Հովհաննիսյանը մեզ հայտնեց, որ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում խոսվել է նաեւ Ցեղասպանության ճանաչման մասին։ Սպասվում է, որ հանձնաժողովի առաջիկա նիստերը տեղի կունենան Ստամբուլում եւ Երեւանում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել