Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեկ կայացավ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստը։

Հուլիս 12,2001 00:00

ԺԱՄԱՆԱԿԸ ՍՈՒՂ Է, ԻՍԿ ԱՆԵԼԻՔՆԵՐ ԴԵՌ ՇԱՏ ԿԱՆ Երեկ կայացավ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված հարցերից գլխավորը, թերեւս, Համահայկական երկրորդ խաղերի լուսաբանման հետ կապված խնդիրներն էին։ Գործկոմի բոլոր անդամները միակարծիք էին այն հարցում, որ Խաղերը ներկայումս ավելի շատ ազգային, քաղաքական նշանակություն ունեն, թեեւ մարզական ցուցանիշներն էլ վերջին հաշվով առաջնային են։ Սակայն ավելի է կարեւորվում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը, դրանց շրջանակների ընդարձակումը։ Ու այս առումով շատ բան կախված է լինելու այն բանից, թե Խաղերն ինչպես կլուսաբանվեն Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների կողմից։ ՀՄԼՖ գործկոմի անդամները մասնագիտական իրենց պարտավորությունները մինչեւ վերջ կատարելու պատրաստակամություն հայտնեցին։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կազմակերպիչները՝ Խաղերի անցկացման կազմկոմիտեն եւ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ստեղծեն աշխատանքային բավարար պայմաններ։ Մասնավորապես, մարզական լրագրողներին հետաքրքրում է Խաղերի մամուլի կենտրոնի աշխատանքների կազմակերպումը։ Քանի որ միաժամանակ մայրաքաղաքի ու մերձակա բնակավայրերի մարզաբազաներում անցկացվելու են տարբեր մարզաձեւերի մրցումներ, ուստի ԶԼՄ-ների ներկայացուցիչները նույնիսկ մեծ ցանկության դեպքում ֆիզիկապես ի վիճակի չեն լինի լինել բոլոր մրցավայրերում։ Ուստի անհրաժեշտ է, որպեսզի մրցավայրերից Խաղերի լրատվական ծառայությունում անխափան օպերատիվ ինֆորմացիա ստացվի։ Թե դա ինչպե՞ս է հնարավոր կազմակերպել, կան արդեն իսկ վաղուց փորձարկված եղանակներ։ Մնում է, որ կազմակերպիչները ցանկանան ու հասցնեն ապահովել համապատասխան տեխնիկական ու այլ միջոցները։ Քննարկման լուրջ թեմա դարձավ լրագրողների հավատարմագրման եւ մրցավայրերում նրանց աշխատանքն իրականացնելու հետ կապված հարցը։ Կազմկոմիտեն եւ Համաշխարհային կոմիտեն հակված են, որպեսզի հավատարմագրվեն միայն մարզական թեմայով գրող լրագրողները, կարծես թե նպատակ կա նաեւ սահմանափակել հեռուստաալիքների՝ ազատ աշխատելու իրավունքները, ավելի ճիշտ, նպատակահարմար է գտնվել այդ ամենը խստագույնս կանոնակարգել։ Դա մի կողմից դրական երեւույթ է՝ նկատի առնելով առաջին խաղերի փորձը, մյուս կողմից վնասում է Խաղերի, որոնք հավակնում են ապագայում դառնալ համայն հայության օլիմպիական խաղերը, ըստ ամենայնի, պրոպագանդմանը։ ՀՄԼՖ գործկոմի անդամները արեցին մի շարք առաջարկներ, որոնք ընդհանուր առմամբ ընդունելի լինելով, որոշ մանրամասներում սկզբունքային հակասություններ էին պարունակում։ Ելույթների, քննարկումների եւ արված առաջարկությունների արդյունքում որոշվեց առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հրավիրել ՀՄԼՖ գործկոմի եւս մեկ նիստ եւ դրա աշխատանքներին մասնակցելու հրավիրել նաեւ Խաղերի կազմակերպական կոմիտեի եւ Համաշխարհային կոմիտեի ղեկավարներին, որպեսզի եղած խնդիրները լուծելու համատեղ, բոլորին բավարարող ուղիներ գտնվեն։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել