Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում է Վլադիմիր Նազարյանը

Հուլիս 12,2001 00:00

Իրավագիտության կարծեցյալ մատչելիությունը Պարզաբանում է Վլադիմիր Նազարյանը Ինձ հասած տեղեկությունների համաձայն, վերջերս ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ, իրավագիտության թեկնածու Մհեր Խաչատրյանը հանդես է եկել «Պրոմեթեւս» հեռուստաալիքով եւ հրահանգավորել է դատավորներին անտեսելու համաներման մասին որոշման 2-րդ կետում եւ 9-րդ կետի «ա» ենթակետում սահմանված արգելքը՝ դատաքննության ընթացքում համաներումը չկիրառելու մասին եւ կոչ է արել կիրառել այն, քանի որ Մ. Խաչատրյանի համոզմամբ՝ համաներման մասին որոշումը, որպես ավելի ստորադաս ակտ, հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին՝ որպես առավել վերադաս ակտի: Մենք Մհեր Խաչատրյանի հետ գործընկերներ ենք վաղուց, ուստի փորձեմ լրացնել իրավունքի տեսությունից նրա համալսարանական գիտելիքների, իմ համոզմամբ, պակասը եւ հայտնել նրան, որ դատավարական օրենսգիրքը, լինելով դատավարական իրավունքի աղբյուր եւ պարունակելով դատավարական իրավունքի նորմեր, չի կարող հակասության մեջ լինել նյութական իրավունքի աղբյուր հանդիսացող եւ նյութական իրավունքի նորմեր պարունակող համաներման մասին որոշման հետ: Մի մեջբերում կատարեմ մեր հայրենակից, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վ.Ս.Ներսիսյանցի՝ 2001 թվականին հրատարակած «Իրավունքի եւ պետության տեսությունը» դասընթացից: «Որպես հետեւանք իրավունքի ճյուղերը նյութական իրավունքի ճյուղերի (օրինակ՝ քրեական իրավունքի, քաղաքացիական իրավունքի ճյուղերի) եւ դատավարական իրավունքի ճյուղերի (օրինակ՝ քրեական դատավարական իրավունքի, քաղաքացիական դատավարական իրավունքի) բաժանման,- գրում է Վ.Ս.Ներսիսյանցը,- առանձնացվում են նորմերի այնպիսի տարատեսակներ, ինչպիսիք են՝ նյութական իրավական նորմերը (նյութական իրավունքի նորմերը) եւ դատավարական իրավական նորմերը (դատավարական իրավունքի նորմերը): Նյութական իրավունքի նորմերը հասարակական հարաբերությունների առաջնային իրավական կարգավորման նորմեր են, իսկ դատավարական իրավունքի նորմերը կարգավորում են նյութական իրավունքի արդեն իսկ սահմանված նորմերի գործնական իրականացման եւ կատարման դատավարական կարգն ու ընթացակարգը եւ, այդ իմաստով (եւ ոչ երբեք՝ երկրորդականի իմաստով) դրանք երկրորդական իրավական կարգավորման նորմեր են: Դատավարական իրավունքի նորմերի էական նշանակությունն այն է, որ դրանք սահմանում են բուն իրավունքի գործողության որոշակի իրավական կարգը» (նշված աշխատություն՝ էջ 130): Հետեւաբար, որեւէ հակասություն չի կարող լինել նյութաիրավական նորմեր պարունակող եւ դատավարական նորմեր պարունակող իրավական ակտերի միջեւ: Ինչպես ուսուցանում է ակադեմիկոս Վ.Ս.Ներսիսյանցը՝ դատավարական նորմերը «երկրորդական իրավական կարգավորման նորմեր են: Դատավարական իրավունքի նորմերի էական նշանակությունն այն է, որ դրանք սահմանում են բուն իրավունքի գործողության որոշակի իրավական կարգը»: Այդ ակտերն ունեն միանգամայն տարբեր առաքելություն: Այլ խնդիր է, որ դատավարական իրավունքի նորմեր պարունակող ակտը հնարավորություն չընձեռի նյութական իրավունքի նորմերը կիրառելու համար: Սակայն, փառք Աստծո, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածն այդ հնարավորությունն ընձեռում է: Հենց համաներումը կիրառելու մասին դատարանի որոշման մեջ նշված է, որ դատարանը ղեկավարվել է համաներման մասին որոշման պահանջներով, իսկ այդ որոշումը պահանջում է համաներումը չկիրառել՝ 1) որոշման 5-րդ կետում թվարկված հանցագործությունները կատարած անձանց նկատմամբ. 2) դատաքննության գործընթացում գտնվող գործերով (2-րդ կետ եւ 9-րդ կետի «ա» ենթակետ). 3) թմրամոլությամբ, ալկոհոլամոլությամբ եւ վեներական հիվանդություններով տառապող անձանց նկատմամբ, մինչեւ հարկադիր բուժման ավարտը (7-րդ կետ): Ակնհայտ է, որ Մ.Խաչատրյանը փորձում է «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների նկատմամբ դատաքննության ընթացքում գտնվող գործով համաներման ապօրինի կիրառումն արդարացնել երկու հնարքով՝ 1) հակասություն հորինել նյութական իրավունքի նորմեր պարունակող համաներման մասին որոշման եւ դատավարական իրավունքի նորմեր պարունակող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի միջեւ. 2) հուրախություն բոլորիս հայտնել, որ իր հեղինակած օրենսգիրքը զոհվածների հարազատների ներկայացուցիչներին իսպառ զրկում է կատարված ապօրինության դեմ բողոքարկելու հնարավորությունից: Ինչպես ասում են՝ աչքներս լուս: Մնում է միայն հուսալ, որ վճռաբեկ դատարանի պալատի նախագահը, համաձայն ՀՀ Սահմանադրության եւ օրենքների, ցավոք, իրավունք չունի կատարման համար պարտադիր ցուցումներ տալ դատավորներին, անգամ «Պրոմեթեւս» հեռուստաալիքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել