Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր

Հուլիս 12,2001 00:00

ԻՆՔՆԱՎԵՐԱԳՐՄԱՆ ԵՎՍ ՄԻ ՇԵՂՈՒՄ Մեր տեղեկություններով՝ 3 ժամ է տեւել ամբաստանյալ Նաիրի Հունանյանի հետ հոգեբաններ Սեյրան Ամիրյանի եւ Նադեժդա Տարաբրինայի հանդիպումը։ Վերջիններս, ինչպես գիտեք, առաջնորդվում են քրդատօրի 84 հոդվածով։ Վերոնշյալ հոդվածի 9-րդ կետով էլ մասնագետները (տվյալ դեպքում՝ հոգեբանները) առանց քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվության, չեն կարող հրապարակել իրենց մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության ժամանակ (ինչպես նաեւ դռնփակ դատական նիստի ժամանակ) իրենց հայտնի դարձած տեղեկությունները։ Այնպես որ, մեր փորձը (նաեւ ստուգելու իմաստով, թե ինչպես են մասնագետները ենթարկվում օրենքի պահանջներին) հոգեբան Սեյրան Ամիրյանից (երեկ ռուս հոգեբանը բացակայում էր) ստանալ հանդիպման մասին որոշ տեղեկություններ՝ պսակվեց անհաջողությամբ։ Երեկ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը շարունակեց հարցաքննել ամբաստանյալ Նաիրի Հունանյանին, որի պատասխանները հոգնեցուցիչ նման էին նախորդ նիստերում հնչած պատասխաններին։ Միայն փոքր-ինչ կտրուկ էին դարձել դրանք եւ բանահյուսական բնույթի ինքնավերագրումներ չնկատվեցին։ Թերեւս, «շեղումն» այն էր, որ ամբաստանյալն իրեն վերագրեց Արցախի եւ Հայաստանի կոմերիտմիությունները միացնելու նախաձեռնությունը (նրան սերնդակից լինելու իրավունքով ասում եմ, որ այդպես չի եղել)։ Նա ասաց, որ մինչեւ Արցախ մեկնելը խոսել է Հրանուշ Հակոբյանի հետ։ Կենտկոմում իրեն հասկացրել էին, թե «Մոսկվան չի թողնում» եւ ամբաստանյալն ասաց, թե զգուշացրել էին իրենք, թե 50 հազար ուսանող «այդ շենքը» (Կենտկոմի, ներկայիս՝ ամերիկյան դեսպանատան) կշրջափակի։ Չեմ կարծում, թե սա էական հանգամանք է այս ծանրագույն քրեական գործի համար, սակայն պատասխանը (ճշգրիտ ստանալու համար) կտա գործով անցնող վկաներից՝ նույն ինքը՝ ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը։ Հարցաքննության մեծ մասը վերաբերում էր հոկտեմբերի 27-ին անցագիր ստանալուն, Տիգրան Նազարյանի, Անուշ Հարությունյանի դերին եւ ամբաստանյալ Աշոտ Կնյազյանին ԱԺ կանչելու նպատակին։ Ամբաստանյալը, մեղադրողի հարցին ի պատասխան, նկատեց, որ, օրինակ, հոկտեմբերի 27-ի երեկոյան ժ. 10-ին «անհամեմատ հանգիստ» է եղել Տիգրան Նազարյանը։ Եվ, որ վերջինիս «օգտագործելը» եղել է «իր ենթադրությունը»։ Երբ մեղադրողը հանդիմանեց, թե խաբել եք ձեր ընկերոջը, եւ «փաստորեն, նրան ներքաշելո՞ւ էիք ձեր վայրագ գործողությունների ոլորտը» ու դրա համար բարոյական պատասխանատվություն ամբաստանյալը չի՞ զգում, վերջինս անխռով պատասխանեց, որ «որեւէ բարոյական պատասխանատվություն չի զգում»։ Մեղադրողի «Հոկտեմբերի 25- ին, դուք ԱԺ բուֆետում սուրճ եք խմել Տիգրան Նազարյանի հետ։ Կողմնակի անձ եղե՞լ է» հարցին էլ պատասխանեց, որ իրենց մի կարճ պահ միացել է Անդրանիկ Մանուկյանը։ Ամբաստանյալի որոշ խուսափողական պատասխաններն առավելագույնս երեւում են հարցաքննության վերոնշյալ հատվածից. – Ամբաստանյալ, Տիգրան Նազարյանին դուք ասե՞լ եք, որ Ալեքսան Հարությունյանին կախել է պետք։ – Չեմ հիշում։ Չեմ կարծում, որ այդպիսի բան ասած լինեմ։ Նա կարծեմ դատակոչված վկա է, երբ գա, ինքը կպատասխանի։ – Ամբաստանյալ, Էդիկ Գրիգորյանին ինչպիսի երաշխիք եք տվել ուղիղ եթերի ապահովման համար։ – Չեմ տվել։ Ասել եմ Տիգրանի հետ պետք է կապվել դահլիճից։ – Տիգրանն ո՞վ է։ – Տիգրան Նաղդալյանը։ – Ամբաստանյալ, Տիգրան Նաղդալյանի հետ նման խոսակցություն ունեցե՞լ եք։ – Ոչ։ – Երաշխիք ունեի՞ք, որ Տիգրան Նաղդալյանը կտա համաձայնություն։ – Ոչ։ – Ձեր ընկերները կգայի՞ն, եթե երաշխիքներ չլինեին։ – Նրանք ոճրագործության չէին գնում, այլ՝ ապստամբելու։ – Դուք միսիոնե՞ր եք, թե՞ դառնացած ֆանատ։ – Իմաստ չեմ տեսնում պատասխանել հարցին։ Ամբաստանյալ Ն. Հունանյանը նորից առաջ քաշեց «ծայրահեղ անհրաժեշտության» դատավարական տարբերակը, ըստ որի, թե՛ ինքը, թե՛ իր խումբը դիմել են ծայրահեղ անհրաժեշտության։ Խմբի անդամներից, թերեւս, որերորդ անգամ անվստահության տարրեր են նկատվում Աշոտ Կնյազյանի հետ կապված։ Երեկ ամբաստանյալն ասաց, թե նրա հարցում միշտ տատանվել է։ Այդ դեպքում տարօրինակ է առնվազն հասկանալ, թե ԱԺ-ում ինչո՞ւ է ոճրագործությունից հետո ամբաստանյալը բղավել, թե «կապվեք Աշոտի հետ», մեկի, որին չի վստահել (իսկ գուցե ա՞յլ Աշոտի է ապավինել նա)։ – Ես բղավել-անցել եմ։ – Ամբաստանյալ, ինչո՞ւ էիք բղավում։ – Որ գտնեին, որ նա գար դահլիճ։ – Ո՞վ գտներ։ – Ինձ հետ եղողները։ – Ամբաստանյալ, դուք աննպատակ էի՞ք հրավիրում Աշոտ Կնյազյանին։ – Դա պահի տակ բղավոց էր։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել