Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրամատակարարման ոչ նորմալ գործունեության վերաբերյալ նամակներ ու բողոքներ խմբագրությունը գրեթե ամեն օ

Հուլիս 12,2001 00:00

Մի՞շտ է, որ վերեւի հարկերը ջուր չեն ստանում Ջրամատակարարման ոչ նորմալ գործունեության վերաբերյալ նամակներ ու բողոքներ խմբագրությունը գրեթե ամեն օր է ստանում։ Այն էլ ոչ միայն մայրաքաղաքի համայնքներից, այլեւ տարբեր մարզերից։ Երեւան քաղաքում ջրամատակարարումը օրախնդիր է դարձել։ Մանավանդ բազմահարկ շենքերում ապրող քաղաքացիները դժգոհում են, որ վերեւի հարկեր ընդհանրապես ջուր չի հասնում։ Նմանօրինակ բողոք է Երեւանի Դավիթաշեն համայնքի առաջին թաղամասի 46 շենքի թիվ 26 բնակարանի բնակիչ Հովհաննես Ռուշանյանի՝ շենքի բնակիչների անունից օրերս «Առավոտին» հղած նամակը։ Ըստ քաղաքացի Հ. Ռուշանյանի, ջրամատակարարումը Դավիթաշենի առաջին թաղամասում, 2000 թվականից սկսած, կտրուկ վատացել է։ «Եթե նախկինում 2 ժամ առավոտյան եւ 2 ժամ երեկոյան, ըստ ժամանակացույցի, ջուր էինք ստանում, ապա այժմ ստանում ենք դրա 40-50%-ը»։ Վերջինս, ջրամատակարարումը կարգավորելու նպատակով, բազմիցս նամակներ է հղել թե՛ քաղաքապետին, թե՛ կառավարությանը, թե՛ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ին, սակայն անարդյունք՝ ոչ ոքից պատասխան չի ստացել։ Հ. Ռուշանյանի հարցադրումներից մեկը հետեւյալն է. «Եթե նախատեսվածի չափով ջուր չենք ստանում, ինչպե՞ս կատարենք ջրավարձի մուծումները»։ Բնակչի մյուս դժգոհությունը ջրաչափերից է։ Պրն Ռուշանյանի խոսքերով, իրենց (բնակիչների) հետ առանց պայմանագիր կնքելու՝ պարտադրում են տեղադրել ջրաչափեր, ինչը հակասում է ՀՀ կառավարության 13.03.99թ. 149 որոշմանը։ Ինչ վերաբերում է ջրավարձերի գանձմանը, ապա, ըստ Ռուշանյանի, աչքաթող են արվում կանոնների թիվ 84 կետի ենթակետերը (Ա եւ Ժ), թիվ 87 եւ 90 կետերը։ Եվ քանի որ այս համայնքի ջրամատակարարման հարցով զբաղվում է Մաշտոցի շրջանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն, ուստի փորձեցինք խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ թիվ 1 տեղամասի պետ Արարատ Վարդանյանից։ Վերջինս, երբ տեղեկացավ, թե որ շենքի մասին է խոսքը, անմիջապես կռահեց, որ բողոքողը շենքի բնակիչ Ռուշանյանն է։ «Այդ շենքում մի անտանելի մարդ կա, անկասկած նա է բողոքել,- ասաց պրն Վարդանյանը եւ շարունակեց,- նրա ուզածը միայն ջուրը չի, նա ուրիշ շատ բաներ էլ է ուզում։ Էսօր զանգ է տվել, թե 1 ժամ 12 րոպե ջուր ունեցա, ինչո՞ւ պետք է 2 ժամ չլիներ։ Բացատրում ենք, որ այսօր էսպես է վիճակը, կլավանա։ Էլ ում ասես որ նամակ չի գրել՝ էլ քաղաքապետին, էլ ԱԺ-ին։ Նրա ոչ մի խոսքը իրականությանը չի համապատասխանում»։ Ա. Վարդանյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ այդ շենքի բնակիչները ջուր ունենում են ե՛ւ առավոտյան, ե՛ւ երեկոյան։ Իսկ ջրամատակարարման գրաֆիկը այնպես են կարգավորել, որ «եթե մի օր ջուր չի լինում, ապա հաջորդ օրը՝ 2 ժամ, նույնիսկ մինչեւ վերեւի հարկերը»։ Ըստ պրն Վարդանյանի, արդեն 10 օր է, որ շենքերի վերեւի հարկերը նորմալ ջուր ունենում են, իսկ բնակիչներն էլ գոհ են։ Ա. Վարդանյանը նաեւ հայտնեց, որ մի քանի ամսից ե՛ւ Դավիթաշենը, ե՛ւ Աջափնյակը կունենան իրենց առանձին սնուցող ջրամբարները։ Այդ նպատակով այժմ վերակառուցվում է 2-րդ ջրամբարը։ Ըստ պարոն Վարդանյանի, «այդ մարդն ամեն օր ջուր ունենում է եւ լողանում է»։ Հարցին, թե՝ ի՞նչ գիտեք, վերջինս պատասխանեց. «Գիտեմ, որովհետեւ, եթե նա մի օր չի լողանում, զանգում-ասում է՝ «Արիստոնը» միացրել եմ, ջուր չեղավ, էդ հոսանքի փողը դու պիտի տա՞ս»։ Պրն Վարդանյանի բացատրությամբ՝ ՀՀ կառավարության որոշման համաձայն, ջրաչափ պետք է տեղադրի կամ բաժանորդը, կամ էլ «Ջրմուղ-կոյուղու» աշխատակիցը։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել