Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր

Հուլիս 12,2001 00:00

Ի՞ՆՉ ԵՆ ԿՈՐՑՐԵԼ, Ի՞ՆՉ՝ ՓՆՏՐՈՒՄ «Մեր վերջին փողերը տվել ենք բենզինի ու Երեւան ենք եկել արդարության ետեւից»,- ասացին Դիլիջանի հակատուբերկուլյոզային առողջարանի բուժաշխատողները։ Իրենց փնտրած դեֆիցիտ ապրանքը կգտնե՞ն, թե՞ ոչ՝ հայտնի չէ։ Իսկ որպես իրականություն ներկայացրին հետեւյալը։ 80 տարվա առողջարանը իր տեսակի մեջ հանրապետությունում միակն է։ Գործում է բացառապես պետպատվերով, վճարովի ծառայություններ կատարելու իրավունք չունի։ Վերջին երեք տարիներին, թերֆինանսավորման պատճառով (օրինակ, 2000թ. 30%-ով է ֆինանսավորվել), առողջարանը բազմաթիվ պարտքեր է կուտակել։ Գլխավոր հաշվապահ Թերեզա Հակոբյանը պատմում է, որ մատակարարները հրաժարվում են իրենց հետ աշխատել։ Առողջարանը մթերք չի ստանում, պարբերաբար հոսանքազրկվում է, հեռախոսներն անջատված են։ Արդյունքում իրենք հիվանդներ չեն կարողանում ընդունել։ Իսկ Առողջապահական գործակալության հետ պայմանագիր ունեն կնքված՝ առողջարանում 2001թ. 130-150 հիվանդի բուժման մասին։ «Գոնե մի փոքր ֆինանսավորեն, պարտքերի մի չնչին մասը մարենք՝ վստահություն շահենք մեր մատակարարների մոտ»,- ասաց Թ. Հակոբյանը։ Ֆինանսավորման խոստումներ կոլեկտիվը գործակալությունից պարբերաբար ստանում է, ֆինանսավորում՝ ոչ։ Իրենց բախտակից գործընկերների հետ խորհրդակցելու համար դիլիջանցիները երկու օր առաջ եղել են Աբովյանի հակատուբերկուլյոզային դիսպանսերում։ Այստեղ խորհուրդ են տվել պայքարել եւ խոստացել են իրենց աջակցությունն այդ պայքարում։ Դիլիջանցիները պնդում են նաեւ, որ Աբովյանում բոլորն էլ շահագրգռված են, որ առողջարանը մնա եւ սպասարկի հիվանդներին, քանի որ Դիլիջանի օդը ամենանպաստավորն է տուբերկուլյոզի դեմ պայքարի համար։ Ի դեպ, բուժաշխատողները պնդում էին, որ այստեղի միայն օդը տուբերկուլյոզի որոշ ձեւեր է բուժում, ընդ որում՝ նրանք, որոնք չեն ենթարկվում դեղորայքային բուժման։ Արդարության փնտրտուքներում առողջարանի կոլեկտիվի պատվիրակությունը եղել է նաեւ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանի մոտ։ Վերջինս, ինչպես նաեւ հետո մեզ հետ ունեցած զրույցում, հավաստիացրել է, որ հնարավորինս կօժանդակի՝ առողջարանի պարտքերը աստիճանաբար մարելու հարցում, թեեւ, ինչպես հայտնի է, համակարգի ֆինանսավորումը կատարվում է ոչ թե նախարարության, այլ գործակալության միջոցով։ Սակայն բուժաշխատողները փոխնախարարի առանձնասենյակից տագնապած էին դուրս եկել, քանի որ այստեղ առաջին անգամ լսել էին, որ դրված է (ճիշտ է, դեռ՝ նոր-նոր) առողջարանի լինել-չլինելու հարցը։ Այսինքն, պետությունն ի վիճակի չէ առողջարան պահել. հնարավոր է (պրն Դարբինյանը մեզ հետ զրույցում եւս շեշտեց՝ ընդամենը հնարավո՛ր է), որ ի վերջո գումար չգտնելով, առողջարանը լուծարվի եւ շենքը օտարվի։ Եվ բուժաշխատողներին, եւ մեզ պրն Դարբինյանը հավաստիացրեց, որ հնարավորինս կաշխատեն պահել առողջարանը, որպես այդպիսին։ Դիլիջանցի բուժաշխատողներն ասացին, որ այս հավաստիացումից հետո, միեւնույն է, իրենք խուճապի են մատնվել։ Եվ հասկանալի է, թե ինչու։ Մեր զրույցում եւս պրն փոխնախարարն ասաց, որ աշխարհում նման բան (հակատուբերկուլյոզային առողջարան) չկա։ Այդ առողջարանն, իհարկե, արժեր պահել, եթե «մենք հարուստ լինեինք»։ Պրն Դարբինյանը պնդում է, որ թերբեռնված է աշխատում Աբովյանի հակատուբերկուլյոզային դիսպանսերը։ Թեեւ Դիլիջանի պատվիրակությունը հայտնեց, որ իրենց էլ, աբովյանցիներին էլ մեծ թվով հիվանդներ են դիմում եւ թերբեռնվածության միակ պատճառը ֆինանսավորման բացակայությունն է։ Եվ ամենեւին՝ ոչ պահանջարկի բացակայությունը, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Դիլիջանցիների այն դիտարկումը, թե տուբերկուլյոզը երիտասարդացել է եւ հիվանդացության աճ է նկատվում, չժխտեց նաեւ պրն Դարբինյանը։ «Կա տենդենց աճելու։ Սակայն վիճակը կրիտիկական չէ»,- ասաց նա։ Բուժաշխատողների պնդմամբ, տուբերկուլյոզը աճում եւ երիտասարդանում է բանակից զորացրվածների հաշվին։ Մի քանի տարի առաջ, երբ, ինչպես բուժաշխատողներն են ասում, կարիքն այսքան սուր չի եղել, իրենց մոտավորապես 200 մահճակալանոց առողջարանը ծանրաբեռնված է եղել մինչեւ 270 հիվանդ։ Պրն Դարբինյանը հայտնեց, որ հնարավորության դեպքում առողջարանը կպահպանվի՝ միայն թե ավելի փոքր՝ ասենք, 50 մահճակալով։ Մի քանի հազար քառակուսի մետր տարածքով առողջարան պահպանելը նպատակահարմար չէ։ Դիլիջանի պատվիրակությունը մեզ հայտնեց, որ հսկա առողջարանի երկու մասնաշենքերից մեկը վթարային է եւ չի շահագործվում. այսպես թե այնպես, այն պահպանելու կարիքը չկա։ Տուբերկուլյոզային ստացիոնարների առկայությունը Վանաձորում, Սյունիքում, Գյումրիում եւս առողջարանի պահպանման օգտին չէ, թեեւ պատկերացնել կարելի է դրանց ֆինանսավորման վիճակը։ Դիլիջանի յոթ հոգիանոց պատվիրակությունը հավաստիացնում է, որ իրենք կպայքարեն ամեն կերպ՝ ընդհուպ մինչեւ հացադուլ եւ նստացույց կառավարության շենքի առջեւ։ «Որովհետեւ մենք ոչի՛նչ չունենք կորցնելու»,- փաստարկեցին նրանք։ «Տղաս բանակում է։ Զանգեց, ասեց՝ մամ ջան, օտպուսկ են տալիս, գալի՜ս եմ։ Ասեցի՝ գալիս ես՝ ի՞նչ անես. մի կարգին սեղան էլ չեմ կարող գցել»,- պատմածի կեսից բուժքրոջ ձայնը կոտրվեց եւ նա խոսքն ավարտեց արցունքները խեղդելով։ Տարիներով ինֆեկցիոն վտանգի ենթարկելով իրենց եւ իրենց ընտանիքներին (ճիշտ է, դրա համար որոշ տոկոսներ ստանալով) այս մարդիկ աշխատել են։ Այժմ էլ են պատրաստ այդ վտանգին՝ միայն թե աշխատեն։ Արդեն այս համեմատության «համը դուրս է եկել», բայց ՀՀ նախագահի ստեղծելիք 40 հազար աշխատատեղի դեմ ի՞նչ են որ մի 47 հոգին, որ գործազուրկ կարող են դառնալ։ Ինչպես Դիլիջանի գրեթե ողջ բնակչությունը։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Դիլիջանից Երեւան հասել էին բացառապես բուժքույր, բուժակ, մայրապետ, գլխավոր հաշվապահ կազմով։ Եվ ոչ մի բժիշկ։ Մենք չհարցրինք, թե ինչու նրանք չեն եկել. մի՞թե կորցնելու բան չունեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել