Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հուլիս 12,2001 00:00

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ Երեկ Ժնեւում հայտարարվեց բարձր մակարդակի Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի ստեղծումը։ Հանձնաժողովը հրապարակել է իր գործունեության հիմնական սկզբունքները։ Սույն սկզբունքները համաձայնեցված են 2001 թվականի հուլիսի 9-ին քաղաքացիական հասարակությանը պատկանող հայերի եւ թուրքերի միջեւ, ովքեր, հանդես գալով անձնական նախաձեռնությամբ, համաձայնեցին ստեղծել Հաշտեցման հանձնաժողով։ Հաշտեցման հանձնաժողովը հանդիսանում է Վիեննայի Դիվանագիտական ակադեմիայում կայացած հանդիպումների արգասիքը։ Հաշտեցման հանձնաժողովի նպատակն է խթանել թուրքերի ու հայերի միջեւ փոխըմբռնման ու բարի կամքի զարգացումը, նաեւ խրախուսել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավումը։ Հաշտեցման հանձնաժողովը հաշվի է առնում այն, որ հայերի ու թուրքերի միջեւ առկա են լուրջ տարաձայնություններ, ինչպես նաեւ՝ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ նորմալ հարաբերությունների հաստատման խոչընդոտներ։ Հաշտեցման հանձնաժողովը իր ջանքերով հուսով է խթանել հաշտության աճող պատրաստականությունը թուրքական ու հայկական քաղաքացիական հասարակության շրջանակներում, ներառյալ՝ Սփյուռքի համայնքների անդամներ։ Հաշտեցման հանձնաժողովն օժանդակում է շփումը, երկխոսությունն ու համագործակցությունը Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակությունների միջեւ՝ հաշտության անհրաժեշտության մասին հասարակական գիտակցություն ձեւավորելու եւ գործնական օգուտներ քաղելու նպատակով։ Հաշտեցման հանձնաժողովն ուղղակիորեն գործունեություն կծավալի եւ միաժամանակ կնպաստի այլ կազմակերպությունների ծրագրերին։ Հաշտեցման հանձնաժողովը կմշակի առաջարկներ՝ կառավարություններին ներկայացնելու համար։ Հաշտեցման հանձնաժողովը կօժանդակի համատեղ ծրագրերին գործարարության, զբոսաշրջության, մշակույթի, կրթության ու հետազոտությունների, շրջակա միջավայրի, զանգվածային լրատվամիջոցների, վստահության հաստատման եւ այլ բնագավառներում, որոնք կճշտվեն հետագայում։ Հաշտեցման հանձնաժողովը, ելնելով ծրագրի պահանջներից, կներգրավի անհրաժեշտ մասնագետներ, եւ կարող է ներառել պատմության, հոգեբանության ու իրավագիտության, ինչպես նաեւ՝ այլ բնագավառների մասնագետներ։ Հաշտեցման հանձնաժողովը մեկ տարի անց կանդրադառնա գործընթացի արդյունքներին։ Հաշտեցման հանձնաժողովը հիմնել են. Գունդուզ Ակթանը (Անկարա), Ալեքսանդր Արզումանյանը (Երեւան), Ուսթան Էրգուդերը (Ստամբուլ), Սադի Էրգուվենսը (Ստամբուլ), Դավիթ Հովհաննիսյանը (Երեւանի պետական համալսարան), Վան Գրիգորյանը (Նյու Յորք), Անդրանիկ Միհրանյանը (Մոսկվա), Օզդեմ Սանբերկը (Ստամբուլ), Իլթեր Թուրքմենը (Ստամբուլ), Վամիկ Դ. Վոլկանը (Շարլոթեսվիլ)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել