Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդի

Հուլիս 12,2001 00:00

Կկրկնվի, եթե… Եվրախորհրդի անդամ դառնալուց առաջ երկրի գրեթե բոլոր ազդեցիկ կուսակցությունները, երկրի նախագահը, ԱԺ նախագահը (Արմեն Խաչատրյան), վարչապետը (Արամ Սարգսյան) ստորագրել են համաձայնագիր, որում մասնավորապես նշված է, որ Հայաստանը համաձայն է մահապատժի վերացմանը։ Թերեւս բացատրությունն այն էր, որ ընդհանրապես բոլորն էլ կողմ էին մահապատժի վերացմանը, բայց այդ դեպքում ինչո՞ւ չի առանձնացվել «27»-ը։ Այն ժամանակ քչերն ընդդիմացան, բայց «Ագո»-ի խմբի պահանջը՝ խոստումը կատարելու մասին, բոլորիս կողմից սվիններով ընդունվեց։ «Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար ՀՀԿ եւ ԵԿՄ անդամ Մյասնիկ Մալխասյանը մահապատժի վերացման կապակցությամբ ասաց, որ Եվրախորհրդի անդամ պետություններ կան, որտեղ կիրառվում է մահապատիժը, եւ պարզապես անընդունելի է, որ Եվրախորհրդի պարտադրմամբ պիտի վերացվի (եթե վերացվի) մահապատիժը, որին մեր հասարակությունը հոգեբանորեն պատրաստ չէ. «Այն երկրում, որտեղ տեղի է ունեցել «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործություն, մահապատիժը պիտի պարտադիր կիրառվի «27»-ի ոճրագործների նկատմամբ, հետո միայն քննարկվի մահապատժի վերացման հարցը»։ Սակայն ի՞նչ երաշխիք, որ «27»-ի մասով մահապատիժը կիրականացվի, մանավանդ նախագահ Քոչարյանը չհապաղեց հայտարարել, թե իր օրոք մահապատիժ չի կիրառվել եւ չի կիրառվի. «Դա երկրի նախագահի տեսակետն է միայն եւ ոչ ոք չի ասում, թե հասարակությունը կիսում է այդ տեսակետը եւ, եթե «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործների նկատմամբ չկիրառվի մահապատիժ, ապա, չի բացառվում, որ հետագայում նույնպես «Հոկտեմբերի 27»-ը կկրկնվի։ Մահապատիժը անպայման պիտի կիրառվի, որպեսզի բացառվի նման ոճրագործությունների կրկնությունը, նաեւ՝ մյուս քաղաքական սպանությունները»։ Կառավարությունում տեղի ունեցող կադրային եւ կառուցվածքային փոփոխությունների մասին Մյասնիկ Մալխասյանը միանշանակ կարծիք ունի. «Նման արագ փոփոխությունները ոչ մի լավ բանի չեն կարող հանգեցնել երկիրը։ Մարդիկ, որոնք իրենց ժամանակավոր են զգում պաշտոններում իրենց աշխատած ժամանակահատվածում փորձում են առավելագույնս քամել երկրի բարիքները, հնարավորինս օգտվել, պետությանը ոչ մի օգուտ չտալով։ Այս արագ փոփոխությունների հետեւանքով է նաեւ, որ երկիրը գտնվում է ծանր սոցիալական պայմաններում։ Փոխանակ այս խնդիրը կարգավորելու, շրջանառության մեջ են դրվում տարաբնույթ բաներ. դաշնակցությունը օրենքի նախագիծ է մտցնում կենսաթոշակները բարձրացնելու մասին, ժողովրդին դուր գալու համար, առանց խնդրի արմատական ուսումնասիրության։ Առաջին հերթին ոչ թե քաղաքացիական պաշտոնների հարցը պիտի լուծվի, այլ պետական պաշտոնյաների հարցը։ Իրենք պետք է իրենց պաշտոններում ժամանակավոր չզգան իրենց»։ Վերջին շրջանում շատ ավելի բարձրաձայն է խոսվում հնարավոր նոր դաշինքի ստեղծման մասին։ «Հայաստան» պատգամավորական խմբի անունը եւս շոշափվում է։ Ըստ Մյասնիկ Մալխասյանի, դաշինքների ձեւավորումը, քաղաքական ուժերի վերադասավորությունը կարեւոր է. «Քաղաքական ուժերը պետք է մեր հասարակության մեջ վերագտնեն իրենց դերը։ Այսպես անդեմ ձեւով հնարավոր չի երկար ճանապարհ գնալ, բովանդակություն ու ձեւ պետք է ստանան քաղաքական ուժերը։ Երկրի հետագա ընթացքից երկրի ամրության համար, անշուշտ, կարեւոր են իշխանամետ քաղաքական դաշտի ձեւավորումը եւ ընդդիմադիր դաշտի ձեւավորումը, որը պետք է կարողանա պահել հավասարակշռությունը, արտաքին ուժերի ազդեցությունից զերծ պահել, պետության բնականոն զարգացման ընթացքն ապահովելու համար»։ Ըստ որոշ պնդումների, եթե ոչ սեպտեմբերին, ապա հոկտեմբերին սպասվում են քաղաքական տեղաշարժեր. «Անշուշտ, խմորումները եւ դեպքերի զարգացումները թույլ են տալիս մտածել, բայց ես, սովորաբար, կանխագուշակումներով չեմ առաջնորդվում, ինձ համար եւ մեր խմբի համար շատ ավելի կարեւոր է ռեալ իրավիճակը գնահատել, երկիրն ավելի կայուն տեսքով տեսնել։ Իսկ դրանք անխուսափելի պրոցեսներ են, որոնցից ոչ մի երկիր չի խուսափել, մեր երկիրը նույնպես չի կարող բացառություն կազմել։ Պրոցեսները պիտի ընթանան եւ պետք է իրենց բնականոն տեղը գտնեն։ Դա աշնանը կլինի, թե գարնանը, բայց՝ կլինի»։ Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել