Լրահոս
Օրվա լրահոսը

Երկուշաբթի

Հուլիս 12,2001 00:00

ԵԿՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՍՏՎԵՐԻ՞ ՏՈՆԸ Երկուշաբթի օրը կայծակնային արագությամբ լուր տարածվեց, թե Երկրապահ կամավորականների միությունը շատ օպերատիվ արձագանքել է ԵԿՄ վարչության անդամ Վահան Շիրխանյանի՝ դեռեւս անցյալ շաբաթ «Առավոտում» հրապարակված այտարարությանը: Վերջինս վստահեցրել էր, որ եթե առաջիկա շաբաթվա ընթացքում Երկրապահ կամավորականների վարչությունը Վազգեն Սարգսյանի վարկաբեկման քաղաքականությանը դատապարտող հայտարարությամբ չարձագանքի, ինքը դուրս կգա այդ կազմակերպությունից: Արդեն երեքշաբթի մամուլը գրեց, որ ԵԿՄ-ում հավաքվել են վարչության ներկայացուցիչները եւ քննարկել հայտարարություն անելու նպատակահարմարությունը: Ընդ որում, նույն օրը հիշյալ նիստից առժամանակ առաջ ոմանց սուր աչքը ֆիքսել էր, որ ԵԿՄ վարչության նախագահ, ՊՆ փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանը երկար ժամանակ նախագահ Քոչարյանի նստավայրում է եղել: Այդ տեղեկությունները երկուշաբթի չէր հերքել նաեւ ինքը՝ պարոն Գրիգորյանը: Թե ո՞ւմ նախաձեռնությունն էր եղել այդ հանդիպումը՝ գեներալի՞, թե՞ նախագահի, թեեւ շատ էական է, բայց այդպես էլ չկարողացանք ճշտել: Հայտնի չէ նաեւ, թե ինչով էր պայմանավորված այդ հանդիպումը: Երկու տարբերակ կա. մեկն այն է, որ գեներալն ինքն է ցանկություն հայտնել հանդիպել նախագահին եւ պարզել, թե իրականում որտեղից է փչում ԵԿՄ հավերժ նախագահին վարկաբեկելու քամին: Համենայն դեպս, որքան մեզ է հայտնի, հենց այդպես է իր վարչության անդամներին բացատրել նախագահի հետ իր հանդիպումը պարոն Գրիգորյանը: Միաժամանակ չի բացառվում նաեւ, որ նախագահ Քոչարյանն է գեներալին իր մոտ հրավիրել՝ պարզաբանումներ ստանալու համար՝ մասնավորապես Վ.Շիրխանյանի, ըստ էության, ուլտիմատումի, նաեւ՝ ԵԿՄ հնարավոր հայտարարության հետեւանքների վերաբերյալ: Արդեն 4-րդ օրն է, ինչ սպասված հայտարարությունը չի հրապարակվում, ու, թերեւս, հերթական անգամ հայտարարության չհրապարակված տեքստերն ու տարբերակները երկրապահները էլի մի քանի տարի գրպանից գրպան դնեն՝ մինչեւ այն դառնա հերթական ու պատմական դառը հիշողություն եւ սեփական դեմքն ու պատիվը փրկելու եւս մեկ կորցրած հնարավորություն: ԵԿՄ վարչության ու միաժամանակ «27»-ի վերահսկողությունն իրականացնող ԵԿՄ հանձնախմբի անդամներից, ըստ մեր տեղեկությունների, դեռ երկուշաբթի օրը ոչ ոք սկզբունքորեն դեմ չի եղել, որ կազմակերպությունը հանդես գա Սպարապետի դեմ սանձազերծված՝ պետական քաղաքականությունը մերկացնող եւ դատապարտող հայտարարությամբ: Հարցը, ըստ ներկաներից մեկ-երկուսի վկայության, հայտարարության բովանդակությունն է եղել: Որոշվել է մշակել մի քանի տարբերակ եւ ընդհանուր համաձայնության մթնոլորտում ճշտել հայտարարության վերջնական տեսքն ու բովանդակությունը: Եվ այսպես՝ 3 օր: Քաղաքական շրջանակներում ոչ ոք, թերեւս, չի էլ կասկածում, որ հայտարարություն չի լինի, քանի որ պարոն Գրիգորյանը, ըստ ամենայնի, գործողության իր, ասել է թե՝ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմի, ծրագիրն է իրականացնելու: Ոմանք դա համարում են վարչության հայտարարության հավերժ ձգձգումը, բայց, բնականաբար, ոչ դրանից հրաժարվելը: Փաստարկները մի քանիսն են՝ եթե հայտարարություն չարվի, վտանգ կա, որ Շիրխանյանը կհայտարարի վարչությունից դուրս գալու մասին, իսկ դա ենթադրում է, որ ԵԿՄ ստորին շարքերում դա մեծ արձագանք կունենա եւ նույնիսկ չի բացառվում, որ շղթայական ռեակցիայով էլի շատերը, որոնք իրենց մորթը կամ բիզնեսը փրկելու խնդիր չունեն, լքեն կազմակերպության շարքերը: Ո՛չ Քոչարյան-Սարգսյան դուետին, ո՛չ ԵԿՄ նախագահին նման իրավիճակն, իհարկե, ձեռնտու լինել չի կարող երկու պատճառով: Նախ՝ Պարոն Գրիգորյանն ու ԵԿՄ վարչության էլի շատ անդամներ ԵԿՄ թուլացումից հետո Քոչարյանին եւ Սարգսյանին ամենեւին էլ պետք չեն լինի, ուստի առաջին պլան կմղվի նրանց պաշտոնանկության հարցը, ու բոլորը միանգամից էլ ավելի կվարկաբեկվեն: Քոչարյանին ու Սարգսյանին էլ դա ձեռնտու չէ, քանի որ հիմա, երբ ԵԿՄ-ն, որն իր ներկայացուցիչներն ունի բանակի սպայակազմում, եւ իրենց, մեղմ ասած, ազդեցության ներքո է, շարունակում է մնալ վերահսկելի եւ կառավարելի: Մինչդեռ, կազմակերպության տրոհումից հետո, իրոք, հայտնի չէ, թե կազմակերպությունը լքողները ընդդիմադիր էլի ո՞ր ուժի տրամադրության տակ կանցնեն: Ամենայն հավանականությամբ՝ նրանց, ովքեր, իրականում են մտադիր արժանապատվորեն պաշտպանել ոչ միայն իրենց առաջնորդ Վազգեն Սարգսյանի հիշատակը, այլեւ պահանջել այն իշխանությունների հրաժարականը, որոնց օրոք հնարավոր էր եղել այդ հրեշավոր ոճրագործության իրականացումը: Քոչարյանի ռեժիմին հիմա ամենաքիչն է պետք ստվարացնել իր ընդդիմադիրների շարքերը: Այսինքն, ամեն դեպքում, իշխանությունները ստեղծված իրավիճակից լավագույն ելք չունեն: Նրանք կորուստ կունենան ցանկացած պարագայում՝ ե՛ւ եթե հայտարարությունն ընդունվի, քանի որ այդ դեպքում ԵԿՄ շարքերն ավելի կուռ եւ միասնական կլինեն, իսկ դա վտանգավոր է իրենց իշխանության համար, ե՛ւ հայտարարությունից խուսափելու դեպքում: Իսկ ԵԿՄ-ում, թերեւս, այս շաբաթ էլ կմտածեն, առավել եւս, որ, ինչպես երեւում է, երկրապահներն ավելի կարեւոր գործերով են զբաղված եւ, ըստ ամենայնի, չեն ուզում փչացնել իրենց գեներալի ծննդյան նախապատրաստությունն ու այդ օրը՝ դարակազմիկ հուլիսի 14-ը: Վստահ եղեք, որ երկրապահներն այդ օրն էլ չեն մոռանա եւ կխմեն Սպարապետի կենդանի կենացը: Իսկ դրանից հետո՞: Հետո, գուցե, ժողովուրդը ԵԿՄ մոտիվներով հերթական բանահյուսություն հորինի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել