Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հրավիրել եմ ձեզ, որ հայտնեմ մի քանի աղմկոտ

Հուլիս 12,2001 00:00

ԴԵՏԵԿՏԻՎ «ՏՌՈՒԲԻ» ՄԱՍԻՆ Եվ ոչ միայն «Ես հրավիրել եմ ձեզ, որ հայտնեմ մի քանի աղմկոտ ապօրինությունների մասին»,- «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի երեկվա ասուլիսի այս նախաբանը հիշեցրեց «Ռեւիզոր» կատակերգության սկիզբը։ Արթուր Բաղդասարյանի հայտարարություններից մեկը վերաբերում էր անտառային ֆոնդի զանգվածային ոչնչացմանը, մյուսը՝ Վարդենիսի ոսկու հանքի աշխատավորական կոլեկտիվի բողոքին, թե չեն ստեղծվում խոստացված աշխատատեղերը։ Բայց «Օրինաց երկրի» ղեկավարն առավել հանգամանալից խոսեց, եւ լրագրողների հետաքրքրությունն ամենաշատը շարժեց իրոք աղմկահարույցի հավակնող հայտարարությունը՝ հանրապետությունում ջրատար խողովակների ապամոնտաժման եւ վաճառքի մասին։ «Պետք է կանխենք վիթխարի չափերի հասնող այս պետական ունեցվածքի զանգվածային կողոպուտի փորձը։ Մենք, որպես քաղաքական ուժ, բավական մտահոգված ենք,- ասում էր պրն Բաղդասարյանը։- Սրա հետեւանքով պետությանը հասցվում է միլիոնավոր դոլարների վնաս»։ Խոսքը կառավարության 2001 թ. ապրիլի 26-ի թիվ 353 որոշման մասին էր, որով գյուղատնտեսության նախարարությանը թույլատրվում է ապամոնտաժել տարբեր տրամաչափի մետաղական խողովակներ եւ դրանց վաճառքից առաջացած գումարը հատկացնել Արագածոտնի մարզի մի շարք գյուղեր խմելու ջրով ապահովելու համար կառուցվող ջրատարի ֆինանսավորմանը։ Բացի այդ՝ ապամոնտաժվող խողովակներից 31,5 կմ երկարություն եւ համապատասխան տրամագիծ ունեցողները պիտի հատկացվեն նույն ջրատարի շինարարությանը։ Արթուր Բաղդասարյանն այս ամենը ընդամենը պատրվակ էր համարում։ Բացի այդ, խնդրահարույց էր դիտում այն, որ կառավարության որոշման մեջ որեւէ խոսք չկա այն մասին, թե ինչպես են վաճառելու այդ խողովակները եւ ինչ գնով։ Մանավանդ՝ արդեն իսկ ահազանգեր կան, որ այդ խողովակները ձեռք են բերվում «ջրի գնով» (մի օրինակ բերեց, երբ 34 կմ-անոց խողովակը գնահատվել է ընդամենը 180 հազար դրամ, երբ ներկա դեֆիցիտի պայմաններում դրա գինը շուրջ 8 մլն դոլար է) եւ զանգվածաբար արտահանվում հանրապետությունից։ «Պարզագույն հաշվարկները ցույց են տալիս, որ այս գործարքի արդյունքում ինչ-որ մի կլանային խմբավորում կամ ինչ-որ հզոր ուժերի կողմից հովանավորվող անհատներ վաստակելու են միլիոնավոր դոլարներ»,- ասաց Արթուր Բաղդասարյանը, թեեւ անգամ որեւէ ենթադրություն չհայտնեց՝ այդ ի՞նչ կլաններ կամ ուժեր են։- Մենք կարծում ենք, որ այստեղ գործում է կազմակերպված խումբ Հայաստանի կառավարության հովանավորությամբ։ Կարծում ենք, որ կառավարության այս որոշումից անտեղյակ չէ նաեւ հանրապետության նախագահը»։ «Օրինաց երկիրը» մտադիր է դիմել դատախազությանը՝ ջրատար խողովակների ապամոնտաժման գործընթացը կասեցնելու համար։ Թեեւ Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ մի ահազանգի դատախազության աշխատակիցներն արդեն իսկ արձագանքել են. «Բայց ինչ-ինչ ճնշումների կամ հեռախոսազանգերի ազդեցության տակ նրանք հեռացել են»։ Իհարկե, ո՞վ է տեսել, որ Հայաստանի դատախազությունը կարողանա խոչընդոտել կառավարության որոշման իրականացումը։ «Թող ՀԺԿ-ն բանակցեր» Ասուլիսի ընթացքում եղան նաեւ թեմայից դուրս հարցադրումներ։ Մասնավորապես, «Առավոտը» հիշեցրեց, որ Արթուր Բաղդասարյանը՝ որպես «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար, ստորագրել է Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների ներքո, որոնցից մեկն էլ մահապատիժը վերացնելու խոստումն է։ Այժմ նա ասաց. «Մահապատիժը պիտի վերացվի Հայաստանում, բայց դա չի կարող տարածվել «Հոկտեմբերի 27»-ի վրա։ Այսինքն, պետք է լինի բացառություն, քանի որ այս ոճրագործությունն իր ծավալներով աննախադեպ է։ Եվ պետք է այդ ուղղությամբ բանակցային լուրջ գործընթաց սկսվի Եվրոպայի խորհրդի հետ»։ «Առավոտի» հարցին՝ երբ ստորագրւմ էին այդ պարտավորությունների ներքո, ինչո՞ւ չփորձեցին բանակցել, որ վերապահում արվի «Հոկտեմբերի 27»-ի բացառիկ հանցագործության համար, Արթուր Բաղդասարյանը բավական գրգռված արձագանքեց. «Նույն բանը կարող էին անել այն ուժերը, ովքեր ներկայացված էին Եվրոպայի խորհրդում։ Թող «Միասնություն» դաշինքը գնար-բանակցեր։ (…) Այսօր «Օրինաց երկրից» մի հոգի չկա Եվրոպայի խորհրդում, որովհետեւ ԱԺ նախագահը իր քմահաճույքով է հանձնաժողովներ ձեւավորում։ (…) Մեզ բերել են վերջին օրով, տեղի է ունեցել խորհրդակցություն, ժամկետներ կային։ Մենք էլ հայտնել ենք մեր քաղաքական աջակցությունը»։ Վերանայվե՞լ են, թե՞ ոչ Թեեւ Քերի Քավանոն հայտնել էր, որ «խաղաղարար գործընթացի նախկին փուլերում քննարկված սկզբունքները վերանայվել են», Արթուր Բաղդասարյանը, որ մասնակցել էր Ֆրանսիայի դեսպանատանը համանախագահողների հետ հանդիպում-ճաշկերույթին, պնդում էր, թե Փարիզի եւ Քի Ուեսթի սկզբունքները չեն փոփոխվել։ Նրա այս վստահության համար հիմք էր այդ հանդիպման ժամանակ իր իսկ տված հարցին Քերի Քավանոյի պատասխանը. «Նա ասաց, որ բանակցային գործընթացը շարունակվելու է փարիզյան պայմանավորվածությունների համատեքստում։ Իհարկե, դրան գումարած՝ կարող են լինել նաեւ նոր առաջարկներ»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել