Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՒՆՔԸ ԲԱՎԱՐԱՐ Է

Հուլիս 11,2001 00:00

ԱՐԴՅՈՒՆՔԸ ԲԱՎԱՐԱՐ Է Իզմիրում ավարտվեց հունա-հռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Մրցագորգ ելան 32 երկրների 196 պատանի ըմբիշներ, որոնցից 7-ը ներկայացնում էին Հայաստանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեր տղաներից առավել հաջող հանդես եկավ 46 կգ քաշային, Ապագա գյուղի ներկայացուցիչ Կնյազ Ջնդոյանը, որը շահեց 4 գոտեմարտ եւ արժանացավ բրոնզե պարգեւի։ Գոհացուցիչ կարելի է համարել նաեւ 63 կգ քաշային Վահե Աղաջանյանի, Արման Ադիկյանի (42 կգ) եւ Ալեքսան Կիրակոսյանի (50 կգ) մրցելույթները, որոնք համապատասխանաբար գրավեցին 4-րդ, 5-րդ եւ 6-րդ տեղերը։ Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 7-րդ տեղը։ Հաղթող դարձան տանտերերը։ Իսկ մրցանակային եռյակում ընդգրկվեցին նաեւ Վրաստանի եւ Ռուսաստանի թիմերը։ Մեր զրույցի ընթացքում ՀՀ սպորտվարչության առաջատար մասնագետ Սամվել Հարությունյանը, որն, ի դեպ, մրցավայր էր հրավիրված որպես մրցավար, ասաց. «Հաշվի առնելով, որ այս տարիքային խմբի մեր տղաները, ըստ էության, շուրջ երկու տարի հանրապետության սահմաններից դուրս չէին գնացել, եւ սա նրանց առաջին արտագնա փորձությունն էր, որից առաջ ընդամենը 14-օրյա ուսումնամարզական հավաք էր կազմակերպվել, նրանց ցույց տված արդյունքները, կարծում եմ, պետք է բավարար գնահատել»։ ՔՆԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել