Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՉԵՆՔ ՏԻՏՂՈՍԱԿԻՐՆԵՐԻՆ

Հուլիս 11,2001 00:00

ՃԱՆԱՉԵՆՔ ՏԻՏՂՈՍԱԿԻՐՆԵՐԻՆ Ընթերցողի սեղանին է դրվել Ասատուր Փաշայանի «Տիտղոսակիր հայեր։ XV-XIX դարեր» գիրքը, որում ընդգրկված են այդ ժամանակաշրջանում տիտղոսների (դոկտոր, պրոֆեսոր, գիտությունների թեկնածու, ակադեմիկոս եւ այլն) արժանացած, ինչպես նաեւ իրենց մասնագիտության մեջ (երգիչ, նկարիչ, բժիշկ, ֆինանսիստ, դիպլոմանտ եւ այլն) բավականաչափ բարձունքների հասած հայազգի անհատների կարճ կենսագրականները։ Բնականաբար, այդ գործիչների հիմնական մասն իրենց տիտղոսները ստացել են Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Թուրքիայում, Իրանում եւ այլուր… Գիրքը հեղինակը տպագրել է հայազգի հայտնի երգչուհի Սեդա Բալուլյան-Քուչուկյանի (բեմական անունը՝ Սեդա Դել Գրանդե) եւ նրա ամուսնու՝ տնտեսագիտության դոկտոր Անտոն Քուչուկյանի հովանավորությամբ։ Սեդա Դել Գրանդեն երգել է Վերոնայի «Արենա», Նեապոլի օպերային ու նաեւ՝ բոլոր օպերային երգիչների երազանքների բարձրակետ Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոններում։ «Տիտղոսակիր հայեր» գրքի մասին բանասեր Շավիղ Գրիգորյանը գրել է. «Այս կենսագրական բառարանը հազվագյուտ արժեքավոր ձեռնարկ է գիտության եւ մշակույթի հարցերով զբաղվող մասնագետների, նաեւ՝ ընթերցող լայն հասարակայնության համար։ Առանց ժամանակ եւ ջանք գործադրելու ընթերցողը կհայթայթի անհրաժեշտ տեղեկություն եւ գիտելիք 15-19-րդ դարերում գիտական աստիճանի, կոչման եւ տարաբնույթ այլ տիտղոսների արժանացած հայազգի մտավորականների կյանքի եւ գործունեության մասին։ Իր տեսակի եւ հետապնդած նպատակների իմաստով Ասատուր Փաշայանի այս գործն արժանի է ամենաբարձր գնահատանքի»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել