Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԿԱ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ»

Հուլիս 11,2001 00:00

«ՉԿԱ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» Հայաստանում մանկական հոգեբուժությամբ մտահոգվեցին 1988-ի երկրաշարժից հետո։ Նույնիսկ կազմակերպվեց Հոգեկան առողջության հանրապետական մանկական եւ պատանեկան կենտրոնը։ Մեր տվյալներով, բավական պրոզայիկ պատճառով (կենտրոնի հարմար շենքը ուժային մի կառույցի փոխանցելու «ազնիվ» նպատակով) հաստատությունը 1995-ին լուծարվեց։ Հաշվի չառնվեցին նույնիսկ կենտրոնի արդեն իսկ ունեցած ձեռքբերումները՝ «Հոգեկան առողջություն» հասկացության ներմուծումը, այդ հարցերում հրաժարումը զուտ կենսաբանական մոտեցումներից եւ այլն։ Ճիշտ է, Մանկական հոգեբույժների եւ հոգեբանների ընկերությունում (ՄՀՀԸ) մեր ունեցած տվյալները չհաստատեցին եւ չհերքեցին, սակայն նրանց «Հոգեկան առողջության ծառայության հեռանկարները ՀՀ-ում» տեղեկանքում այնուամենայնիվ կարդում ենք՝ շնորհիվ «առողջապահության նախարարության որոշ չինովնիկների «չափազանց նվիրվածության գործող կառավարության անհիմն կամայականություններին»՝ հաստատությունը լուծարվեց»։ Երեկ Մանկապատանեկան հոգեկան առողջության ծրագրի բացումը հայտարարվեց արդեն նոր շենքում։ Ծրագրի ղեկավար Խաչատուր Գասպարյանը, ՄՀՀԸ նախագահ Մարուք Եղյանը, որպես հայ մանուկների եւ պատանիների առօրյա կյանքը բարելավելու եւ ծրագրի ողջ ընթացքում բազմակողմանի բուժում ապահովելու աշխատանքներում հիմնական սկզբունք, նշեցին բուժման գործընթացի մեջ ամբողջ ընտանիքի ներգրավումը։ Ծրագրի հեղինակները կարեւորում են հատկապես հոգեկան առողջության խնդիրների վաղ ճանաչումը եւ անհրաժեշտ թիմային (բազմապրոֆիլ) բուժման ապահովումը նպաստավոր թերապեւտիկ միջավայրում։ Շենքային առումով այս անգամ ծրագիրը շահել է, որովհետեւ «հյուրընկալները»՝ Եղյանի անվան մանկական ատամնաբուժական կենտրոնը, հանձին տնօրեն Հարություն Կաշլյանի, միայն ուրախ էին այդ կապակցությամբ։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել