Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է ջրի հովհարային անջատում

Հուլիս 11,2001 00:00

Առաջարկվում է ջրի հովհարային անջատում Մայրաքաղաքի որոշ թաղամասերում ջրամատակարարումը կատարվում է համաձայն ջրմուղի կազմած գրաֆիկի։ Որոշ թաղամասեր ունեն շուրջօրյա ջրամատակակարում, դրան հակառակ՝ կան տուժած թաղամասեր, որտեղ ջրի երես տեսնում են լավագույն դեպքում շաբաթը մեկ անգամ։ Առավել տուժած թաղամաս է համարվում Նոր Նորքի զանգվածը, որտեղ թե հինգ հարկանի եւ թե բարձրահարկ շենքերը ջուր են ստանում 4-5 օրը մեկ անգամ, իսկ ավելի հաճախ՝ շաբաթներով ջուր չեն ունենում։ Ինչպես միշտ, Երեւանի քաղաքապետարանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Ռիչարդ Վոլքինգը դա բացատրեց նրանով, որ ժողովուրդը խմելու ջուրը օգտագործում է նաեւ տեխնիկական եւ ոռոգման նպատակներով։ Սակայն Նոր Նորքի թաղապետ Մկրտիչ Մինասյանի հավաստմամբ, միայն 7, 8 եւ 9-րդ զանգվածները չունեն ոռոգման ջրի ցանց, մյուս զանգվածներինը արդեն մեկ տարուց ավելի է՝ ինչ նորմալ գործում է, բայց ջրի վիճակը մնացել է նույնը ու դեռ գնալով վատանում է։ Պարզվում է, որ ջրմուղը պետք է Նոր Նորքին վայրկյանում 750 լիտր ջուր մատակարարի, սակայն 607-625 լիտր է մղում՝ 125-150 լիտր պակաս։ Պրն Վոլքինգը դա պատճառաբանեց նրանով, որ մինչեւ Նոր Նորքի զանգվածներ հասնելը ջրագծին միացած են բազմաթիվ ապօրինի ջրագծեր, որոնց անջատման համար հարկավոր են մեծ գումարներ։ Իսկ ավելի շատ ջուր մղելու համար նոր պոմպ տեղադրելու հնարավորություն ջրմուղը չունի։ Նոր Նորքի թաղապետարանից առաջարկվել է մի ծրագիր՝ շրջանցել ապօրինի միացումների հետեւանքով խոշոր ծավալով ջրի կորուստների հատվածները՝ կառուցելով նոր ջրագիծ։ Դրա շնորհիվ նորմալ ջրամատակարարում կլինի ոչ միայն Նոր Նորքի զանգվածներում, այլեւ Ավանում, Զեյթունում եւ Նորք-Մարաշում։ Պրն Վոլքինգը խոստացավ քննարկել շրջանցիկ ջրուղու նախագիծը, սակայն, համաձայնության դեպքում, այն կիրականացվի միայն հաջորդ տարի։ Իսկ մինչ այդ «Էյ Յութիլիթին» առաջարկում է ստեղծված իրավիճակից դուրս գալու հետեւյալ ելքը՝ ամբողջ հանրապետության տարածքում ջրամատակարարման գրաֆիկ կիրառել։ Հանրապետությունը ջուր կունենա օրական մեկ անգամ. կամ առավոտյան, կամ երեկոյան ժամերին։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ Հ. Գ. Մի քանի ամիս առաջ, «Ջուր եմ ծախում սառնորակ» հոդվածից հետո, ջրմուղի ներկայացուցիչները վրդովված եկան «Առավոտ»՝ հերքելու այդ փաստը։ Մեզանից պահանջեցին նաեւ «անջուր» շենքերի հասցեները՝ ստուգայց կատարելու նպատակով։ Վերջերս պարզեցինք, որ այդ ստուգայցերը կատարվել են, եւ մեր բերած փաստը հաստատվել է, սակայն դեռ ոչինչ չի արվում այդ ուղղությամբ, եւ 4-րդ զանգվածի բնակիչները շարունակում են խմել մեկ ամսվա վաղեմության ջուրը, որի ոչ թարմ լինելը անզեն աչքով էլ է երեւում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել