Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքն իր գործունեության շուրջ չորս տարիների ընթացքում առանձնակի կարեւո

Հուլիս 11,2001 00:00

«…ԹՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՔ ՄԻ ՃՐԱԳ ՎԱՌԻ» ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքն իր գործունեության շուրջ չորս տարիների ընթացքում առանձնակի կարեւորություն է տվել աճող սերնդի առողջության պահպանմանն ու մարզական վարպետության բարձրացմանը։ Ուրիշ էլ ովքե՞ր, եթե ոչ պատերազմած մարդիկ լավ կհասկանային, որ հայրենիքին նախ եւ առաջ առողջ սերունդ է պետք, որը ցանկացած ժամանակ ի վիճակի է պաշտպանել իր երկիրը, տունը։ Մարզական խմբեր էլ հավաքագրելիս այստեղ նախապատվությունը տրվել է մենապայքարային ձեւերին, մարտարվեստներին՝ բռնցքամարտ, ավանդական կարատե։ Ու քանի որ մոտեցումն այս հարցին լուրջ է, ուստի հաջողություններն էլ իրենց շատ երկար սպասել չեն տվել։ Մասնավորապես, բռնցքամարտի «Վարազդատ- 2004» խմբում ներկայումս մենամարտելու արվեստն են յուրացնում շուրջ չորս տասնյակ պատանիներ, որոնցից շատերը մարզիչ Վ. Հարությունյանի գլխավորությամբ արդեն իսկ հասցրել են հաջողությունների հասնել ինչպես ներհանրապետական մրցումներում, այնպես էլ միջազգային ռինգերում։ Վերջինը, թերեւս, Տիգրան Նիկողոսյանն էր, որն օրերս ավարտված Հայաստանի պատանեկան առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճեց 67 կգ քաշային կարգում եւ հիմա նախապատրաստվում է հանրապետության հավաքականի կազմում մասնակցել շուտով Լոնդոնում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Լուրջ ձեռքբերումներ են գրանցվել նաեւ ԵԿՄ Արաբկիրի բաժանմունքի «Ջիոն Ջի» մարզական ակումբում, որտեղ գործող մարզիկ եւ մարզիչ, սեւ գոտի 1-ին դան ունեցող Մ. Չախալյանն իր հարուստ տեսական (մարզչական) եւ մրցակցական (նա միջազգային մրցաշարերի մասնակից ու մրցանակակիր է) փորձն է հաղորդում իր սաներին։ Ու պատահական չէ, որ այս ակումբի երեք մարզիկներ կրում են Հայաստանի պատանիների չեմպիոնի կոչումը, այս տարիքային խմբի հավաքականի անդամ են ու հասցրել են նույնիսկ իրենց լավագույն կողմերով դրսեւորել նաեւ հանրապետության սահմաններից դուրս։ Օրերս ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքում հանդիսավոր օր էր. նշվում էր պատանի մարզիկների հաջողությունները։ Ողջունելով մարզիկներին, մարզիչներին, հյուրերին՝ ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի նախագահ Հովհաննես Հարությունյանը, որը նախկինում բռնցքամարտիկ է եղել, հիշեցրեց լուսահոգի սպարապետ Վազգեն Սարգսյանի այն խոսքը, թե բավական է անընդհատ մթից խոսել։ Դրա փոխարեն թող յուրաքանչյուր մարդ մի ճրագ վառի։ Թեւավոր դարձած այս միտքը կյանքում օրենք է դառնում կոնկրետ գործերով, որի արդյունքն էլ իրենց պատանի մարզիկների հաջողություններն են։ Հ. Հարությունյանը մարզիկներին ու մարզիչներին հանձնեց պատվոգրեր, գավաթներ ու հաջողություններ մաղթեց նաեւ ապագա մրցելույթներում։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել