Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիսի 9-ին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հանդիսատեսի գնահատա

Հուլիս 11,2001 00:00

«Աիդան»՝ ՀՖՆ-ի ծրագրում Հուլիսի 9-ին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հանդիսատեսի գնահատանքին ներկայացրեց տարվա ամենախոշոր նախագծերից մեկը՝ Ջուզեպպե Վերդիի անզուգական «Աիդա» օպերայի համերգային կատարումը։ Ներկայացումը նվիրված էր Վերդիի մահվան 100-ամյակին։ Օպերան գրվել է Եգիպտոսի կառավարության պատվերով՝ Սուեզի ջրանցքի բացման տոնակատարության առթիվ։ Պրեմիերան կայացել է Կահիրեում՝ 1871-ին, Միլանում՝ 1872-ին։ Տարիներ շարունակ «Աիդան» հաջողությամբ ներկայացվել է Երեւանի օպերային թատրոնում։ Վերջին ներկայացումը տեղի է ունեցել ավելի քան 10 տարի առաջ։ Ֆիլհարմոնիկ բեմում օպերայի համերգային կատարումը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ։ Կատարմանը մասնակցում են՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ երգչախումբը, հանրապետության անվանի երգիչները, Ռուսաստանից, Ֆրանսիայից հրավիրված մենակատարներ։ Առաջին կատարման մենակատարներն էին՝ Լուսինե Մարկոսյան՝ Աիդա, Վարդուհի Խաչատրյան՝ Ամներիս, Օլեգ Վիդման՝ Ռադամես (Ռուսաստան), Գրիգոր Շագոյան՝ Ամոնասրո, Սուրեն Շահիջանյան՝ Ռամֆիս (Ֆրանսիա), Գագիկ Հակոբյան՝ Սուրհանդակ, Քրիստինե Դովլաթյան՝ Քրմուհի։ Թե՛ նվագախումբը, թե՛ երգչախումբը եւ թե՛ մենակատարները աչքի ընկան կատարողական բարձր մակարդակով, անսամբլի բացառիկ զգացումով, կերպարների ճշգրիտ մեկնաբանմամբ։ Իր տպավորություններով մեզ հետ կիսվեց Հայաստանի ժողովրդական արտիստ, Օպերայի եւ բալետի թատրոնի դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանը. «Մեր օրերում անչափ ողջունելի է, որ այնպիսի հսկա հաստատություն, ինչպիսին է ՖՆ-ը, հետաքրքրություն է ցուցաբերում օպերային ավանդույթների եւ արվեստի նկատմամբ, քանի որ ներկայիս օպերային թատրոնը չի կարող պարծենալ իր խաղացանկի հարստությամբ։ Անչափ վառ տպավորություն թողեց կատարումը, եւս մեկ անգամ ընդգծելով հայ արվեստի բարձրագույն մակարդակն ու համեմատելիությունը ընդունված չափանիշների հետ։ Այս առումով չի կարելի չշեշտել տաղանդավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի դերը։ Նրան հատուկ են այն բոլոր հատկանիշները, որոնցով պետք է օժտված լինի պրոֆեսիոնալ դիրիժորը, ինչպես՝ պայծառ եւ ողջամիտ մտածելակերպ, ակնթարթային ուշադրություն, ներքին տեմպերամենտ, որով նա վարակում է նաեւ նվագախմբին եւ բոլոր կատարողներին։ Իրենց հրաշալի դրսեւորեցին հրավիրված մենակատարները, շատ ուրախալի է, որ ընտրված են երիտասարդ ընդունակ երգիչներ, որոնց ձայները հնչում էին վստահ, ամուր՝ համապատասխանելով կոմպոզիտորի կերպարային մտահղացումների հարուստ ներկապնակին։ Մեզանում այս իրադարձությունը մեծ սխրագործություն է»։ Հայաստանի մշակութային կյանքում այս խոշոր իրադարձությունը հնարավոր դարձավ իրագործել շնորհիվ Հայկական բարեգործական ընդհանուր միության, որը, սկսած 1992թ., հովանավորում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահը։ Ն. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել