Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ

Հուլիս 11,2001 00:00

ԹԵ ԻՆՉՈՒ ՄԵՌԱՎ ԲԻԶԵՆ Մոտ մեկ ամսից ավելի Օպերային թատրոնի պարսպին ամրացված էր «Կարմեն» օպերայի պատրաստումն ավետող տեղեկագիր-աֆիշը։ Մենք էլ հային հատուկ բերանբաց ապշանքով սպասում էինք։ Օպերաների բազմազանության մեջ մեր օպերային թատրոնի տնօրինությունն ընտրել էր բարդագույններից մեկը՝ թե՛ գործիքավորման, թե՛ երգչական արվեստի եւ թե՛ բեմադրության առումով։ Սկզբում մտածեցի՝ գժվե՞լ են, ինչ է, մի՞թե չգիտեն հայկական ասացվածքն այն մասին, որ պիտի ոտքդ վերմակիդ երկարությամբ մեկնես։ Հետո հիշելով հանրահայտ տենորի տնօրեն լինելը, հաճույքով պարուրեցի ինքս ինձ՝ շքեղ մի ներկայացում դիտելու հույսով, մանավանդ, երբ նույն ցուցանակում կարդացի, որ Հայ բարեգործական ընդհանուր միությունն է հովանավորում ձեռնարկը։ Հայկական երազկոտության համաձայն պատկերացնում էի, որ Կարմենի համար դրսից մի մեցցոսոպրանո կհրավիրեն, Խոսե կերգի ինքը՝ հանրահայտ տենոր տնօրենը, իսկ Էսկամիլիո՝ տնօրենից ոչ պակաս աշխարհահռչակ Բարսեղ Թումանյանը։ Ու շունչս պահած օրեր էի հաշվում ներկայացմանը ներկա գտնվելու համար։ Վերջապես այդ օրը եկավ… Եկավ ու պարզվեց, որ պահածս շունչը հաճույքի ու բռավոների ճիչերով չէ, որ պիտի արձակեմ։ Նստել էի դահլիճում ու մտածում էի, թե ի՞նչ եւ ինչպե՞ս են անում, ինչո՞ւ են անում, ո՞վ է խնդրել, որ անեն… Երբ մի պահ կատարվող վանդալիզմից ուշքի եկա ու նայեցի շուրջս, տեսա, որ մնացել են օպերային թատրոնի ներկայացմանը չմասնակցող աշխատողներն ու երգիչների ազգականները։ Ու այսպես մեր հույսերի ու երազանքների պատճառով պատանդ դառած նստել-մնացել էինք դահլիճում, նորից ու նորից զարմանալով, որ այն ամենից հետո, ինչ եկավ մեր գլխին լեւոնյանական օթելլոների ու պայացների ժամանակ, դեռ կան բաներ, որ կարող են մեզ զարմացնել ու զայրացնել։ Մեր շատ սիրած աշխարհահռչակ տենորն այդ ո՞ր երկրում է նման խեղկատակություն «Կարմեն», եւ Կարմեն, մասնավորապես, տեսել։ Այդ ո՞ր օպերային թատրոնում է տեսել, որ մի աղջիկ, որ հավակնում է երբեւէ որեւէ հրաշքով երգչուհի դառնալ, իր բեմելը կատարի ոչ ավել, ոչ պակաս՝ Կարմենով։ Հազարամյակի պրիմադոննան անգամ՝ Մարիա Կալլասը, հրաժարվել է Լա Սկալա թատրոնի Կարմեն երգելու հրավերից, ասելով, որ Բիզեն այն գրել է նուրբ կառուցվածքով երգչուհու համար եւ ոչ թե իր նման գետաձիու, եւ հենց սա է պատճառ դարձել, որ Կալլասը նիհարի 40 կիլոգրամով ու գետաձիուց վերածվի թիթեռնիկի։ Անանիկյանի համար նուրբ իրանը բավարար չէ Կարմեն երգելու համար։ Ես, ինչպես ժամանակին Լա Սկալայի տնօրինությունը, կարծում եմ, ավելի լավ է ունենալ ձայնով գետաձի Կարմեն։ Կամ ո՞վ է իրավունք տվել, մեր՝ հայ հանդիսատեսներիս մասին մտածելու, թե ինչ էլ լինի՝ ծափ ենք տալու, միայն թե Կարմենը նրբիրան լինի։ Չնայած, երեւի իրավունք ունեն, եւ հենց մենք ենք այդ իրավունքը տվել մեր լուռ հանդուրժողականությամբ, չմտածելով, որ մեր հանդուրժողականությունը կընկալեն որպես անհասկացողություն։ Թերեւս պետք է Լա Սկալայի ունկնդրողական պրակտիկան մեզ մոտ կիրառել ու լոլիկների տեղատարափով դիմավորել նմանօրինակ ներկայացումները։ Այդ ժամանակ, երեւի, ըստ արժանվույն կգնահատեն հայ ունկնդրին։ Եվ միգուցե չլիներ այս հրապարակումը, եթե ԶԼՄ-ներից մեկում չկարդայի «Կարմենի հայտնությունը» հոդվածը։ Ի՞նչ հայտնություն, ի՞նչ «Կարմեն»… միթե չունեք այնքան հեռատեսություն, որ ինչ-որ մեկի պատվերը կատարելուց առաջ մտածեք, թե ձեզ արդյոք չե՞ք վնասում՝ նման հոդվածներ գրելով։ Եվ մոռացության մատնելու, այդ խայտառակությունն այդ պատերի մեջ թողնելու փոխարեն, հայ մամուլի էջ եք մտցնում այդ «ներկայացումը»՝ սերունդներին Սազանդարյան-Կարմենի, Գալաջյան-Կարմենի կողքին Անանիկյան-Կարմեն (ձեռքս չի էլ գնում, թե գրեմ) թողնելով։ Անկեղծ կուզենայի իմանալ, թե քանի՞ «Կարմեն» եք լսել ու տեսել նման գովասանքներ գրելուց առաջ։ Վստահ եմ՝ ոչ մի, այլապես նման ներկայացումը, որը կարելի է դիտել կատվախոտի թուրմը ձեռքիդ, «հայտնություն», անգամ հայ իրականության մեջ, չէիք անվանի։ Եվ թող տպավորություն չստեղծվի, թե կուժն ու կուլան Անանիկյանի գլխին կոտրվեց։ Ներկայացումն ինքնին (բացառությամբ «Մանկունք» երգչախմբի, բալետային որոշ հատվածների ու մասամբ էլ զգեստների) վայել էր գյուղական մի ակումբի, ոչ թե ակադեմիական թատրոնի։ Իրավիճակից ելքը հետեւյալն է. կամ ակադեմիզմին գոնե մոտեցող ներկայացումներ պատրաստել, կամ հրաժարվել ակադեմիական հորջորջումից ու անվանվել «գյուղական ակումբ», որ մենք էլ իմանանք՝ ումից ինչ ենք պահանջում… Այլապես ստեղծվում է տպավորություն, թե կարողացան մեզ խաբել ու ի լուր աշխարհի հայտարարել, թե «Կարմեն» են բեմադրել։ Իսկ վերնագրիս անդրադառնալով ասեմ, որ «Կարմենի» այս ներկայացումից անհամեմատ լավ «Կարմենի» առաջին անհաջող ներկայացումից հետո 37-ամյա Բիզեն կաթվածից մեռավ… ՎԱՀԵ ԲԵԳՈՅԱՆ Պրոֆեսիոնալ ունկնդիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել