Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ «Կրթության մասին» ՀՀ օրենքը չփոփոխած՝ դպրոց ընդունելությունը 6,5 տարեկանից սկսելու եւ տասնմեկամյ

Հուլիս 11,2001 00:00

Օրենքները խախտելը՝ սովորույթ Դեռ «Կրթության մասին» ՀՀ օրենքը չփոփոխած՝ դպրոց ընդունելությունը 6,5 տարեկանից սկսելու եւ տասնմեկամյա կրթական համակարգի անցնելու ԿԳՆ-ի օրինախախտությունը միակը չէ։ Բուհական համակարգում եւս ԿԳՆ-ն օրենքները չի հարգում։ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է՝ «Յուրաքանչյուր քաղաքացի ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք»։ Սա նաեւ «Կրթության մասին» ՀՀ օրենքով է ամրագրված։ Սակայն կրթության եւ գիտության նախարարությունը խախտում է այս օրենքները՝ զրկելով դիմորդներին պետական բուհերի որոշ մասնագիտություններով անվճար պետական կրթություն ստանալու իրավունքից։ Գավառի պետական համալսարանի, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի դիմորդները ընդհանրապես եւ պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի դիմորդները մասամբ (երկու մասնագիտությամբ) զրկված են մրցութային հիմունքներով անվճար կրթություն ստանալու իրենց սահմանադրական իրավունքից։ Նույն բախտին են արժանացել նաեւ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կինեզիոլոգիա, կարատե-դո, բիլիարդ եւ մարզական լրագրություն մասնագիտության դիմորդները, քանի որ դրանցում եւս ընդունելությունը միայն վճարովի համակարգում է։ Իսկ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի որոշ մասնագիտություններով ընդունելության հարցում ուղղակի աբսուրդային իրավիճակ է։ Վերջիններս այս տարի ոչ միայն պետպատվերով, այլ վճարովի տեղերի ընդունելությունից են զրկված, բայց թույլատրված է ընդունելություն կազմակերպել այն վճարովի տեղերով, որտեղ ընդունվածները չեն օգտվում ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման արտոնությունից։ Այդ մասնագիտություններն են՝ ռեժիսուրա (այդ թվում՝ մասսայական հանդիսությունների եւ հեռուստառեժիսուրա), սոցիալ-մշակութային գործունեություն՝ փողային եւ էստրադային ու ժողգործիքների նվագախմբերի ղեկավարում եւ լրագրություն (այդ թվում՝ հեռուստա եւ ռադիոլրագրություն)։ Դրանցում անցյալ տարի ընդունելություն կատարվել է ե՛ւ պետպատվերով, ե՛ւ վճարովի համակարգում՝ բանակից տարկետման արտոնության պահպանմամբ։ Սահմանադրության կամ օրենքի մեջ չի նշվում, որ անվճար կրթության իրավունքը տարածվում է միայն որոշ մասնագիտությունների վրա։ Այսինքն՝ եթե պետական բուհում կա որեւէ մասնագիտություն, ապա դիմորդը այդ մասնագիտությամբ մրցութային հիմունքներով անվճար սովորելու իր օրենսդրական իրավունքից պետք է օգտվի։ Այս խառնաշփոթը թերեւս չէր լինի, եթե ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը համարձակություն ունենար եւ վերջապես լուծեր տարբեր բուհերում կրկնվող մասնագիտությունների հարցը, ինչը խոստանում է արդեն քանի տարի։ Վերը թվարկված մասնագիտությունները հենց այդպիսիք են։ Ընդ որում՝ որքան հասկացանք Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատքարտուղար Սլավիկ Պետրոսյանի հետ զրույցից, հունիսի 23-ի ՀԸՀ-ի նիստի ժամանակ է որոշում ընդունվել, որ մանկավարժականի այդ մասնագիտություններում ընդունելություն լինի միայն բանակից տարկետման արտոնություն չունեցող վճարովի համակարգում։ Մինչ այդ նախատեսվում էր, որ այդ մասնագիտություններով ընդունելություն չպիտի լինի, սակայն տեղի են տվել մանկավարժականի ռեկտորի խնդրանքին։ Անհնար է որեւէ տրամաբանություն գտնել, թե ի՞նչ սկզբունքով են հենց այս մասնագիտությունները առանձնացվել, իսկ, ասենք՝ տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն մասնագիտությունը, որի կապը մանկավարժության հետ եւս դժվար է պատկերացնել, մնացել է։ Կամ՝ ինչո՞ւ հենց մանկավարժականը, որն առանց այդ էլ առանձնապես մեծ ֆինանսական եկամուտներ չունի։ Բոլոր բուհերում էլ կան կրկնվող մասնագիտություններ եւ դրանք կրճատելու ու ընդհանրապես բուհական համակարգի ռացիոնալիզացիայի խնդիրը խիստ հրատապ է, սակայն խոստումներից այն կողմ գործը չի անցնում։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել