Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ

Հուլիս 11,2001 00:00

Ահաբեկչության դեմ պայքարի համախմբման կոչ Որեւէ կազմակերպության համագումարում դրա նախագահի ելույթը սովորաբար հաշվետու եւ ծրագրային է լինում: Բայց «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահ Շողեր Մաթեւոսյանի ելույթը կազմակերպության օրերս կայացած համագումարում դուրս էր այդ, այսպես ասած, կանոնի շրջանակներից: Տիկին Մաթեւոսյանի ելույթն անդրադարձ էր ավելի շատ երկրում տիրող ահաբեկչական անթույլատրելի մթնոլորտի ձեւավորմանը: Ընդ որում, այդ մթնոլորտն ու մասնավորապես 99-ի «Հոկտեմբերի 27»-ը, ըստ նրա, դրսից ֆինանսավորվող Դաշնակցության գաղափարախոսության դեմ նախկին իշխանությունների ոչ պատշաճ պայքարի արդյունքն է: Մենք դիմեցինք Շ.Մաթեւոսյանին՝ պարզաբանման խնդրանքով՝ ինչո՞ւ էր «Շամիրամի» նախագահի ելույթի առանցքը, ըստ էության, ՀՅԴ-ի գործունեության քննադատությունը դարձել: «Ես խոսել եմ ընդհանրապես պետության դեմ դավադրության մթնոլորտի եւ դրա կործանարար լինելու մասին՝ չառանձնացնելով ՀՅԴ-ին կամ ԱԺՄ-ին: Այո, կազմակերպություններն իրենց համագումարներում որպես կանոն անդրադառնում են իրենց գործունեությանը, առաջիկա ծրագրերին, բայց միայն այն դեպքում, երբ երկիրը բնականոն եւ նորմալ կյանքով է ապրում: Այսօր Հայաստանի իրավիճակն, իրոք, օրհասական է եւ դուրս ամեն տեսակի կանոններից, ու վստահ եմ, որ դրա մասին էլ պետք է խոսել շրջանցելով ամեն տեսակի պայմանականությունները: Հիմա պետք է խոսել ավելի շատ ոչ թե մեր արածների, այլ առաջիկա անելիքների մասին: Իսկ առաջիկայի համար ես համախմբման եւ համագործակցության կոչ արեցի բոլոր նրանց, ովքեր մտադիր են Հայաստանում ապրել: Այսօր բոլոր առողջ ուժերն անկախ իրենց գաղափարախոսությունից ու հայացքներից, «աջ» կամ «ձախ» լինելու հանգամանքից, պետք է համախմբվեն, քանի որ վտանգված է մեր երեխաների հայրենիքն ու ապագան, իսկ դա, իրոք, պետության դեմ դավադրություն է»: Շ.Մաթեւոսյանից փորձեցինք ճշտել նաեւ, թե «Շամիրամն» արդյոք չի՞ պատրաստվում նոր ընտրությունների կամ, եթե պատրաստվում է, ապա՝ հերթականի՞, թե՞ արտահերթի: «Ես կարծում եմ, որ բոլորն այս իրավիճակում պետք է ցանկություն ունենան նախապատրաստվել արտահերթ ընտրությունների, բայց այս հասարակության ամորֆ վիճակը տեսնելով, կարծում եմ, որ մենք դեռ մի երկու տարի էլ ապրելու ենք այս պայմաններում»,- նկատեց «Շամիրամի» նախագահը: Իսկ հասարակությունից իրավիճակը փոխելու ակնկալիքներ չկա՞ն: «Հասարակությունից ոչ թե ակնկալիքներ պետք է ունենալ, այլ պարզապես առաջնորդել նրան: Մենք այսօր, առավել եւս քաղաքացիական, հասարակություն չունենք: Մենք ունենք հուսալքված ժողովուրդ»,- նկատեց տիկին Մաթեւոսյանը: Ըստ նրա, իրավիճակը շտկելու եւ հասարակության վստահությունը վայելելու համար անհրաժեշտ է, որ երկիրը փրկելու մասին հայտարարություն անող կազմակերպությունները ցույց տան նաեւ իրենց գործունեության ծրագիրը, անելիքներն ու մեխանիզմները, որպեսզի ժողովրդին պարզ լինի, թե ինչ է սպասում իրեն այդ քայլերի արդյունքում: «Շամիրամը» իրավիճակը փոխելու քայլերից մեկը համարում է մարդկանց գիտակցության մեջ ահաբեկչության, վախի, զենքով հարց լուծելու, կախելու, մորթելու վայրագ մթնոլորտի դեմ պայքարելու անհրաժեշտությունը: Մեր ժողովուրդը պետք է, ի վերջո, գիտակցի, որ նորմալ երկիր կառուցում են այն դեպքում, երբ հասարակության ու իշխանությունների համար միակ արժեքը պետականություն ունենալն է, ոչ թե պետության դեմ դավադրություններ կազմակերպելն ու երկրում ահաբեկչական մթնոլորտ սերմանելը: Իսկ համախմբվել պետք է հենց այդ ծրագրի՝ Հայաստանից ահաբեկչությունն արմատախիլ անելու, շուրջ»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել