ԱՆԵՐԵՎՈՒՅԹ, ԱՌԱՅԺՄ ԱՆԱՆՈՒՆ ՄԻ ՈՒԺ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Է ԱՅՍ ԱՄԵՆԸ Հարցազրույց Անահիտ Բախշյանի հետ «Հոկտեմբերի 27»-ի զոհերի այրիները եւ Վազգեն Սարգսյանի մայրը 1999թ. հոկտեմբերի 27-ից ի վեր մի քանի բաց նամակ են հղել հանրապետության նախագահին։ Ոչ մեկին նախագահը հարկ չի համարել պատասխանել, թերեւս այն պատճառաբանությամբ, թե բաց նամակներին ո՞վ է պատասխանում։ Միայն մեկ անգամ՝ 2000թ. մայիսի 10-ին նախագահը հերթական բաց նամակից հետո հանդիպել է զոհերի հարազատներին, այն էլ՝ այրիների պահանջով։ Ի դեպ, հենց այդ հանդիպումից հետո կանանց համար պարզ դարձավ, որ նախագահ Քոչարյանն իրեն ավելի ինքնավստահ է զգում, քան «27»-ից անմիջապես հետո։ 2001թ. հուլիսի 7-ին «27»-ի զոհերի այրիները եւ Վ. Սարգսյանի մայրը կրկին բաց նամակ հղեցին նախագահ Քոչարյանին, որով ուզում էին ճշտել՝ «Ագո» խմբի հետ հանդիպման ժամանակ իրո՞ք վերջինս հայտարարել է, թե իր նախագահության օրոք մահապատիժ չի կիրառվել եւ չի կիրառվելու։ Հիշեցնեմ, որ «Առավոտը» նախորդ համարում տպագրեց նախագահի մամուլի խոսնակի պատասխանն այն մասին, որ հանդիպման ժամանակ «27»-ի իրադարձությունների քննարկում չի եղել եւ խոսվել է Հայաստանի ստանձնած պարտավորությունների մասին ընդհանրապես, եւ որ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում իր ստանձնած բոլոր պարտավորություններին։ Այս առիթով զրուցեցինք ԱԺ զոհված փոխնախագահ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի հետ։ – Ի՞նչ ակնկալիք ունեիք, երբ հերթական բաց նամակն էիք հղում նախագահին։ – Բացարձակ ոչ մի ակնկալիք։ Մեզ համար կարեւոր էր արձագանքել այդ հայտարարությանը եւ հայտնել մեր տեսակետը։ Ես ինքս անչափ հարգում եմ ցանկացած պարտավորություն, մանավանդ՝ պետության վերցրած պարտավորությունը։ Շատ լավ կզգամ, եթե մեր պետությունը իր վերցրած բոլոր պարտավորությունները կատարի այնպես սկզբունքային եւ հետեւողական կերպով, ինչպես ուզում է կատարել մահապատժի վերացման պարտավորությունը։ Նախագահն ասաց՝ պարտավորությունը պիտի կատարվի, շատ լավ, ես համաձայն եմ, բայց նախագահի մեջ երկու մարդ պիտի նստած լինի, իմ կարծիքով. պաշտոնյան, որի օրոք տեղի է ունեցել այս դժբախտությունը եւ ոչ պատահական մարդիկ են զոհվել, եւ մի պարզ, հայ տղամարդ, որը բոլորին ճանաչել է, ավելին՝ Վազգենի եւ Լեոնարդի հետ մտերիմ ընկեր է եղել։ Երբ 99-ի նոյեմբերի 26-ին եկավ մեր տուն, ինքը Յուրայի մասին էլ շատ ջերմ բաներ ասաց։ Ուզում եմ ասել, պարտավորությունը ստանձնելու հետ մեկտեղ, եթե նախագահը համապատասխան վերաբերմունք դրսեւորեր մասնավորապես «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակի, նրանց ապրած կյանքը արժեւորելու ուղղությամբ, ըստ արժանվույն գնահատեր նրանց դերը պատմական այս ժամանակաշրջանում, ասեր, որ, ճիշտ է, մեր պետությունը պարտավորությունը վերցրել է, բայց այսպիսի արտառոց դժբախտություն է եղել, իր ընկերներն են զոհվել, որոնց հետ ինքը ճանապարհ է անցել, որոնք բոլորն իրեն օգնել են, որ այսօր հանրապետության նախագահ է, հետեւաբար, պարտավոր է երկրում արդարադատությունը հաստատել։ Այս պարագայում ժողովուրդը կհասկանար, կգնահատեր նրան, ես՝ նույնպես։ Բայց այսպես չեղավ եւ չի լինում։ Ես չգիտեմ, ի՞նչ տեսակ անհատ է մեր նախագահը, անչափ ուզում եմ հասկանալ իրեն։ – Երբ ստորագրվում էին Եվրախորհրդին անդամակցության նախապատրաստական փուլի պարտավորությունները, վարչապետը Արամ Սարգսյանն էր, նա եւս ստորագրել է այդ պարտավորությունների տակ։ – Գուցե մարդու մտքով անցել է չստորագրել, բայց, կարծում եմ, չորս կողմից իրեն համոզել են, որ, եթե չստորագրի որպես վարչապետ, ինքը տապալում է մեր երկիրը հերթական անգամ եւ, մտածել է՝ ինչպե՞ս իր եսը, իր անձնականը, իր ցավը դնի այս պետության ապագայի հիմքում։ Վստահ եմ, որ այդպիսի բան եղել է։ – Գուցե բանավոր պայմանավորվածություն է եղել, թե «27»-ի հետ կապված մասնավոր որոշում կլինի։ – Այո, եղել է նման խոսակցություն։ Եվրոպայի խորհրդի պարտավորությունների այդ կետը դեռ այն ժամանակ բոլորիս անհանգստացրեց եւ Գալուստ Սահակյանը դեռ այն ժամանակ ինձ ասաց, որ եղել է այդպիսի խոսակցություն, եւ մենք վստահ ենք, ասաց, որ «Հոկտեմբերի 27»-ի վրա այս պարտավորությունը չի տարածվելու, որովհետեւ իրենք էլ են մարդ, իրենք էլ են հասկանում։ – Մահապատժի վերացման պահանջից եւ նախագահի հայտարարությունից հետո, «27»-ի դատաքննությանը հետեւողներից շատերն այն տպավորությունն ունեցան, որ ամբաստանյալ Հունանյանն իրեն էլ ավելի ցինիկ է պահում։ – Այո, շատերը նկատում են Նաիրի Հունանյանի մոտ այդպիսի փոփոխություններ։ Ճիշտն ասած, եթե շատ անկեղծ լինեմ, ինձ թվում է, նա ի սկզբանե նույն ցինիկն է՝ մինչեւ այսօր։ Իմ կարծիքով, ինքը հոկտեմբերի 27 լույս 28-ի գիշերը նախագահի տված երաշխիքը շատ լավ հիշում է, քանի որ կյանքը ցույց է տալիս, որ այդ երաշխիքը պահպանվում է, եւ գուցե դրա պատճառով էլ ինքն այդքան ցինիկ է։ – Դատաքննությունը, թվում է, ընթանում է իրավական հարթությունում։ Արտաքուստ պահպանվում է կարծես օրենքի պահանջը, բայց, ձեր դիտարկմամբ՝ մինչեւ ո՞ւր են հասցնելու։ – Ճիշտ նկատեցիք, երեւի բան չեմ կարող ասել դատաքննության ընթացքի մասին։ Հնարավորինս մասնակցում եմ։ Մի բան հաստատ գիտեմ, դատարանի դահլիճում զգացվում է մի բան, որը չես արտահայտի ոչ մի նախադասությամբ, ոչ մի բառով, բայց զգացվում է, որ այս դատավարության վերջը, լավագույն դեպքում, այս հինգին պատժելն է։ Խնդրեմ՝ այս համաներման դեպքը. ոնց որ ձյուն՝ ամառվա կեսին։ Չգիտես՝ ո՞ւմ մեղադրես։ Այսինքն, մի աներեւույթ, չերեւացող, օդի մեջ կանգնած, բայց շատ էական հզոր ուժ կա, որն այսօր անուն չունի, բայց ժամանակը կգա՝ անուն կունենա։ Այդ ուժը ղեկավարում է այս ամենը։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ Հ. Գ. Անահիտ Բախշյանի հետ զրույցում շոշափվել են նաեւ այլ հարցեր, որոնց կանդրադառնանք առաջիկա համարներից մեկում։