Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ

Հուլիս 11,2001 00:00

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ Եվ որեւէ նախադրյալ կամ հիմք չկա հույս ունենալու, թե նա դրանք կկատարի մնացած 2 տարում։ Ուստի, 1998-ին նրան իրենց այները վստահածներից շատերի համար Քոչարյանը «խորտակված անուրջների» նախագահ է։ Այս անդրադարձի առիթ դարձավ շուրջ մեկ ամիս առաջ Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հայտարարությունը, թե իրենք կդադարեն սատարել հանրապետության նախագահին, եթե նա շեղվի իր նախընտրական ծրագրից, սակայն մինչ օրս չեն խախտվել այն սկզբունքները, որոնց շուրջ միասնական դիրքորոշում էր ամրագրվել 1998-ին։ Այս հայտարարությունը բավական արտառոց էր, քանզի մեզանում հաստատված վատագույն եւ շարունակվող ավանդույթի համաձայն՝ նախընտրական խոստումների եւ ծրագրերի մասին բոլորը մոռանում են ընտրություններից անմիջապես հետո։ Փորձենք պարզել՝ ճշմարի՞տ էր այն պնդումը, թե Քոչարյանը չի շեղվել հայտարարված վճռորոշ սկզբունքներից։ Հարկ է նաեւ նշել, թե նպատակն այն չէ, որ հանրապետականները, ինչպես պրն Մարգարյանն էր խոստացել՝ արտահայտեն իրենց «կոշտ մոտեցումը» եւ «կտրուկ քայլեր» անեն։ Քանզի ակնհայտ է՝ մեզանում որեւէ մեկն ընդդիմադիր չի դառնում, քանի հնարավորություն ունի օգտվել իշխանության բարիքներից։ Եվ այսպես, ո՞վ կպնդի, թե Ռոբերտ Քոչարյանը կատարել է իր «նախընտրական ծրագրի հիմնադրույթներում» առաջին իսկ խոստումը՝ կտրուկ ավելացնել աշխատատեղերը։ Արդյոք կատարվե՞լ են ծրագրի «Տնտեսության ոլորտում» ենթաբաժնում ընդգրկված այլ խոստումները, ասենք, «պետության ակտիվ միջամտություն էներգետիկայում»։ Իսկ մի՞թե թեթեւացվել է հարկային բեռը՝ «ստվերային տնտեսության կրճատման հաշվին»։ Գուցե օրենսդրական հաճախակի փոփոխություննե՞րն են բացառվել այս ոլորտում։ Թե՞ բացառվել է «հարկային եւ մաքսային վարչարարության մեջ հովանավորչությունը»։ Տնտեսական բարենպաստ միջավայրի զարգացման համար Ռոբերտ Քոչարյանը խոստանում էր հավասար պաշտպանվածություն ապահովել սեփականատերերի եւ ներդրողների համար, խարխլել տնտեսական հանցագործությունների հիմքերը։ Չի իրականացվել նաեւ այն խոստումը, որ փոքր եւ միջին ձեռներեցության համար պիտի ապահովվեր վարկային ռեսուրսների մատչելիությունը եւ պիտի նվազեցվեին վարկային տոկոսադրույթները։ Գյուղացիական տնտեսություններին նույնպես խոստացել էր արտոնյալ վարկային ռեսուրսներ։ Արժանահիշատակ են նաեւ սոցիալական ոլորտում Քոչարյանի տված խոստումները իրական աշխատավարձերի կտրուկ աճի, կենսաթոշակների ու նպաստների չափի բազմակի բարձրացման վերաբերյալ։ Առավել անապահով խավերին խոստացվել էր երաշխավորել «պետության կողմից անվճար բժշկական օգնությունը», կանխել բուժհիմնարկներում տիրող ամենաթողությունը եւ կաշառակերությունը։ Փախստականներին խոստացվել էր, թե կճշգրտվի նրանց կարգավիճակը, կլուծվի նրանց բնակարանային խնդիրը։ Պիտի ձերբազատվեինք «աղետի գոտի» հասկացությունից՝ աշխատատեղերի կտրուկ ավելացման եւ բնակարանային ապահովվածության շնորհիվ։ Սակայն առավել դառը քմծիծաղի տեղիք տվեց Քոչարյանի այն խոստումը, թե պիտի առողջացնի հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտը. «Բարոյականությունը եւ պարկեշտությունը պետք է դառնան մեր հասարակության ձեւավորման հիմքը»։ Նա խոստանում էր պայքարել կաշառակերության դեմ, հստակեցնել կառավարման մարմինների լիազորություններն ու պատասխանատվությունը։ Քոչարյանը վստահ էր, թե կհաջողի բացառել անհիմն պետական ծախսերը եւ բյուջետային միջոցների ոչ արդյունավետ օգտագործումը։ Եվ ամենակարեւորը՝ Ռոբերտ Քոչարյանն իր նախընտրական ծրագրում խոստացել էր «հասնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը»։ Ինչո՞ւ նախագահի պաշտոնավարման երեք տարիների ընթացքում չկատարվեց այս, նաեւ չթվարկված բազմաթիվ խոստումներից եւ ոչ մեկը։ Ամիսներ առաջ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը պատճառաբանում էր, թե նախ Ռուսաստանի ֆինանսական ճգնաժամը խանգարեց, հետո 1999-ի խորհրդարանական ընտրությունները, հետո էլ «Հոկտեմբերի 27»-ը… Տրամաբանական նույն շղթան շարունակելով, պետք է գուշակել, որ Քոչարյանն իր նախընտրական ծրագրի տապալման համար այս տարի էլ պատճառ կբռնի «Միասնություն» դաշինքում ստեղծված իրավիճակը, որի հետեւանքով կառավարությունը չի կարողանում իր կարեւորագույն նախաձեռնություններն անցկացնել խորհրդարանում։ Իսկ մյուս տարի էլ արդեն կսկսվի նախագահական ընտրություններին նախապատրաստությունը (թեեւ այն արդեն իսկ սկսվել է)։ Աշխատել անկարողները միշտ էլ պատրվակներ ու պատճառաբանություններ են գտնում (չենք ուզում մեջբերել պրն Քոչարյանի նախընտրած՝ արդեն բազմիցս չարչրկված արտահայտությունը՝ վատ պարողին խանգարող ինչ-ինչ հանգամանքների մասին)։ Այսօր արդեն գրեթե լիակատար համոզվածությամբ կարելի է ասել, որ Քոչարյանն ավարտելու է իր նախագահական ժամկետը՝ իրագործելով միայն հատուկենտ նախընտրական խոստումներ։ Սակայն նա ոչ առաջինն է իր խոստմնազանցության մեջ, ոչ էլ, թերեւս, վերջինը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել