Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՁԱԿՈՒՐԴ՝ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ

Հուլիս 10,2001 00:00

ԱՐՁԱԿՈՒՐԴ՝ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ Այս տարի էլ ուսուցիչներին արձակուրդ ուղարկեցին առանց արձակուրդայինները, աշխատավարձը վճարելու։ Այս «գեղեցիկ» սովորույթը փորձում է դառնալ ավանդույթ։ Լավ էլ ստացվում է։ Հունիսի աշխատավարձը դեռ չեն ստացել։ Հիմա հուլիսն է, ուզեն թե չուզեն, արձակուրդ պետք է գնան՝ առանց արձակուրդայինները ստանալու։ Կգնան եւ հեռուստաէկրանից գովազդվող էկզոտիկ վայրերում «կշրջեն» մտովի, երեւակայությամբ, ինչպես հարմար է։ Հետո՞ ինչ, որ ժամանակին, շատ պարտաճանաչ ամփոփեցին արդյունքները, կիսամյակային ու տարեկան հաշվետվություններ կազմեցին եւ վերադասներին ներկայացրին այդ ամենը։ Այ, նրանց ճիշտ ժամանակին դրանք շատ են պետք։ Մեկ է, արձակուրդը երկար է եւ նայելու, դիտելու, մտածելու շատ ժամանակ ունի ուսուցիչը։ Լավ է գոնե այն, որ տնօրեն-տեղակալները չեն անհանգստացնի։ Ուսուցիչը մեկ-մեկ էլ մտածում է, թե ինչո՞ւ են իր հետ այդպես վարվում, ո՞ր մեղքի համար, երբ նա դպրոցում բարեգործություն է անում։ Եվ այսպես վարվում են արդեն մի քանի տարի։ Աշխատավարձերի եւ արձակուրդայինի խիստ ուշացումով վճարումը դարձել է խրոնիկական, անբուժելի։ Այդ դեպքում ո՞ւմ համար է աշխատանքային օրենսգրքի 103 հոդվածը, որի պահանջը՝ արձակուրդայինը վճարել աշխատողին արձակուրդից երեք օր առաջ, չի կիրառվում։ Եվ ուսուցիչն այս անգամ էլ ըմբռնումով մոտեցավ հարցին։ Հո չի՞ կարող ասել, թե՝ այ հարգելի ղեկավարություն, մինչեւ մեր փողերը չտաք, արձակուրդ չենք գնա։ Համ էլ մտածում է, որ իր կողքին բուժաշխատող կա, որը տարիուկես աշխատավարձ չի ստացել։ Այնպես որ, սիրելի ուսուցիչ, արձակուրդդ կվերջանա, կվերադառնաս դպրոց ու մեկ էլ տեսար՝ վճարեցին։ Ավելի լավ քեզ համար։ Արդեն լրիվ պատրաստված կլինես, կամրապնդվի նաեւ արձակուրդի ընթացքում առանց փողի ապրելու ձեռք բերած փորձդ։ Միայն թե մեր բյուջեի ճաքը շատ չմեծանա։ ՇԱՎԱՐՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել