Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՂ ՉՈՒՆԵՆԱԼԸ ՊԱՏՃԱՌ ՉԷ

Հուլիս 10,2001 00:00

ՓՈՂ ՉՈՒՆԵՆԱԼԸ ՊԱՏՃԱՌ ՉԷ – Ոչ մի գյուղ գլխամասային հանգույցից չպետք է ջրազրկվի,- պլակատային այս հայտարարությունը հնչեց Ջրային տնտեսության պետկոմի կոլեգիայում,- եթե գյուղում կան չարամիտ չվճարողներ, ուրեմն պետք է փորձել նրանցից գանձել գումարը, իսկ խիստ չարամիտ չվճարողներին՝ նաեւ պատժել։ Հայտարարության հեղինակ Գագիկ Մարտիրոսյանն, անշուշտ, գիտե ինչպես տարբերել «չարամիտ» չվճարողներին «չունեւոր» չվճարողներից, որոնց նա խորհուրդ տվեց դիմել Գյուղփոխօգնության բանկ։ Իսկ «գանձել- պատժելու» համար այս տարի պետկոմին կաջակցեն ՆԳ, մարզպետարանների եւ գյուղխորհուրդների աշխատակիցները։ Ինչպես երեւում է, գանձման նոր մեթոդն արդեն կիրառվում է, քանի որ նախորդ տարվա հունիսին հավաքված 95 մլն դրամի փոխարեն այս տարի արդեն գանձվել է 350 մլն դրամ։ Ի դեպ, բացի ջրօգտագործման վճարից, այս տարվանից սկսած՝ գյուղացիները պետք է «մուծվեն» նաեւ իրենց համայնքի ջրային ցանցի վերանորոգման համար։ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող մի ծրագրով առաջիկա 3 տարում կթարմացվի ողջ ներտնտեսային ցանցը (շուրջ 16 հազար կմ), որին կմասնակցեն համայնքները՝ 30% գումարի ներդրումով։ – Դա կառավարության խնդիրը չէ,- համոզված է Գագիկ Մարտիրոսյանը,- ով քայքայել է, նա էլ պետք է վերականգնի։ Ի դեպ, Ջրային տնտեսության «Ոռոգում» ՊՓԲԸ-ի տնօրեն Ա. Խաչատրյանը մի առիթով վերջերս նշել է, որ եթե ոռոգման ջրի դիմաց գանձումների տոկոսը հասնի 60-65-ի, ապա հնարավոր կլինի այդ գումարից որոշ մաս ուղղել ներտնտեսային ցանցի բարելավմանը։ Ըստ Գ. Մարտիրոսյանի, գանձումներն այս տարի պետք է կազմեն 90-100% եւ, այնուամենայնիվ, պարզվում է, որ ցանցի վերանորոգումն ամենեւին էլ այդ տոկոսների հետ կապ չունի։ Ռ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել