Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ

Հուլիս 10,2001 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴՆ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ Եվ այսպես, Սալոնիկում ավարտվեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Մինչեւ վերջին օրը Հայաստանի տղաների հավաքականը, որ հանդես էր եկել 5 քաշային կարգերում, վստահորեն գլխավորում էր թիմային առաջնությունը։ Եվ միայն +105 կգ քաշայինների պայքարից հետո Ռուսաստանի թիմին հաջողվեց առաջ անցնել եւ 526 միավորով նվաճել չեմպիոնի կոչումը։ Հայաստանի հավաքականն իր հաշվարկում ունի 519 միավոր։ Առաջնության ընթացքն «Առավոտը» լուսաբանել է օպերատիվ։ Յուրաքանչյուր հաջորդ օր հայ մարզասերը տեղեկացվել է այդ գիշեր Սալոնիկի մրցահարթակում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Մնում է ավելացնել, որ Հունաստանում իրենց կարողությունները ցուցադրեցին 44 երկրների 215 երիտասարդ ծանրորդներ։ Խոսքը տղաների մասին է։ Հայաստանը ներկայացնող 8 մարզիկները հանդես եկան ընդամենը 5 քաշային կարգերում եւ ընդհանուր առմամբ նվաճեցին 5 ոսկե, 5 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ։ Ասենք նաեւ, որ սա լավագույն ցուցանիշն է։ Իսկ ընդհանուր թիմային պայքարում (հաշվի առնելով նաեւ աղջիկների մրցելույթները, որտեղ մեր հանրապետությունը չուներ եւ ոչ մի ներկայացուցիչ) Հայաստանը գրավեց 3-րդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն Չինաստանին եւ Կոլումբիային։ Մրցումները դեռ շարունակվում էին, երբ մեր թիմը վերադարձավ Երեւան։ «Զվարթնոց» օդանավակայանում ջերմ ընդունելություն էր կազմակերպվել։ Հենց այդ ժամանակ էլ մրցումներից իր առաջին տպավորությունը մեզ հետ կիսեց հավաքականի մարզիչ Աշոտ Մխիթարյանը։ – Տղաների մրցելույթները նվաճում կարելի է համարել։ Նրանց ցույց տված կիլոգրամները տարեցտարի աճում են։ Աշխարհի առաջնություններում պատահական չեմպիոններ ու մեդալակիրներ չեն լինում։ Յուրաքանչյուր հերթական օր, երբ մրցահարթակ պետք է մտներ հայ ծանրորդ, դահլիճում հավաքվածները մի անակնկալ էին սպասում, ակնկալում էին, որ մեր տղաները միշտ պետք է զարմացնեն։ Ու այդպես էլ լինում էր՝ նրանք հուսախաբ չէին անում մարզասերներին։ Ութ մասնակցից, փաստորեն, միայն մեկը որեւէ մեդալի չարժանացավ։ Բայց դա չի նշանակում, որ նա պատրաստ չէր պայքարի։ Այնքան լարված էր մթնոլորտը, այնքան խիտ էին արդյունքները, որ մրցանակակիրների եւ մյուսների արդյունքների միջեւ տարբերությունն աննշան էր։ Տղաներին շատ էր ոգեւորում Հունաստանի հայ համայնքի աջակցությունը։ Հաջողությունների ձեռքբերման հարցում նրանք իրենց արժանի ներդրումն ունեցան, որի համար խորին շնորհակալություն ենք հայտնում։ – Փաստորեն, այս տղաները 2004թ. Աթենքում մեր օլիմպիական հավաքականի կորիզը կարող են կազմել։ – Անշուշտ։ Նրանք գալիս են դեռ պատանեկան տարիքից ու, ինչպես տեսնում եք, վստահ գնում են առաջ։ Հիմա հարկավոր է նրանց պահել, փայփայել։ Նրանցից շատերը երեք տարի հետո կդառնան 22-24 տարեկան։ Իսկ դա ծանրամարտում լավագույն տարիքն է։ – Որքան տեղյակ եմ, ունենք էլի շնորհալի տղաներ, ովքեր Սալոնիկում, անկասկած, իրենց վատ չէին դրսեւորի… – Այո, այդպես է։ Նրանց կաշխատենք ընդգրկել մեկուկես ամիս հետո մեկնարկող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցող թիմում։ Փորձելու տեղեր շատ կան ու քաշային կարգերում թեժ մրցակցություն է լինելու։ – Երեւում է՝ բարձր քաշային կարգերի խնդիր կա։ – Ներկայիս դրությամբ առայժմ հենց այսօր ուժեղագույնների հետ հավասար պայքարելու ունակ ծանրորդներ չունենք։ Բայց հեռանկարային, խոստումնալից տղաներ կան։ Բացի դա, հնարավոր է, որ այդ բացը լրացվի այս տղաներով։ Չմոռանանք, որ նրանք դեռ երիտասարդ են ու բնական աճ են ապրելու։ Այնպես որ, կարող են հետագայում տեղափոխվել ավելի բարձր քաշային կարգեր։ Պարզապես այս հարցում շտապել չի կարելի, պետք է խելամիտ վարվել։ – Հավաքականի հետագա ծրագրերը։ – Մեդալներով շատ չոգեւորվել։ Մարզումներ տեղերում, հավաքներ ու մասնակցություն նոր մրցումների։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել