Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրավական համագործակցությունը շարունակվում է

Հուլիս 10,2001 00:01

«Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությանը ներգրավված ԵՊՀ հոգեբանության ամբիոնի դասախոսներ Սեյրան Ամիրյանին եւ Ռուբեն Աղուզումցյանին պաշտոնապես միացավ 3-րդ հոգեբանը՝ ՌԴ ԳԱԱ հոգեբանության ինստիտուտից Նադեժդա Տարաբրինան։

Նա ունի 30 տարվա աշխատանքային ստաժ։ Լաբորատորիայի վարիչ է հոգեբանական կենտրոններից մեկում։ Մեր հոգեբաններին, դեռ դատական անդրանիկ նիստերին, խոստացվել էր ամբաստանյալ Նաիրի Հունանյանի հետ առանձին հանդիպում, ինչը, փաստորեն, իրականացվեց երեկ։

Չնայած ամբաստանյալն ինքը նպատակահարմար չհամարեց դատաքննության ներկա փուլում հանդիպել նրանց («սկզբունքորեն դեմ» չլինելով)՝ ապառնի ժամանակով էլ ասաց, թե «առաջարկելու է այլ մասնագետ հոգեբաններ ընդգրկել»։ Ի դեպ, մեզանում դատական հոգեբանություն որպես այդպիսին նոր է ձեւավորվում եւ մենք չունենք հոգեբաններ, որոնք պրակտիկ փորձ ունենան դատարաններում աշխատելու։

Հոգեբանական առումով իսկ փակուղի է ստեղծվում հատկապես այն մասնագետների համար, ովքեր առաջին անգամ են մտնում դատարան եւ իրենց իրավական գիտելիքների իմացությունն էլ արտահայտում են «ամբաստանյալին» «ամբաստանյան» ասելով։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը տեղեկացրեց, որ «եթե հոգեբանները պետք է զրուցեն, ապա պետք է հանդիպեն դատարանում»։

Մեղադրող Արմեն Հարությունյանն էլ չառարկեց միջնորդությանը, գտնելով, որ «եթե հրատապ է, պետք է տեսակցել», չնայած որ ճիշտ համարեց տեսակցությունը հարցաքննությունից հետո։ Վ. Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մարինա Ջանոյանը, որն ինքն էր ներկայացնում ՌԴ հոգեբան Նադեժդա Տարաբրինային, ասաց, որ նրան առաջադրվում է հետեւյալ հարցը. կարո՞ղ է ամբաստանյալ Հունանյանի անհատական-հոգեբանական առանձնահատկությունները էական ազդեցություն ունենալ նրա վարքագծի վրա հանցագործությունը կատարելու պահին։

Ներգրավված հոգեբանի փաստաթղթերը ստուգվեցին, նրան տրվեց 2 հարց. մեկը՝ տուժող Աղվան Վարդանյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Սահակյանի կողմից էր, թե «Ողջ ընթացքո՞ւմ է գտնվելու հոգեբանն այստեղ, թե՞ ոչ» (ինչին հետեւեց՝ «ոչ»-ը) եւ ամբաստանյալ Կարեն Հունանյանի պաշտպան, փաստաբան Համլետ Ստեփանյանի հարցն էր՝ «Պլանավորում է տիկին Տարաբրինան մասնակցել միայն ամբաստանյալների՞ հարցաքննությանը, թե՞ նաեւ վկաների», ինչին պատասխանեց Մարինա Ջանոյանը. «Ներգրավելով երրորդ մասնագետ-հոգեբանին՝ հիշեցնեմ, որ նրանք խմբով են աշխատելու, եւ Ն. Տարաբրինան իր մասով է աշխատելու»։

Ամբաստանյալ Աշոտ Կնյազյանի պաշտպան Մարուսյա Չիլինգարյանը փաստեց, որ մենք, ճիշտ է, ունենք հեղինակավոր հոգեբաններ, բայց քանի որ դա կողմի ընտրությունն է, ինքը նույնպես միացավ Մ. Ջանոյանի միջնորդությանը։ Այսպիսով, երեք հոգեբանների միացյալ տեսակցությունը (որի արդյունքները հրապարակային չեն լինելու) իրավական յուրահատուկ բանալի կլինի Սարգսյանների շահերի ներկայացուցիչների՝ փաստաբանների ձեռքին, ցանկացած պահին (հավանաբար ամբաստանյալին իրենց հարցերն առաջադրելու ժամանակ) այն օգտագործելու համար։ Երեկ, ինչպես մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, դատարան էին բերվել բոլոր 7 ամբաստանյալները՝ Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Էդիկ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանովը, Աշոտ Կնյազյանը եւ Համլետ Ստեփանյանը։

Նրանց ներկայությունը, չնայած իրենց պաշտպանները պնդում են, թե չի ազդում ամբաստանյալ Ն. Հունանյանի վրա, որը «կաշկանդված» չէ, սակայն, մեզ համար տեսանելի է վարքագծի փոփոխություն ոչ միայն Ն. Հունանյանի պարագայում (որն, օրինակ, մի շարք միջնորդություններ արեց, ավելի շուտ կրկնեց նախորդ միջնորդությունները՝ զինդատախազին, Արտակ Հարությունյանին, գլխավոր դատախազին ուղղված իր դիմումները պահանջելով), այլն, Կարեն Հունանյանի, որին երեկ «նեղ» եկավ նոր վանդակաճաղը (մի վանդակ հեռու էր տարվել)։

Նա փորձեց առարկել կատարվածին, սակայն դատավոր Ս. Ուզունյանն ասաց, որ դա ինքն է որոշել։ Կարեն Հունանյանի պաշտպան Հ. Ստեփանյանը, որը նախորդ նիստից բացակայում էր եւ բնավ դատարանին էլ չասաց, թե ի՞նչ պատճառով, միջնորդեց, որ ամբաստանյալ Ն. Հունանյանի հարցաքննությանը ներկա գտնվի իր պաշտպանյալը, քանի որ խախտվում է հավասար մրցակցության իրավունքը։

Ամբաստանյալների ներկայությամբ նկատելիորեն աշխուժանում են եւ նրանց պաշտպանները, որոնցից Ա. Աթաբեկյանը, Բագրատունին, Ա. Կարապետյանը նույնպես միացան իրենց գործընկերոջ միջնորդությանը։ Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը հատկապես զայրացավ, երբ փաստաբան-պաշտպանները ցիտեցին Սահմանադրության մի քանի հոդվածներ։ Նա հիշեցրեց, որ Սահմանադրության 17 հոդվածով մարդն ունի կյանքի իրավունք, եւ «սրանք» (ցույց տալով ամբաստանյալներին) զրկել են մարդկանց կյանքի իրավունքից։

«Հերիք է խոսել հավասար մրցակցության իրավունքի մասին,- շարունակեց նա,- ամբաստանյալները պիտի ելնեն, ստեղ վազվզեն, որ ասենք հավասա՞ր է։ Երբ կլինի վճիռը եւ ի կատար կածվի, կասեմ հավասար պայմաններ են»։ Նկատենք, երեկ որ ամբաստանյալների եւ տուժողների մերձավորներից դահլիճում ոչ ոք չկար։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031