Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության

Հուլիս 10,2001 00:00

ՊՆ-ում ջուրն էլ է ռազմավարական Պաշտպանության նախարարությունից մինչեւ Հետտրավմատիկ վերականգնողական կենտրոն ընկած տարածքում Ապարան-Երեւան ջրատարից վայրկյանում շուրջ 350 լիտր ջրի ապօրինի կորուստ է լինում։ Այդ տարածքում ջրատարից օգտվող, Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ընկերության հետ պայմանագրային որոշակի պարտավորություններ ստանձնած ու իրավաբանորեն գրանցված օբյեկտների թիվը հասնում է մոտ 40-ի։ Ընդ որում, այստեղ են գտնվում նաեւ Պռոշյան եւ Քասախ գյուղերը։ «Ամեն տեղ ստուգումներ, ջրաչափումներ ենք անցկացրել, բացի պաշտպանության նախարարության տարածքից։ Այստեղ չեն էլ թողնում, որ մտնենք, պատճառաբանելով, որ ստրատեգիական նշանակություն ունեցող տարածք է, ու թե այդ «ստրատեգիական տարածքում» որքան է ջրի կորուստ լինում, դժվար է ենթադրել։ Ջրաչափեր էլ չունեն, չեն տեղադրում, հիմնավորելով, որ դրա համար ֆինանս չունեն»,- ասում է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության մամուլի բաժնի պատասխանատու Մուրադ Սարգսյանը։ Արդյունքում խաթարվում է մայրաքաղաքի որոշակի թաղամասերի ջրամատակարարումը, երբեմն էլ բնակչությունը օրերով ջուր չի ունենում։ Մ. Սարգսյանի խոսքով, վերջին շրջանում ջրատարից կորուստները, համեմատաբար, ավելի քիչ են լինում, որովհետեւ անընդմեջ ջրաչափումներ են անցկացվում, «սակայն դա հարցի լուծում չէ, քանի դեռ այն կարգավորված չէ օրենսդրական դաշտում, Ազգային ժողովում խմելու ջրի մասին օրենքն ընդունված չէ»։ Երեւանը խմելու ջրով ապահովում են 13 աղբյուրներից (Գառնի, Արզնի, Արզական, Ապարան եւ այլն) մայրաքաղաք մտնող 20 խոշոր ջրատարները, մատակարարելով վայրկյանում 13 հազար 730 լիտր ջուր (ինքնահոսով՝ 5,968 լիտր եւ պոմպերի միջոցով, որոնք ջուրը բարձրացնում են մինչեւ 230 մետր՝ 7,762 լիտր)։ Իսկ քաղաքի ամբողջ բնակչությանը օրվա 24 ժամվա ընթացքում ջրով ապահովելու համար անհրաժեշտ է 6,5 հազար լիտր ջուր։ Սակայն զանազան ջրգողությունների պատճառով ջրի կորուստներն այնքան շատ են լինում, որ մայրաքաղաքի բնակչությունն օրվա ընթացքում լավագույն դեպքում 2-4 ժամ է ջուր ստանում։ Սակայն թերեւս հարկ է նշել նաեւ, որ իտալական «Էյ. Յութիլիթի» ընկերությունը, որ կոորդինացնում է մայրաքաղաքի ջրամատակարարման աշխատանքները, «Կառավարման պայմանագրով» նախատեսված 131 առաջադրանքներից կատարել է 37-ը։ Թերակատարվել է, մասնավորապես, ջրի վարձավճարների հավաքագրման աշխատանքը, ինչը, ըստ Մ. Սարգսյանի, բացատրվում է իրավական դաշտի անկատարությամբ, սպառողների վրա ազդեցության համապատասխան լծակների բացակայությամբ, բնակչության զգալի արտագաղթով եւ «Էյ. Յութիլիթիին» տրամադրված տվյալների անկատարությամբ։ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել