Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստվերային» տնտեսավարության հասցրած վնասները միայն ֆինանսական բնույթի չեն։ Շնորհիվ անվերահսկելի տնտե

Հուլիս 10,2001 00:00

ՄՈԳՈՆՎՈՂ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ «ԱԽՊԵՐԱՎԱՐԻ» ԿԻՍՎՈՒՄ ԵՆ «Ստվերային» տնտեսավարության հասցրած վնասները միայն ֆինանսական բնույթի չեն։ Շնորհիվ անվերահսկելի տնտեսվարման, մեր երկիրը հսկայական կորուստներ է ունենում էներգետիկայի, հանքահումքային արդյունաբերության եւ այլ ճյուղերում։ Այսինքն, «ստվերայնության» առկա մեծ ծավալները պետությանը միաժամանակ պատճառում են ե՛ւ նյութական, ե՛ւ ֆինանսական ահռելի կորուստներ։ «Ստվերային» տնտեսության պայմաններում, հասկանալի է, որ առավել սանձարձակորեն են ոտնահարվում տնտեսվարող այդ սուբյեկտներում ներառված աշխատողների աշխատանքային, ընդհանրապես, տարրական մարդկային իրավունքները… ԲԷՑ-երի մասնավորեցման հերթական փորձից առաջ ունենք Հայաստանի բաշխիչ 4 ցանցերի էլեկտրաէներգիայի ընդհանուր միջինացված 35% կորուստներ։ Ավելորդ չէ հիշեցնել, որ երբ ԲԷՑ-երի մասնավորեցման հարցը դրված չէր, երկրի էներգետիկայի բարձրագույն պաշտոնյաները հանրությանը համոզում էին, որ համակագում նորմատիվային կորուստները իջեցվել են մինչեւ 9%, իսկ գերկորուստներն ընդհանրապես վերացվել են։ Էլեկտրաէներգիայի նշված 35% կորուստների մոտ կեսը գերկորուստներն են. «Սա դեռ ամբողջը չէ՝ տարածված են հավելագրումները… տեսուչները հանցավոր համաձայնության գալով վերադասի հետ, կազմում են սպառողների կողմից կատարվող խախտումների վերաբերյալ կեղծ ակտեր։ Դրանք իրավական ոչ մի հետեւանք չեն ունենում իրավախախտների համար, քանի որ ակտերի մի մասը կազմում են գոյություն չունեցող սպառողների վրա։ Իսկ հայտնաբերումները լինում են ուշացած՝ բավականաչափ միջոցներ դիզած տեսուչներն ու պետերը ազատվում են աշխատանքից ու կորցնում հետքերը» (Հ. Հովհաննիսյան, «Արմատ», թիվ 21)։ Նշենք նաեւ շարունակվող այն գործելաոճը, երբ տեսուչները փոխհամաձայնության գալով սպառողների հետ, զգալիորեն «կրճատում» են նրանց ծախսած իրական էլեկտրաէներգիայի չափը եւ նրանցից գրպանում մատուցած «ծառայության» վարձը։ Իսկ ո՞վ պետք է վճարի ծախսված, բայց չգրանցված էլեկտրաէներգիայի դիմաց, որը հավանաբար պարտակվում է «հիմնավորված կորուստների» ցուցակում։ Հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդի կորստյան համար ո՞վ պետք է պատասխան տա։ ԲԷՑ-երի մասնավորեցումը վերջ կդնի՞ կորուստների մոգոնման եւ «ախպերավարի» բաժանման գործելաոճին։ Երկրում գործում են շինանյութերի 160 հանքավայրեր, որոնց շահագործման համար 75-90 արտոնագիր է տրված ֆիզիկական անձանց։ Իսկ շահագործումը կատարվում է ֆիզիկապես եւ բարոյապես մաշված տեխնոլոգիաներով եւ բառիս բուն իմաստով՝ բարբարոսական եղանակներով։ Միայն մեկ փաստ. արդյունահանվող տուֆի 90%-ը թափոնի է վերածվում։ Սակայն այս բնագավառում կորուստները, իհարկե, միայն շինանյութի հումքի մեծ ծավալների հասնող «փոշիացումով» չեն պայմանավորվում։ Դարձյալ զուգահեռաբար գործում է պետությունից իրական եկամուտների՝ արդյունահանվող շինանյութերի ծավալների առյուծի բաժինը հմտորեն թաքցնելու գործելաոճը։ Եվ գործող վերահսկողական չորս ծառայություններին ոչ մի կերպ չի հաջողվում դրանք «հայտնաբերել»։ Այս կապակցությամբ էլ բերենք պետական վիճակագրությունից ստացված հետեւյալ փաստական տվյալները. 2000թ. իբր արտադրվել է ընդամենը 7 մլրդ 357 մլն դրամի շինանյութ, սակայն նույն տարում իրականում կատարվել են 83 մլրդ 809 մլն դրամի շինմոնտաժային աշխատանքներ։ Այսինքն, ստացվում է, որ մեծ քանակությամբ շինանյութ պարզապես «օդից» է ձեռք բերվել։ Հիշեցնենք, որ 1999թ. կառավարությունը միայն Շիրակի տուֆի հանքերից կարողացավ «լրացուցիչ կորզել» թաքցված 300 մլն դրամը։ Սակայն հետագայում հավանաբար որոշեցին «ստվերային» գումարներն այլեւս չներմուծել պետբյուջե։ Չէ՞ որ դրանք կարելի է «ախպերավարի» կիսել միմյանց միջեւ։ ՄՈՒՇԵՂ ՏԵՐՏԵՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել