Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ՓՈԽՎԵՑ, ԿԵՑՑԵ ՆԱԽԱՐԱՐԸ

Հուլիս 10,2001 00:00

ՆԱԽԱՐԱՐԸ ՓՈԽՎԵՑ, ԿԵՑՑԵ ՆԱԽԱՐԱՐԸ Պետական պաշտոնյան դարձել է բասկետբոլի գնդակի պես մի բան՝ խաղադաշտում այսուայնկողմ է նետվում։ Արդյունքում, բազմաթիվ սկսված գործեր անավարտ են մնում, բազմաթիվ ծրագրեր չեն իրականացվում։ Մինչեւ նոր եկած նախարարը հասցնում է գործից մի փոքր գլուխ հանել, իրեն են պաշտոնից հեռացնում։ Երեկ «ԱրմենՏելի» պայմանագրային պարտավորությունների կատարումն ուսումնասիրող խորհրդարանային ժամանակավոր հանձնաժողովի անդամներին հետաքրքրող մի շարք հարցերի պետք է պատասխաներ կապի եւ տրանսպորտի նախարար (արդեն՝ նախկին) Երվանդ Զախարյանը։ Հասկանալի պատճառներով, այդ բանը տեղի չունեցավ, քանի որ կապի եւ տրանսպորտի նոր նախարար Անդրանիկ Մանուկյանին ժամանակ է հարկավոր գործերին ծանոթանալու համար։ «ԱրմենՏելի» ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ պատասխանելով «Առավոտի» հարցերին, ասաց, որ իրենց հանձնաժողովը պետք է լսեր կապի եւ տրանսպորտի նախարարին. «Բայց, ցավոք սրտի, փոխվել է, հրավիրել նոր նախարարին՝ իմաստ չունի, որովհետեւ նա դեռ կուրսի մեջ չէ, հինն էլ, արդեն, ի պաշտոնե, ուրիշ գործով է զբաղվում»։ Այդ պատճառով, հանձնաժողովը, երեկվա նիստի փոխարեն, աշխատանքային հանդիպում ունեցավ, մինչեւ որոշվի, թե ո՞ւմ հետ պետք է կապվի հանձնաժողովը հետագայում, եւ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն ո՞վ է լինելու։ Ըստ Վազգեն Մանուկյանի, կոնկրետ այս կադրային փոփոխությունը դժվարացնում է հանձնաժողովի աշխատանքը, բայց եւ հույս կա, որ, նախարարից բացի, մյուս իրազեկները մնում են իրենց աշխատատեղերում։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել