Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ վրա են հույս դրել

Հուլիս 10,2001 00:00

Ինչի՞ վրա են հույս դրել Տիկնիկավարների մասին ամեն ինչ պարզ է. երբ անցնում ես որոշակի սահմանագիծ, հետ դառնալու ճանապարհ այլեւս չկա՝ սկսվում է «մխրճման» գործընթացը: Այդ վիճակում միանգամայն տրամաբանական է թե՛ «27»-ի ամբաստանյալներին ներում շնորհելը, թե՛ մահապատիժը չկիրառելու մասին խոստում տալը՝ ահաբեկիչներին հրապարակավ կյանքի երաշխիքներ տալով, թե՛ զոհվածներին վարկաբեկելը: Հետաքրքիր է մեկ այլ հարց. ինչի՞ վրա են հույս դնում խամաճիկները, կատարողները: Երբ պետական եկամուտների նախարարը (արդեն նախկին) գործ է թխում թերթի հրատարակչի դեմ, նա մտածո՞ւմ է՝ ինչպես է ապրելու 5 կամ 10 տարի հետո: Երբ պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաները փորձում են շանտաժի ենթարկել լրագրողին՝ իրենց կամ (որը նույնն է) ԱԱՆ-ի նկարահանած լուսանկարներով, այդ մարդիկ մտադիր են հետագայում ե՞ւս ուսադիրներ կրել: Երբ հատուկ ծառայությունները, երկրի անվտանգությունը թողած, զբաղվում են քաղաքական եւ տնտեսական խնդիրներով, նրանց աշխատակիցները ենթադրում են, որ դա չի՞ բացահայտվի: Կարելի է, իհարկե, քծնողական կենացներ արտասանել Սերժ Ազատիչի հասցեին՝ այսօր դա կարող է ամրապնդել ոմանց պաշտոնական դիրքը: Իսկ վաղը, երբ Սերժ Ազատիչը եւ Ռոբերտ Սեդրակիչը այլեւս իշխանավոր չլինեն, ո՞վ է այդ շողոքորթներին շնորհակալություն հայտնելու անցանկալի մարդանց դեմ անբնական «կոմպրոմատներ» պեղելու համար: Գուցե այդ կատարողները կարծում են, որ Հայաստանում չե՞ն ապրելու: Կամ՝ որ ապօրինի հրամաններ կատարելու համար պատասխանատվություն չի՞ հասնում: Կամ՝ որ իրենց շեֆերը հավե՞րժ են: Ժամանակին Արմեն Տեր-Սահակյանն էլ էր այդպես մտածում: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել