Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ տեղի ունեցավ «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության համագումարը

Հուլիս 10,2001 00:00

Պատճառահետեւանքային կապ Երեկ տեղի ունեցավ «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության համագումարը «Դեռեւս պարզ չէ, պե՞տք է, արդյոք, պալատական հեղաշրջումների հիմք ընդունել 1998-ը, թե՞, օրինակ, պե՞տք է պետական դավադրության սկիզբ ընդունել 1996-ի սեպտեմբերի 25-ը, իսկ 1998-ը՝ դրա վարագուրված դրսեւորումը՝ տեռորի մուտքն ազդարարող կրակահերթերով եւ «Հոկտեմբերի 27»-ը նախապատրաստող մի շարք սպանություններով։ «Հոկտեմբերի 27»-ը, կարծում եմ, 1996-ին տրված հեղաշրջման հայտի, 98-ը՝ շատերի համար անբացատրելի ու «մութ» մնացած իշխանափոխության եւ առաջին նախագահի հրաժարականով «ժամանակավոր կասեցված», բայց անպատկառ մարտահրավեր էր ինքնուրույնությունն ու կամքը մեկ անգամ եւս փորձության ենթարկած հասարակությանը»,- հայտարարեց Շողեր Մաթեւոսյանը։ Վերջինս անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման կարեւորությանը, արձանագրեց, «1998-ի կեղծված ընտրությունը ժողովուրդը փոխհատուցեց 99-ի ԱԺ ընտրություններով եւ անմիջապես ստացավ «27»-ը՝ որպես պատասխան՝ դու քո ընտրությունը կատարել ես 98-ին՝ ընտրելով «կոպիտ» ուժը, ուրեմն՝ ստացիր, ինչ ընտրել ես։ «27»-ի բացահայտումը կարեւոր է հենց այն առումով, որ Երրորդ հանրապետության ստեղծման առաջին իսկ օրից դավադրությունը ուղեկցել է մեր պետականություն ունենալու ձգտմանը…»։ Տիկին Մաթեւոսյանը հիշեցրեց, որ երբ 1991-ին խորհրդարան ներթափանցած Դաշնակցությունը բացահայտվեց, ոչ ոք չդատապատեց այդ գաղտնիությունը եւ չհարցրեց, թե ինչպե՞ս է պատահել, որ դրսից ֆինանսավորվող մի կուսակցություն հայտնվել է նորանկախ պետության խորհրդարանում, ՀՅԴ-ն չդատապարտվեց նաեւ այն ժամանակ, երբ Ղարաբաղում Դաշնակցությունը պետությունից ու բանակից դուրս զինված կազմավորումներ էր ստեղծում՝ բացահայտ ու ի պաշտոնե։ Ի վերջո, Շ. Մաթեւոսյանն իր ելույթում հիշեցրեց նաեւ, որ 1994-ին բացահայտվեց «Դրոյի գործը», ուր տապալված ահաբեկչության թիրախը նույնն էր, ինչ «27»-ինը։ «Շամիրամի» նախագահը հայտարարեց. «Իշխանությունները արգելելով ՀՅԴ կուսակցությունը, ի զորու չեղան արգելել նրա քարոզարշավը, որը «Դաշինքի» հուսալի անվան տակ բացահայտվեց 96-ի սեպտեմբերի 25-ին՝ Իշխանություններին կախելու, գնդակահարելու, վառելու կոչերով, եւ, ի դեպ, մասամբ իրականացրեց 96-ին։ Նույն կոչերը մենք լսեցինք 99-ի սպանդի ժամանակ Նաիրի Հունանյանի կողմից»։ Շ. Մաթեւոսյանն ընդգծեց, որ անցած 7 տարիների ընթացքում նախկին իշխանություններին չհաջողվեց հասարակության գիտակցության մեջ մտցնել, որ ազգային արժեքը ոչ թե ավտոմատն ու տեռորն են, այլ պետականությունը։ Նա առաջարկեց. «Համախմբվել բոլոր նրանց, ովքեր չեն պատրաստվում լքել Հայաստանը ու քանի դեռ եւս մեկ անգամ ասպարեզում չի հայտնվել «ռոմանտիկների մի նոր խմբաքանակ», անհապաղ իրականացնել իշխանափոխություն, նախընտրելի է՝ Սահմանադրության շրջանակներում, քանի դեռ հայտնի չէ, թե երբ կլինի հաջորդ համաներումը»։ Ընդ որում, տիկին Մաթեւոսյանը պնդեց, թե իշխանափոխության անհրաժեշտությունը ենթադրում է բոլոր առողջ ուժերի համախմբում՝ անկախ աջ կամ ձախ գաղափարախոսությունից։ «Շամիրամի» համագումարում ելույթ ունեցան նաեւ կազմակերպության նորընտիր նախագահության անդամները։ Համագումարն իր աշխատանքներն ավարտեց, երբ ընդունվեց կազմակերպության հայտարարությունն ու ընտրվեց 9 հոգուց բաղկացած նախագահությունը։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել