Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի հետ

Հուլիս 10,2001 00:00

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է» Հարցազրույց «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի հետ «Առավոտը» դիմեց «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանին հարցազրույցի խնդրանքով, վերջինս մեր հարցերին պատասխանելուց առաջ հարկ համարեց իր գնահատականները տալ ընդդիմադիր եւ իշխանամետ մամուլին. «Ի սկզբանե, ինքս եմ ուզում Ձեզ հարցով դիմել, որ օգնեք լուծել մեկ քաղաքական խնդիր, ավելի ճիշտ՝ պարադոքս։ Երբ կարդում ես իշխանամետ մամուլը, որն արդեն շուրջ մեկ տարի կատաղի գովերգում է իրենց հոգեւոր հայրիկ, հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գովերգում է, ոչ թե ասելով, թե քանի լրացուցիչ տասնյակ հազարավոր աշխատատեղեր են ստեղծվել, թե քանի սպանություններ են բացահայտվել եւ սպանությունների կազմակերպիչներ, ոչ թե նրանով, թե քանի հազար ընտանիք են կարողացել համոզել, որ գլխակորույս չլքեն Հայաստանը եւ չհեռանան հայրենիքից, այլ, գովերգման նոր ճանապարհ են գտել։ Այն է՝ քննադատել, զրպարտել քաղաքական այն գործիչներին, որոնք, ավա՜ղ, հանդգնում են ասել՝ պրն Քոչարյան, Ձեր աչքի վերեւը հոնք էլ կա։ Իրենց երեւակայության մեջ հասել են այնտեղ, որ արդեն այդ քաղաքական ընդդիմադիրներին համեմատում են Նաիրի-Հերոստրատի հետ։ Արդեն ասես Կասանդրայի նման գուշակում են, որ ոչ մի բան չի ստացվի, որ Քոչարյանը հավերժ է, ինչպես հավերժ են համապատասխան մասնագիտությունները»։ Պրն Գեղամյանի խոսքի այս մասը վերաբերում էր իր ասելով՝ «իշխանամետ մամուլին»։ Ընդդիմադիր մամուլի մասին Արտաշես Գեղամյանի կարծիքը կրկին ինքնատիպ էր։ Նրա խոսքերով՝ «ընդդիմադիր մամուլը կարդալով, նոր հայտնագործություն ես կատարում։ Բանից պարզվում է, որ ես ոչ այլ ոք եմ, քան՝ Քոչարյանի արհեստածին ընդդիմադիր ուժը։ Չգիտես՝ խնդաս, թե լաս։ Հաշվի առնելով, որ ձեր թերթն անաչառ է, տեղ թողնենք որոշակի հարցերի լուսաբանման համար։ Որ վաղը, մյուս օրը, երբ, ձեր «խասյաթի» համաձայն, Գեղամյանի վրայով գնաք ու գաք, ես ասեմ, որ ամեն ինչ որոշակի եմ ասել։ Քաղաքական ներկա պատկերում Գեղամյանը ոչ այլ ոք է, քան՝ ուժ, որը ընդդիմադիր է թե՛ Քոչարյանի վարչակարգին, թե՛ այն ուժերին, ովքեր այդպես էլ չեն ուզում հանգել մի պարզ ճշմարտության։ Իսկ այդ ճշմարտությունն այն է, որ, բացի իրենցից եւ Քոչարյանի վարչակարգից, ծնունդ է առել երրորդ ուժը, որը անշուշտ պատրաստ է համագործակցել ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերի հետ, բնականաբար, փոքր վերապահումներով։ Ահա, այս է ճշմարտությունը, եւ ընդդիմադիր մամուլն ու հեռուստատեսությունը պետք է պարզ գիտակցեն մի ճշմարտություն, որ Քոչարյանի վարչակարգի ջրաղացին ջուր կլցնեն, եթե անհիմն կասկածամտությունից դրդված Գեղամյանին եւ իր դաշնակիցներին կապեն Քոչարյանի հետ»։ Արտաշես Գեղամյանը ընդդիմադիր եւ իշխանամետ մամուլին եւ հեռուստատեսությանը այսպես խրատելուց հետո ահազանգեց, որ պետական քարոզչամեքենան, փոխանակ խոստովանի, որ ձախողել է բոլոր հարցերը, արհեստականորեն ուզում է պատրանք ստեղծել, որ իրենց գործը չի հաջողվում, քանզի երկրի վիճակն ապակայունացնող ուժեր կան։ Արտաշես Գեղամյանի պնդմամբ, ոմանց «ձեռնտու է իշխանամետ քաղաքական ուժերի գերեզմանոցային կայունությունը, որը այդ ուժերի ընտանիքների համար գուցե անվրդով կյանքի աղբյուր է, բայց՝ ոչ համայն հայության, ոչ Հայոց պետականության»։ Զրույցի ընթացքում Արտաշես Գեղամյանն ասաց, որ նոր ծնունդ առնող երրորդ ուժը պատրաստ է համագործակցել ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերի հետ, բացառությամբ մի քանիսի։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե որոնք են այդ բացառությունները. «Բացառությունն այն ուժերն են, ովքեր իրենց գործունեության ընթացքում թույլ են տվել արարքներ եւ գործողություններ, որոնք հետապնդելի են ներկայիս օրենքներով»։ Արտաշես Գեղամյանը պատրաստ է համագործակցել նաեւ ՀՀՇ-ի՞ հետ. «Դո՛ւք ասացիք»։ Աշոտ Մանուչարյանի կազմակերպած հանրահավաքների, հանրահավաք-ասուլիսների ժամանակ արդեն երկրորդ անգամ ինչ-որ մարդիկ հարցնում են՝ իսկ որտե՞ղ է Արտաշես Գեղամյանը, որտե՞ղ է Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը։ Որտե՞ղ եք, պրն Գեղամյան։ «Առավոտի» այս հարցին պատասխանելիս, Գեղամյանն ասաց. «Արտաշես Գեղամյանը, երբ հնարավորություն ունի ԱԺ-ի ամբիոնից լսելի լինել իմ կողմից հարգված Արշակ Սադոյանի սիրելի ռադիոլսողների համար, որ, անգամ այս վատ կապի պայմաններում կազմում է հանրապետության 80 տոկոսը, ապա համաձայնեք, ավելի ճիշտ է համարում օգտագործել այդ մեծ լսարանը, քանի դեռ այս հնարավորությունը կա, քան՝ հանրահավաքը։ Եթե դուք ուշադրություն եք դարձրել, հանրահավաքի կազմակերպիչներ են այն ուժերը, որոնք ներկայացված չեն խորհրդարանում։ Ես չեմ ասում, որ իրենք արժանի չեն, շատ ավելի արժանի են, քան խորհրդարանում ներգրավված ուժերը, բայց այդպես է ստացվել»։ – Արշակ Սադոյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ որոշակի ընդդիմադիր ուժն արդեն ձեւավորված է, շուտով հայտարարություն կարվի այդ մասին։ Դա նույն ո՞ւժն է, որի հիմքում նաեւ դուք եք։ – Ես կասեմ հետեւյալը՝ արդեն Հայաստանում բոլոր պատասխանատու քաղաքական կուսակցությունների համար ակնհայտ է, որ ներկայիս վարչակարգով, ներկայիս նախագահով եւ ներկայիս կառավարությամբ Հայաստանը անհնարին է հանել այն համակողմանի ճգնաժամից, որի մեջ հայտնվել ենք վերջիններիս մեղքով։ Երբ բացահայտորեն մարդկանց մեղադրում ես օրինազանցության մեջ, անգամ թվեր եւ փաստեր ես ասում, փոխանակ դա հուզի իշխանություններին, նախարարական մեկ պորտֆելը փոխարինում են նախարարական մյուս պորտֆելով։ Սեփական անձերի մեջ թող իշխանությունները փնտրեն իրենց ձախողումների պատճառը, սեփական անտեղյակության եւ մեր ժողովրդի համար օտար դարձած լինելու մեջ։ – Դուք կարծում եք, մեր հասարակությունը ուզո՞ւմ է կամ պատրա՞ստ է հեղաշրջման ճանապարհով հարցեր լուծել։ – Այնքան են սարսափած ընդդիմությունից, որ ժամերով հեռուստաեթեր են տրամադրում բոլոր ժամանակների իշխանամետ մտավորական հորջորջվող քաղաքական սազանդարներին, որոնք, կարծես իրենք իրենց են ուզում համոզել, որ ընդդիմություն չկա, փափուկ բարձ դնել իրենց տերերի գլխի տակ։ Ընդդիմություն կա, բացեք ձեր աչքերը, պարոնայք։ Ամբողջ հայ ժողովուրդն է ընդդիմություն ներկայիս իշխանություններին։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել