Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը

Հուլիս 10,2001 00:00

ՍԱՀՔ ԴԵՊԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Քոչարյանը գիտակցու՞մ է, որ ինքը պետության ղեկավար է, ոչ թե հասարակական իրավապաշտպան, որի առաքելությունը homo sapiens-ի մարդեղացումը լինի: Կամ էլ, չլինի՞ քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի առթիվ Քոչարյանն այնպիսի ալտրուիզմով է տոգորվել, որ անկարող է նույնիսկ Հունանյանի կարգի մեկին չգոյության դատապարտել: Քոչարյանը մարտնչող բանակի հրամանատար է եղել, իսկ ռազմական գործիչն ու հակաբռնության քարոզիչը հակոտնյա էություններ են: Մեկը Քոչարյանն արդեն եղել է, մյուսի կերպարը զուր է ջանում խաղարկել, անհամոզիչ է: Ով՝ ով, բայց Քոչարյանը 98-ի իշխանափոխությունից ու նախկինների հանդեպ սանձազերծած հալածանքներից հետո չի կարող իրեն վերագրել «ասինխայի» հետեւորդ լինելու բարեմասնությունը (չարիքին բռնությամբ չհակազդելու ուսմունք, որ ձեւակերպվել է բուդդիզմի պոստուլատների հիման վրա եւ քաղաքական ուսմունքի է վերածվել Մահաթմա Գանդիի կողմից): Իր ողջ կյանքում չարիք նկատվածին բռնությամբ հակազդելու բազմաթիվ օրինակներ տալով՝ Քոչարյան քաղաքական գործիչը մահապատժին դեմ արտահայտվելու լուսանցք չի թողել: Իբրեւ պետական գործիչ, նախագահն աներկբայորեն ճիշտ է, երբ կարծում է, թե իր առաքելությունը ժողովրդավարական արժեքներ հաստատելն է: Բայց ժողովրդավարություն չի կարող գործել այնտեղ, ուր բարբարոսություն է: Հետեւաբար ժողովրդավարություն կառուցելուց առաջ պետք է բարբարոսությունը արմատախիլ անել: Մի դեպքում դա արվում է հասարակական դատապարտման արժանացածին ներողամտորեն վերաբերվելով, մյուս դեպքում՝ պատժամիջոցներ մեղմելով, երրորդ դեպքում՝ վախ ներազդելով: Ընտրենք ուղին՝ Նաիրի Հունանյանին մահվան դատապարտե՞լը նախազգուշացում կլինի պոտենցիալ ահաբեկիչների համար, թե՞ նրան կյանք շնորհելը: Ի դեպ, բազմիցս ասվել է, թե հոկտեմբեր 27-ի, լույս 28-ի գիշերը Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ Նաիրին պահանջել է երաշխիքներ, որ իր հանդեպ հաշվեհարդար չի լինի: Նախագահը տվել է այդ երաշխիքը, ինչից հետո ահաբեկիչը առանց դիմադրության հանձնվել է իրավապահներին: Ի՞նչը կարելի է համարել հաշվեհարդար որեւէ ահաբեկչի պարագայում: Անշուշտ՝ ոչ ազատազրկումը, եւ ոչ դատավարությունը: Որովհետեւ դրանց այլընտրանքներ չկան: Մնում են դատավճիռը եւ պատժամիջոցը: Ծայրահեղ պատժամիջոցը մահապատիժն է, հետեւաբար հաշվեհարդար բնորոշումը հենց մահապատժին է վերաբերել: Ասված է՝ «Կյանքն այնքան պարզ չէ, որքան կարծում եք, այն ավելի պարզ է»: Քոչարյանը, պատասխանելով «Ագոյի» խմբի հարցադրմանը, հավաստեց Նաիրիին իր տված երաշխիքը՝ հաշվեհարդար չի լինի: Ինչու՞ դա արվեց: Քոչարյանը չէր կարող չգիտակցել, որ հայտարարությունը, թե իր պաշտոնավարության օրոք մահապատիժ չի կիրառվի, մեկնաբանվելու է իբրեւ անթաքույց հովանավորչություն «27»-ի ոճրագործներին: Առանձնակի դժվարություն չէր ներկայացնում կանխատեսել, որ հասարակությունը նման «անափ հումանիզմը» չի ընկալի, եւ առանց այն էլ խղճուկ վարկանիշի գետնահար մնացորդներն են վճարվելու այդ հայտարարության համար: Այդուհանդերձ հայտարարությունն արվեց եւ այրիների բաց նամակից հետո էլ չհերքվեց: Ուղղակի սահք՝ դեպի քաղաքական ինքնասպանություն: Ի՞նչ է մնում ենթադրել: Արդյո՞ք դա ավելի վտանգավոր ու անպատվաբեր բացահայտումից խուսափելու փրկագին չէ: Գալով քարոզարշավին, թե մահապատժի կիրառումով մեր հարաբերությունները Եվրախորհրդի հետ կբարդանան, թույլ եւ անհուսալի վահան է: Նախ մեր գոյության իմաստը Եվրախորհրդին գոհացնելը չէ: Այնուհետեւ մի օրինակ՝ ՌԴ իշխանությունների գործողությունները Չեչնիայում: Ոչ այս, ոչ այն, վակուումային ռումբեր գործածվեցին Դաղստանում, զինատեսակ, որ մի քանի կիլոմետր շառավղով հալեցնում ու ոչնչացնում է ամենայն ինչ: Եվրախորհուրդը սկսեց ճառել եւ 8230 ճառելուց այն կողմ չանցավ: Ոչ թե՝ որովհետեւ չէր ցանկանում, այլ՝ որովհետեւ դա է իր ազդեցության եւ կարողությունների սահմանը՝ ճառել: Խորհուրդ տվողը չի վճարում, ճառողը՝ առավել եւս: Անօրինակ բարբարոսությունը Հայաստանում է կատարվել, հետեւաբար Հայաստանի մտահոգությունը պետք է լինի «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը եւ այնպիսի պատժամիջոցը, որ վերջացած սրիկայի մեջ էլ սպանի Նաիրիի օրինակին հետեւելու գայթակղությունը: Ի դեպ, դա ամենից ավելի հարկավոր է Քոչարյանին: Որովհետեւ, եթե իշխանության հետ զենքով հաշվեհարդար տեսնելու նախադեպը, որ սկզբնավորվեց Հենրիկ Խաչատրյանի սպանությամբ, ահագնացավ ուժային փոխնախարարների մահափորձերով եւ իր կուլմինացիային հասավ խորհրդարանի դահլիճում, վերջ չգտնի հանցագործներին կառափնարան տանելով, Քոչարյանը ամենից ավելի հավանականություն ունի ահաբեկչության թիրախ դառնալու: Չէ՞ որ, եթե հետեւենք նաիրիհունանյանական տրամաբանությանը՝ իշխանությունից վրեժխնդիր լինելու կամ հասարակության կամք իրագործելու ցնորամտությանը, Քոչարյանը թիվ 1 թիրախի անմրցակից հավակնորդ է: Նա ժողովրդի թշվառության համար առաջին պատասխանատուն է եւ ամենից ավելի մերժվող քաղաքական գործիչը Հայաստանում: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել