«ՎԱԶԳԵՆԻՆ ՎԱՐԿԱԲԵԿԵԼՈՎ «27»-Ը ՉԻ ՊԱՐՏԱԿՎԻ» Իշխանություններն արդեն վաղուց սկսել եւ այսօր էլ շարունակում են նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի վարկաբեկման, թվում է՝ պետական, քաղաքականությունը։ Հակառակ դեպքում Վ. Սարգսյանին իրենց ընկերը հայտարարող երկրի բարձրագույն իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանն ու պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, գոնե մեկ անգամ պարտավոր էին հանդես գալ ի պաշտպանություն Հայաստանի եւ Արցախի Ազգային հերոսի, մի մարդու, ում հետ իրենք ճանապարհ էին անցել, ումով, ի վերջո, պայմանավորված է իրենց կարիերայի առաջխաղացումը։ Իսկ, գուցե, նրանք միայն Վազգենի մահից հետո՞ գտան իրենց լիակատար իշխանությունն ու հետեւաբար նաեւ՝ երջանկությունը։ Ավելի ցավալի է, իհարկե, երբ նախկին վարչապետի վարկաբեկմանը լուռ ականատես են դառնում նրա գաղափարների իբր ժառանգորդ ուժերը՝ Հանրապետական կուսակցությունն իր վարչապետով, «Հայաստան» պատգամավորական խումբն իր 12 օրենսդիրներով, «Հանրապետություն» կուսակցությունը՝ ի դեմս Արամ Սարգսյանի եւ Ալբերտ Բազեյանի ու, ի վերջո, ԵԿՄ-ն՝ հանձին փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանի։ Եզրակացությունը մեկն է՝ Վ.Սարգսյանն իրականում ոչ ընկեր ունի, ոչ զինակից։ Առայժմ միակ մարդը, որ պատրաստակամ էր արձագանքել նախկին վարչապետի դեմ ծավալված քարոզարշավին՝ նախկին նախարար Վահան Շիրխանյանն էր. «Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի վարկաբեկման եղկելի քարոզարշավը «27»-ի ոճրագործության կազմակերպմանն ու իրականացմանը ուղղակի մասնակցություն ունեցող մարդկանց տկար ու ստոր մտքի արդյունքն է։ Նպատակը պարզ է. փորձում են Վ.Սարգսյանին եւ Կ.Դեմիրճյանին վարկաբեկելով պարտակել այդ ոճրագործությունը։ Ընդ որում, այդ գործընթացը սկսվել է «27»-ից անմիջապես հետո ու միայն այսօր է ավելի ակնհայտ եւ լկտի դարձել։ Բանն այնտեղ է հասել, որ Վ.Սարգսյանին մեղադրում են ոչ միայն «27»-ը դրդելու, այլեւ՝ գործի հնարավոր չբացահայտման մեջ։ Այդ քաղաքականության հեղինակների շրջանակը գնալով սեղմվում է ոճրագործության կազմակերպիչների, դրա մասնակիցների, սպասարկող քարոզչամիջոցների շուրջ։ Պարտակելու միջոցներից մեկը զոհերին վարկաբեկելն է եւ՝ այն աստիճան, որ հասարակությունը ստիպված լինի արդարացնել տեղի ունեցածը եւ Հունանյանին փրկիչ հայտարարել։ Բայց չեմ կարծում, որ այդ ճղճիմ քաղաքականությունը իշխանությունների համար երբեւէ ցանկալի արդյունք ունենա։ Տեսեք, թե ով է ղեկավարում Վ.Սարգսյանի վարկաբեկման քաղաքականությունը՝ մի իշխանություն, որը ոչ միայն ինքն է ձախողվել ու վարկաբեկվել անցած 3 տարիների ընթացքում, այլեւ բզկտել է ողջ հասարակությունը։ Նրան պիտի հաջողվի՞ վարկաբեկել մի մարդու, որը 4 տարի իր ուսերի վրա տարավ պատերազմի ողջ ծանրությունը, ժողովրդի աջակցությամբ հաղթեց ու արժանացավ Սպարապետ անվան պատվին։ Ապարդյուն են Սպարապետի դերակատարումը մեր պետականության կայացման գործում նսեմացնելու ջանքերը։ Չեմ կարծում, թե բոլորն են այնքան երախտամոռ, որ մոռացել են նրա ներդրումը 90-94 թվերին, երբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակն այնքան էր լարված, որ սպառնում էր վերածվել քաղաքացիական արյունալի պատերազմի, եւ որից երկիրը փրկեց Վազգեն Սարգսյանը։ Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Այն բոլոր մարդիկ, ովքեր այսօր փորձում են վարկաբեկել Վ.Սարգսյանին՝ պարկեշտ լինելու դեպքում՝ պետք է շնորհակալ լինեին նրան, որ իրենք այսօր կան, որ կա Հայաստանը, որ Զանգեզուրն ու Սեւանի ավազանը չենք կորցրել, ավելին, ազատագրել ենք Լեռնային եւ Դաշտային Ղարաբաղը։ Եվ եթե հանրապետության նախագահը հույս ունի, որ Վազգենին վարկաբեկելով ինքը դիվիդենտներ է շահելու, որ «27»-ը պարտակվելու է՝ չարաչար սխալվում է»,- ասաց Վ.Շիրխանյանը։ Վերջինս նաեւ կարծիք հայտնեց, որ Վ.Սարգսյանի վարկաբեկումը, թերեւս, իշխանական բարձր մակարդակներում է խրախուսվում. «Հակառակ դեպքում, չեմ հավատում, թե Հայաստանի այսօրվա պայմաններում, երբ ամեն ինչ նախագահի ու նրա վարչախմբի վերահսկողության տակ է, հնարավոր լիներ Վազգենի դեմ այդպիսի լկտի քարոզարշավ ծավալել ու պատասխանատվություն չկրել։ Ես առաջարկում եմ այդ քաղաքականության գաղափարախոսներին՝ հավաքել իրենց իրերն ու հեռանալ այս երկրից՝ հանգիստ թողնելով ժողովրդին եւ թշնամանք ու ատելություն չսերմանել։ Չի կարելի 10-20 հոգով նման փորձության ենթարկել այս ժողովրդին ու իրենց կեղտոտ ձեռքերով մրոտել մի մարդու, ում ներդրումն այս երկրում թերագնահատելը նշանակում է լինել ստոր ու սրիկա»։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ