Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Սահմանադրության տարելիցի առթիվ թերեւս տեղին է նկատել, որ Գլխավոր օրենքի «բարեփոխիչների» մտքով երբ

Հուլիս 06,2001 00:00

Հռչակում են ու չեն իրականացնում ՀՀ Սահմանադրության տարելիցի առթիվ թերեւս տեղին է նկատել, որ Գլխավոր օրենքի «բարեփոխիչների» մտքով երբեւէ չի անցնում անդրադառնալ կրթությանն առնչվող դրույթներին՝ թեեւ վերջիններիս կիրառման հնարավորությունն ու արդյունավետությունը բավականին կասկածելի է։ Բնականաբար, կրթության համակարգը «բարեփոխիչների» համար նույնքան անկարեւոր է, որքան պետական այրերի համար ընդհանրապես։ Վերջիններս հենց միայն նման հռչակագրային օրենքներով էլ «կարեւորում» են կրթական համակարգը՝ իրականում գրեթե ոչինչ չանելով իրենց իսկ հռչակած դրույթների իրականացման համար։ «Յուրաքանչյուր քաղաքացի ունի կրթության իրավունք»,- հռչակում է ՀՀ Սահմանադրությունը։ Իրավունքը ունեք, իսկ հնարավորությո՞ւն։ Կամ ինչպես կարելի է հավատալ այս դրույթին՝ «միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է», եթե հենց միայն դասագրքերի դիմաց պետականորեն գումարներ են գանձում։ Ոչ պետական գանձումների մասին դեռ չենք ասում։ Քիչ թե շատ քննարկման է արժանացել ՀՀ Սահմանադրության այս կետը. «Յուրաքանչյուր քաղաքացի ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք»։ Միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների համար այս կետը վաղուց գրեթե կորցրել է իր նշանակությունը, քանի որ 7-10 անվճար տեղ է յուրաքանչյուրին հասնում։ Բուհերում մրցույթն այժմ որոշվում է ընդունելության քննությունների արդյունքներով՝ թեեւ տեսակետ կա, որ քանի որ դա Սահմանադրությամբ ամրագրված չէ, մրցույթը կարող է որոշվել նաեւ ուսումնառության ընթացքում։ Այսինքն՝ եթե անվճար համակարգ ընդունված ուսանողը լավ չի սովորում, իր տեղը պետք է զիջի վճարովի համակարգի գերազանց առաջադիմությամբ ուսանողին։ Սակայն այս մոտեցումը պաշտպանություն չգտավ ու սահմանադրական փոփոխություններ նախաձեռնողների ուշադրությունը եւս հաստատ չի գրավի։ Ու քանի որ մեր պետությունը նույնիսկ իր ընդունած օրենքների նկատմամբ խիստ անտարբեր վերաբերմունք ունի, նույն անտարբերությամբ ու պատասխանատվության գիտակցության բացակայությամբ էլ միանում է միջազգային պայմանագրերին ու հռչակագրերին՝ ամենեւին չմտահոգվելով դրանց պահանջների կատարմամբ։ «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության բնագավառում խտրականության դեմ», «Տեխնիկական եւ մասնագիտական կրթության մասին» եւ կրթական բովանդակությամբ այլ միջազգային կոնվենցիաները մեզ համար հիմնականում ոչինչ չպարտավորեցնող, հռչակագրային փաստաթղթեր են։ Համոզվելու համար բավական է նույնիսկ թռուցիկ ծանոթությունը դրանց հետ։ Միջազգային հանրությունն էլ առանձնապես մտահոգված չէ այս կոնվենցիաների պահանջների կատարմամբ՝ առավել հետաքրքրվելով «Եհովայի վկաների» գրանցման, մահապատժի վերացման, հոմոսեքսուալիստների իրավունքների պաշտպանության եւ այլ խիստ հրատապ ու կարեւոր թեմաներով։ Ու պե՞տք է արդյոք այսքանից հետո զարմանալ, որ տարվա կեսին ՀՀ կառավարությունը հանկարծ որոշում է այս տարին ճանաչել Երեխաների իրավունքների պաշտպանության տարի։ Միեւնույն է, դա միայն հայտարարություն է, իսկ երեխաների համար կոնկրետ ինչ-որ ծրագրերի, բարենպաստ քայլերի, շոշափելի ու տեսանելի օգնության մասին դեռ ոչինչ չի հայտարարվել։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել