ԷԼԻ «ՈՍԿԻ», ԷԼԻ «ԱՐԾԱԹ» ԵՎ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐ Սալոնիկում Հայաստանի երիտասարդ ծանրորդների հաղթարշավը շարունակվում է Ճիշտ է, 69 կգ քաշային կարգում Արտակ Բարսեղյանն անհաջողության մատնվեց, սակայն դրա դիմաց հաջորդ օրը նրա թիմակիցներ Գեւորգ Դավթյանը եւ Գեւորգ Ալեքսանյանը «վրեժխնդիր» եղան՝ 77 կգ քաշային կարգում նվաճելով աշխարհի երիտասարդական առաջնության «ոսկին» եւ «արծաթը»։ Հատկապես փայլուն էին Գեւորգ Դավթյանի մրցելույթները։ Պոկում վարժությունում նա սկսեց 145,0 կիլոգրամից։ Այնուհետեւ, հաջորդ երկու մոտեցումներում, շնորհաշատ երիտասարդը ծանրաձողի քաշն ավելացրեց հինգական կիլոգրամով եւ 155,0 արդյունքով նվաճեց «փոքր» ոսկե մեդալը։ Նույն արդյունքը ցույց տվեցին եւս երեք ծանրորդներ, այդ թվում նաեւ Գեւորգ Ալեքսանյանը։ Բայց քանի որ նա անձնական քաշով ավելի ծանր էր մյուսներից, այս վարժությունում բավարարվեց 4-րդ տեղով։ Անչափ սուր եւ լարված պայքար ծավալվեց հրում վարժությունում։ Գ. Դավթյանը ու հաղթողի եւս երեք հավակնորդներ առաջին մոտեցումով իրենց կամքին ենթարկեցին 180,0 կգ կշռող ծանրաձողը։ Նույն կերպ, բնականաբար, չէր կարող վարվել Գ. Ալեքսանյանը։ Նա իր առաջին ու հաջող մոտեցումը սկսեց 182,5 կգ-ից, որը, ինչպես պարզվեց հետագայում, դարձավ նրա միակ հաջող փորձը հրումում (դրանից հետո 190,0 կգ-ին երկու մոտեցումները չստացվեցին)։ Բայց այդ քաշը խառնեց բոլորի խաղաթղթերը։ Վստահ էր զգում միայն Գ. Դավթյանը։ Նա երկրորդ մոտեցմամբ հնազանդեցրեց 185,0 կգ-ն, այնուհետեւ՝ նաեւ 187,5-ը՝ փոքր «ոսկի» նվաճելով նաեւ այս մրցաձեւում։ Իսկ ահա կորեացի, թուրք, ռումինացի, լեհ, գերմանացի եւ ռուս մրցակիցները մեկը մյուսի ետեւից տապալվեցին՝ չկատարելով այլեւս ոչ մի հաջող մոտեցում։ Ի վերջո, երկամարտում աշխարհի երիտասարդների չեմպիոնի պատվանդանին բարձրացավ Գեւորգ Դավթյանը՝ երկամարտի 342,5 (155,0+187,5) կգ արդյունքով։ Այնուհետեւ հաղորդավար մրցավարը պատվո պատվանդանի 2-րդ աստիճանին բարձրանալ հրավիրեց Գեւորգ Ալեքսանյանին՝ 337,5 (155,0+182,5)։ Եվ երբ բրոնզե մեդալին արժանացած Թուրքիայի ներկայացուցիչ Իզեթ Ինսեն նույնպես բարձրացավ պատվանդան, այն ժամանակ հնչեց Հայաստանի օրհներգը։ Ուրախալի է, որ Գեւորգ Դավթյանի անվանակից Ալեքսանյանը իր մեջ կամքի ուժ գտավ եւ երկու արծաթե մեդալ նվաճեց հրումում եւ երկամարտում։ Այսպիսով, 4 քաշային կարգերի պայքարից հետո ընդհանուր առմամբ վաստակելով երկու «ոսկի», երկու «արծաթ» եւ մեկ «բրոնզ»՝ Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային պայքարում վստահորեն ընթանում է առաջին տեղում։ Երեկ 85 կգ քաշայինների պայքարի օրն էր։ Հայաստանի հավաքականն այստեղ նույնպես ուներ երկու մասնակից՝ Գեղամ Աթոյանը եւ Ռուդոլֆ Նամալյանը։ Մինչ այդ Հայաստանի բոլոր ծանրորդները, ըստ նախորդ մրցումներում իրենց ցույց տված արդյունքների, ունեին բարձր վարկանիշ եւ ընդգրկված էին «A»՝ ուժեղների խմբում։ Ուստի, պայքարի մեջ ներգրավվում էին ուշ ժամերի, երբ Երեւանում արդեն գիշեր էր լինում։ Միայն 85 կգ քաշային կարգում է, որ Գեղամ Աթոյանը հանդես էր գալիս «B» խմբում։ Նա երկամարտում ցույց տվեց 342,5 կգ (155,0+187,5)՝ նույնքան, որքան Գեւորգ Դավթյանը։ Ճիշտ է, այս ցուցանիշով մեդալ չես նվաճի։ Սակայն իր խոսքը դեռ չէր ասել Ռուդոլֆ Նամալյանը։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ